Կարմիր կովը կաշին չի փոխի

Կարմիր կովը կաշին չի փոխի
Երեւանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց կողմից ոստիկանության գործունեության ոլորտում մշակված բարեփոխումների 11 կետանոց մի վարդագույն ծրագիր:



Այն հաջող իրականացնելու դեպքում համակարգը պետք է որ մաքրվի ոչ արհեստավարժ ծառայողներից, ինչպես նաեւ, ըստ Օսիկյանի, արդյունքը պետք է լինի այն, որ քաղաքացիները զգան իրենց ավելի անվտանգ եւ վստահեն ոստիկանությանը։ Ծրագիրն առաջին հայացքից այնքան իդեալական է թվում, որ քիչ է մնում հավատալ, որ շուտով՝ մինչեւ 2011-ի ավարտը, մենք կունենանք կարգապահ, համապատասխան գիտելիքներով զինված, բարեկիրթ, նոր համազգեստով ոստիկաններ: Սակայն, տեսնելով մեր ոստիկանների այսօրվա գործելաոճը, մի տեսակ դժվար է հավատալ այդ բարեփոխումներին: Հակառակ դեպքում, համակարգի ծառայողների կեսից ավելին պետք է հրաժեշտ տա աշխատանքին:



Ասենք՝ որքան էլ փոխեն Բազազի համազգեստը կամ ձեռքը համապատասխան ցուցումներով ուղեցույց տան, մեկ է, նա մնալու է նույնը: Դժվար թե նա փոխվի, նրա հոգեբանությունը եւ վարքագիծը, որով հայտնի է բոլորին: Հետաքրքիրն այն էր, որ Օսիկյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել լրագրողների այն բոլոր հարցերին, որոնք չէին վերաբերում «վարդագույն ծրագրին»: Լրագրողները փոխոստիկանապետից մասնավորապես հետաքրքրվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործից, Արմավիրի ոստիկանապետի կողմից ծեծված քաղաքապետի թեկնածուներից մեկի, ինչպես նաեւ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու ոստիկանների արգելքների մասին, սակայն այս բոլոր հարցերին էլ Օսիկյանը պատասխանեց. «Այդ հարցերը բարեփոխումների հետ կապ չունեն։ Ձեր նշած հարցերի հետ կապված՝ ոստիկանությունն ունի իր հստակ դիրքորոշումը, կարող եք դիմել մեր լրատվության ծառայությանը»: Նա անգամ հրաժարվեց նշված հարցերի շուրջ անձնական տեսակետ հայտնել՝ պատճառաբանելով, թե դրա իրավունքը չունի: