Կամուրջ Աստծո եւ գյուղնախարարության միջև

Կամուրջ Աստծո եւ գյուղնախարարության միջև
Հարցազրույց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ քաղխորհրդի անդամ Խաչիկ Հարությունյանի հետ



 



- Պարոն Հարությունյան, հատկապես վերջին շրջանում գյուղացիների կողմից բողոքի ալիք է բարձրացել իրենց տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքների հետ կապված: Մասնավորապես «Հայգյուղփոխբանկի» տրամադրած վարկերի: Դուք տեղյա՞կ եք այդ խնդրին եւ ի՞նչ եք նախաձեռնում այդ ուղղությամբ:



- Գյուղացին առանց ֆինանսական միջոցների չի կարող սկսել գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Այսինքն հենց գարնան սկզբից գյուղացուն փող է անհրաժեշտ, եւ, չունենալով ազատ միջոցներ, նա՝ ուզած-չուզած, գնում է բանկ՝ վարկ վերցնելու: Ցավոք, մեր երկրում այսօր գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները բավականին բարձր են, եւ գյուղացին, վերցնելով այդ վարկերը, սկզբից կարողանում է սկսել աշխատանքները, բայց հետագայում դժվարությունների առաջ է կանգնում` այն մարելու ընթացքում: Մենք այսօր փաստեր ունենք, որ տարբեր շրջաններում, տարբեր մարզերում գյուղացիները հայտնվել են բավականին բարդ վիճակում: Նրանք գրավադրել են իրենց ունեցվածքը՝ բնակարանը, մեքենան, հողերը, անասունները եւ կանգնած են դրանք կորցնելու վտանգի առաջ:



- Որպես ոլորտի պատասխանատու, ինչ-որ ձեւով փորձե՞լ եք աջակցել գյուղացուն, բարձրացնել հարցը:



- Հարցը բազմաթիվ անգամներ բարձրացվել է մեր կողմից ԱԺ-ում, մեր քննարկումների ժամանակ, ԱԺ հարցուպատասխանների ժամանակ: Ցավոք, պատշաճ լուծումներ մինչեւ հիմա չեն գտնվել, բայց կարող եմ մի հուսադրող փաստ ներկայացնել: Մարտի 12-ին Ծաղկաձորում` հանրապետության նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ բարձրացվեց նաեւ այս հարցը, ինչպես  նաեւ միանվագ սուբսիդիաների, պարարտանյութերի, թունաքիմիկատների, սերմացուների մատչելիության խնդիրները: Հանրապետության նախագահը եւս համաձայնեց այն իրողության հետ, որ տոկոսներն իսկապես բարձր են, եւ վարկերը մատչելի չեն: Հանձնարարեց համապատասխան կառույցներին՝ մշակել եւ ծրագիր ներկայացնել  վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով:



Որոշակի տարածքներում դա շուտով իրականություն կդառնա: Կենտրոնական բանկի նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ նա նույնպես մտահոգություն եւ հույս հայտնեց, որ առաջիկայում կարող ենք լուծել այս խնդիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջազգային ֆինանսական կառույցների հետ՝ որոշակի գումար հատկացնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա մատչելի տոկոսադրույքներով վարկեր տրամադրել: Ես հուսով եմ, որ գոնե առաջիկայում, չեմ ուզում նշել քանի տոկոսով, բայց գյուղացիներին մատչելի վարկեր կտրամադրվեն:



- Ձեր նշած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը նաեւ շատ խիստ գնահատական տվեց գյուղատնտեսության ոլորտին: Հանձնարարեց շրջել գյուղառգյուղ եւ ծանոթանալ իրավիճակին: Ինչպե՞ս եք պատրաստվում իրականացնել  նախագահի հանձնարարականը:



- Ասեմ, որ ԱԺ մեր հանձնաժողովի դերը, ցավոք, այդքան մեծ չէ գյուղատնտեսության զարգացման ոլորտում, որքան կառավարությանը եւ նախարարությանը: Սակայն մեր հանձնաժողովը կազմավորման օրվանից մեծ ուշադրություն է դարձրել գյուղատնտեսության խնդիրներին: Մենք մշտապես այցելում ենք մարզեր, գյուղեր՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին: Այդ հանդիպումներից հետո բազմաթիվ առաջարկություններ ենք ներկայացրել: Բառացիորեն վերջերս ես գյուղնախարարի հետ եղա Տավուշի մարզում...: Եթե գումարներ տրամադրվեն գյուղացիներին, կտրուկ կբարձրանան նաեւ հողօգտագործման ծավալները՝ մանավանդ լեռնային եւ բարձրլեռնային շրջաններում:



- Վերջերս գյուղնախարարությունը հանդես եկավ հետաքրքիր նորամուծությամբ՝ պատրաստվում է քահանա հրավիրել, որ արտերը օրհնի: Ձեր կարծիքով՝ դրանից գյուղատնտեսության արդյունավետությունը կբարձրանա՞:



