Տկլոր պայքար է աթոռի համար

Տկլոր պայքար է աթոռի համար
Հայ հասարակությունը բավականին բուռն է արձագանքում ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հարաբերություններին:



Իրական եւ արմատական ընդդիմության թեման հասարակության լայն շրջանակների համար առավել առաջնային է դարձել, քան ժողովրդի, մեղմ ասած՝ ոչ բարվոք սոցիալական վիճակը: Իսկ սոցիալական ցանցերում քննարկումներն այնքան են թեժացել, որ վերածվել են միմյանց անձնական վիրավորանք հասցնելուն: «Facebook»-ում ձեւավորվել է մարդկանց երկու հակադիր բեւեռ՝ «լեւոնականներ եւ րաֆֆիականներ», որոնցից  յուրաքանչյուրը ջանք չի խնայում ապացուցել, որ հենց իր «պաշտպանյալն» է իսկական ընդդիմություն ձեւավորողը: Մայրաքաղաքի փողոցներում մեր հարցումները ցույց տվեցին, որ չնայած մարդիկ անտարբեր չեն վերջին ներքաղաքական զարգացումներին, այնուամենայնիվ շատերին առավել քան մտահոգում է իրենց սոցիալական «ծայրահեղ խայտառակ» վիճակը: Այդուհանդերձ, «ո՞ր ուժին են համարում իրական ընդդիմություն, որի հետ կարող են հույսեր կապել» մեր հարցին քաղաքացիների ընդհանրական պատասխանն այսպիսին է. «Հայաստանում էսօր ընդդիմություն չկա»: Մի քանի պատասխաններ՝ առանց մեկնաբանության:



Ռազմիկ, 52 տարեկան, աշխատում է պետական համակարգում - Ընդդիմություն Հայաստանում չկա, դա խաղ է, դրանք ընդդիմություն են խաղում: Հանրահավաքների չեմ մասնակցում, դրանցից օգուտ չկա: ...Րաֆֆի Հովհաննիսյանի արարքն էլ մարդկային տեսանկյունից  դրական եմ գնահատում: Էդ մարդը ճարահատյալ էր, ուրիշ բան չէր կարող անել:



Նարինե, 20 տարեկան, ուսանող - Այսօր ՀԱԿ-ին այլընտրանք չկա, եթե Հայաստանում կա մի ընդդիմություն, էդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Ինչի՞ է այդքան մարդ հավաքվում հենց նրա հանրահավաքներին, թող ուրիշներն էլ կարողանան այդքան մարդ հավաքել: Ուրեմն նա մի բան ներկայացնում է իրենից: Իսկ Րաֆֆին փրփուրներից է կախվել:



Նորայր, 45 տարեկան, չի աշխատում - Ի՞նչ ընդդիմություն, Հայաստանում էդ կա՞... Էսօր համենայնդեպս Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի է նման «ընդդիմության» հասկացողությանը, քան Լեւոնն ու լեւոնականները: Ընդհանրապես լեւոնականներն ընդդիմության արգելակ են, իրենք արգելակում են ընդդիմության ձեւավորումը: Եթե Լեւոնը հանդես չգար, գնում էր ընդդիմության ձեւավորման նորմալ պրոցես, նույն «Ժառանգությունը» կամ Արթուր Բաղդասարյանը... ճիշտ է, դժվարությամբ, բայց ընդդիմության ձեւավորում էր գնում: Լեւոնը եկավ, էս սաղ խառնեց իրար, որովհետեւ ինքը ընդդիմություն չի: Տկլոր պայքար է աթոռի համար, թեկուզ չառաջադրվի որպես նախագահի թեկնածու... Պայքար է իր դիրքերի համար, պարզ երեւում է: Իրականում դա հակաընդդիմություն է, ինչպես ժամանակին նա երկիրն է հետ գցել դեմոկրատիայի տեսակետից: Հա, թող ասեն Րաֆֆու արածն անկարող երեւույթ ա, թույլ ա, բայց դա առողջ երեւույթ է: Ընդհանրապես, առողջ ընդդիմությունը մի բան է, որն արտահայտում է ժողովրդի քաղաքացիական մակարդակը, որն ի դեպ՝ շատ ցածր է մեզ մոտ: Ժողովուրդը չպիտի ոչ մեկին վստահի, պետք է փոքր քայլերով շարժվի քաղաքացիական նորմալ մակարդակի, որպեսզի հասկանա, թե որտեղ են իրեն խաբում, որտեղ են զբաղված, ասենք՝ զուտ պոպուլիզմով, պիտի հասկանա՝ որ մարդը մի բան հայտարարում է (ունի ծրագիր, թե ոչ՝ դա դեռ մի կողմ թողնենք), արդյո՞ք դա ռեալ բան է, թե՞ ուղղակի ցանկություն:



Հենրիկ Ավետիքյան, 58 տարեկան, տաքսու վարորդ - Ընդդիմություն բացարձակ չկա: Ոչ Լեւոնն ա իմ աչքի լույսը, ոչ էլ մյուսները: Լեւոն Տեր-Պետրոսյանին մենք արդեն տեսել ենք... Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մարդ ա էլի, քայլ ա՝ անում ա: Ես միշտ էլ ասել եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ արեց, որ թողեց-եկավ ստեղ, մտածում էր մի բանի հասնելու ա, հիմա էլ էդ խելքին ա: Բայց ոչ մի բանի չի հասնի: Հա, թող նստի ընդեղ, ո՞վ ա նրան մարդու տեղ դնելու: Կնստի, հետո էլ կգնա իրա տուն: Մեր ժողովուրդը ոչ մեկի հետ հույսեր չպիտի կապի: Մեզ մի բան կփրկի՝ գնանք ծովն ընկնենք ու խեղդվենք: Մարդիկ խելք չունեն, դրա համար էլ գնում են հանրահավաքների: Գիտե՞ս ընդեղ ովքեր են գնում, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ պաշտոն են ունեցել, եւ նրանց բարեկամները, հարազատները, մի քանի հատ էլ բիձա-միձա: Ես հո խելքս հացի հետ չե՞մ կերել, որ գնամ Լեւոնին լսեմ, նա ո՞վ է եղել ընդհանրապես: Հիմա էլ երեւում ա, որ ծախվել ա...



Ուսուցչուհի (չցանկացավ ներկայանալ), 50-55 տարեկան - Էդ որ կոմունիստների ժամանակ ընդդիմություն չկար, վա՞տ էինք ապրում, ավելի լավ, քան այսօր: Այսօրվա բոլոր կուսակցությունները սուտ հեքիաթ են: Միակ գործող կուսակցությունը նախագահի կուսակցությունն է՝ Հանրապետականը:



Սարգիս Խաչատրյան, 86 տարեկան - Լեւոն Տեր-Պետրոսյանն Ամերիկայի ու հրեաների շպիոնն է: Նա ի՞նչ ընդդիմություն, ինքն էս երկրի ավերողն է: Րաֆֆի Հովհաննիսյանի քայլն էլ ծայրահեղ միջոց է, որ մարդիկ դիմում են: Էս երկրում իրական ընդդիմությունը կոմունիստներն են: