Մեր հզոր ապագան

Մեր հզոր ապագան
Օրերս, ասում են, ինչ-որ թազա կուսակցություն է ստեղծվել` «Հզոր ապագա»: «Հզոր հայրենիք» լսել էինք, «Արժանապատիվ ապագա» էլ գիտեինք: Հիմա էլ դրանց միջին թվաբանականը կամ, ժամանակակից լեզվով` միքսը` «Հզոր ապագա»:



Ասում են, ընդամենը յոթ անդամ ունի, դե ինչ անենք, եթե յոթն էլ կառուցվածքով Առնոլդ Շվարցնեգերին հիշեցնեն, կարող է եւ հզոր ապագան կայանա...



Բանն այն է, որ առանձնապես հզոր անցյալ չենք ունեցել, եթե, իհարկե, հիշողություններիս մեջ չփորփրենք Տիգրան Մեծի աղոտ ժամանակները: Իսկ հզոր ներկա... ինչպես անում են` no comment: Միգուցե «Հզոր ապագան» դառնա այն ուժը, որը վերջապես կհուշի, թե ինչպես կասեցնել գնաճը, բարձրացնել բերքատվությունը, ազգի շահերից բխող օրենքներ մշակել, պայքարել կոռուպցիայի դեմ, ջրային ռեսուրսների կորուստը 85-90 տոկոսից հասցնել գոնե 60-65 տոկոսի, մի խոսքով` օրեցօր խորացող «բեսպրեդելի» դեմն առնի: Միգուցե նաեւ «Հզոր ապագան» հենց այն հենքը կլինի, ի դեմս որի՝ Արեւմուտքը վերջապես կտեսնի երկրում հեղաշրջում իրականացնողին, այսինքն կդառնա մեր յուրովի «հինգերորդ շարասյունը»: Եվ այն, ինչը հաջողությամբ իրականացվեց Իրաքում, գրեթե չհաջողվեց իրականացնել Աֆղանստանում եւ հիմա էլ կարծես թե իրականացվում է Լիբիայում, այն է` ներքին ուժերի միջոցով խժդժություն սկսել, հասցնել մինչեւ քաղաքացիական պատերազմի իրավիճակի, հետո էլ ապստամբ ուժերին սատարելու պատրվակով հարձակվել անկախ պետության վրա, շուտով կիրականացվի նաեւ Հայաստանում:



Տեսեք, թե ինչ հեռանկարներ են բացվում Հայաստանում նոր կուսակցությունների համար: Դրանից ոգեւորված, միգուցե նորանոր կուսակցություններ էլ բացվեն. ինչքան ասես, դեռ չօգտագործված բառակապակցություններ կան, լավ էլ հնչում են, ասենք՝ «Փոքրիկ իշխան», «Մի ուրիշ ձեւի բարգավաճ երկիր», «Կատաղած հայրենիք», «Վերջին մոհիկաններ», «Հացի խնդիր»: Ընդ որում, վերջին բառակապակցությունն իր համապատասխան առաքելությամբ մեր երկրում, երեւի թե, գնալով արդիական դառնա: Մնում է միայն, որ մեր հանրապետությունում դեռ այդքան մարդ մնա, որ համալրի այդքան նորաբաց կուսակցությունների շարքերը:



 



Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