- Եթե ավելի լուրջ, ապա գյուղատնտեսությունն ուղղակիորեն կապված է բնակլիմայական պայմանների հետ, իսկ ընդհանրապես գուղնախարարությունում երեւի կարծում են, որ այս ամենը ինչ-որ կերպ կապված է նաեւ Աստծո հետ, եւ փորձում են Աստծո եւ գյուղատնտեսության միջեւ կամուրջ ստեղծել: Միգուցե դա եւս օգնի: Եթե Աստծո միջամտությունը լինի, կարծում եմ՝ մեր գործերը գյուղատնտեսության ոլորտում ավելի կստացվեն:



- Պարոն Հարությունյան, Դուք նաեւ ՕԵԿ հիմնադիր անդամ եք: Ակնհայտ է, որ այսօր ՕԵԿ-ը համարվում է հեղինակությունը կորցրած եւ հետեւաբար կորցրել է նաեւ իր ընտրազանգվածը: Ինչպե՞ս եք պատրաստվում առաջիկա ընտրություններին:



- Ես, մեր կուսակցության պատգամավորները եւ Արթուր Բաղդասարյանը բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ մեր կուսակցությունը հիմնադրման օրվանից աշխատում է: Մեզ համար նշանակություն չունի՝ ընտրություններ են, թե չէ: Այսինքն մեր աշխատանքն անընդհատ է: Ասեմ ավելին, ՕԵԿ-ն այն հազվադեպ կուսակցություններից է, որ միշտ է պատրաստ ընտրություններին: Եթե ՕԵԿ-ը հեղինակությունը կորցրած կուսակցություն է, այդ ինչո՞ւ ենք մենք դարձել թիրախ ոմանց համար: Դա նշանակում է, որ նրանք մտահոգված են մեր հաջողություններով ու վարկանիշով: Մենք գիտենք, որ 2008-ի ընտրություններից հետո «Օրինաց երկիրը» վարկանիշի կորուստ ունեցավ: Բայց այս 2-3 տարիների ընթացքում մեծ հետեւողական աշխատանքի շնորհիվ մեր շարքերն ավելի ամրապնդվեցին, իսկ վարկանիշը դինամիկ բարձրանում է:



- Այլ ելք չունե՞ր ՕԵԿ-ը 2008-ի նախագահական ընտրություններից հետո, քան իշխանությունների կողքը կանգնելը:



- Ուղղակի մենք իրավիճակը շատ ավելի սթափ գնահատեցինք:



- Ի օգուտ ՕԵԿ-ի՞:



- Ի օգուտ մեր երկրի կայունության եւ խաղաղության: Մենք այդ քայլին գնալով՝ քաջ գիտակցում էինք, որ վարկանիշի կորուստ ենք ունենալու, բայց  նախընտրեցինք ունենալ վարկանիշի կորուստ, քան գնալ արկածախնդրության ճանապարհով:



- Այսինքն այն, ինչ հիմա անում է ընդդիմությունը, Դուք արկածախնդրությո՞ւն եք համարում:



- Բացարձակապես ոչ: Արկածախնդրությունը դրա հետ ոչ մի կապ չունի: Արկածախնդրություն ասելով՝ ես նկատի ունեմ բախումները, այն ողբերգական ու անդառնալի զարգացումները, որոնք կարող էին տեղի ունենալ:



- Վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից սկսեցիք գրասենյակներ բացել: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ժամանակավոր ակտիվությունը, մանավանդ մամուլում հրապարակումներ եղան, որ այդ գրասենյակների պատճառով ՕԵԿ-ը բավական պարտքեր է կուտակել:



- ՕԵԿ-ը պարտքեր չունի, ՕԵԿ-ի շարքերում հազարավոր մարդիկ կան, ովքեր թե ֆինանսապես, թե բարոյապես եւ թե ամենօրյա  կազմակերպչական աշխատանքով  կուսակցության կողքին են: Վերջին շրջանում, ինչքան ընտրությունները մոտենում են, մամուլն այնքան ավելի շատ է խոսում «Օրինաց երկրի» եւ Արթուր Բաղդասարյանի մասին: Ցավոք, դրանք չար երանգներ են պարունակում, երեւի թե ՕԵԿ-ի ակտիվացումը եւ նրա կշռի օր օրի ավելացումը որոշ քաղաքական շրջանակների կամ քաղաքական գործիչների անհանգստացնում է, եւ նրանք փորձում են ոչ կոռեկտ պայքարի միջոցով, կեղծ հրապարակումներով, հերյուրանքներով սեւացնել «Օրինաց երկիրը», մեր գործը եւ Արթուր Բաղդասարյանին:



- Առաջիկա ընտրություններին ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ նույն ցուցակո՞վ է գնալու՝ ըստ կոալիցիոն նոր հուշագրի:



- Կոալիցիոն հուշագիրը ցուցակներին չի վերաբերում, այլ միասնական ծրագրերին: Իսկ ընտրություններին կմասնակցենք առանձին ցուցակով, դրա մասին մեկ անգամ չէ, որ ասել ենք: Ի հեճուկս մեր ընդդիմախոսների ցանկությունների, մենք ունենք մեր վարկանիշը, ընտրազանգվածը, ռեսուրսները, որոնք մեզ բավարարում են, իսկ ժամանակի ընթացքում՝ ընտրությունների շեմին, դրանք ավելի են մեծանալու, ինչը եւ ապահովելու է մեր ծանրակշիռ ներկայությունն ապագա խորհրդարանում: