Իմ գիշերը ձեր գիշերից լավ է անցել

Իմ գիշերը ձեր գիշերից լավ է անցել
Նախորդ օրը բաց երկնքի ու անձրեւի տակ գիշերած «Ժառանգության» առաջնորդն արդեն իններորդ օրն է հացադուլի մեջ: Երեկ, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է անցկացրել գիշերը (քանի որ ամբողջ գիշեր անձրեւ էր գալիս), ժպտալով պատասխանեց. «Իմ գիշերը ձեր գիշերից ավելի լավ է անցել»:



Նախորդ գիշերվա տեղատարափ անձրեւից հետո, արդեն առավոտյան ոստիկանները թույլատրել են անձրեւանոց տեղադրել, այն էլ մի պայմանով՝ անձրեւը դադարելուց հետո պետք է հավաքեն այն: Անձրեւանոց տեղադրելու թույլտվությունը «Ժառանգության» պատգամավորները մի կերպ են ստացել: Մարտի 22-ին Անահիտ Բախշյանն ու Լարիսա Ալավերդյանն անձամբ են գնացել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մոտ՝ իրենց հետ տանելով մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը: Տեղում պարզվել է, որ Ալիկ Սարգսյանն իբր նոր է հարցին ծանոթանում եւ, լսելով պատգամավորների ներկայացրած խնդիրները, խնդրել է մինչեւ երեկո ժամանակ տրամադրել իրեն: Ուշ երեկոյան արդեն թույլ են տվել գազի տաքացուցիչ տեղադրել, հետո նոր միայն երեկ առավոտյան, ժամը 11-ի սահմաններում թույլատրել են անձրեւանոցը:



Իսկ վրան տեղադրելու մասին պատկան մարմինները լսել անգամ չեն ուզում: «Վրան տեղադրելը բացառվում է»,- ասել էր Ալիկ Սարգսյանը: «Ակնհայտ է, որ ինքը չի որոշողը: Այս 8 օրերի ընթացքում ակնհայտ դարձավ, որ որեւէ բան ոստիկանությունն ինքը չի որոշում: Հրահանգը գալիս է անմիջապես նախագահից, որովհետեւ ոստիկանապետը մի հատ անձրեւանոցի հարցը 10-12 ժամ էլ ո՞ւմ հետ պետք է քննարկի: Այլեւս գործող նախագահը թող ոչ ոքի չքննադատի, ոչ մեկին չասի զզվելի կամ որեւէ ոստիկանի՝ անբարոյական, քանի որ նրանք բոլորն անխտիր հրահանգ են կատարում»,-ասաց Անահիտ Բախշյանը: Ի դեպ, ոստիկանները մշտապես ներկա են Ազատության հրապարակում: Երեք ավտոմեքենա մշտապես կանգնած է հրապարակում, եւ, տիկին Բախշյանի խոսքերով, այդ մեքենաների միջից քաղաքացիական հագուստով ոստիկանները շարունակ հետեւում են իրենց յուրաքանչյուր քայլին եւ լսում բոլոր խոսակցությունները: Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին:



Նրան ամեն օր, օրը մի քանի անգամ այցելում են շտապ օգնության եւ 4-րդ պոլիկլինիկայի բժիշկները: Տիկին Բախշյանի խոսքով՝ Հովհաննիսյանն առողջության հետ կապված որեւէ խնդիր չունի. «Չունի, որովհետեւ մարդն իր մեջ ծրագիր է դրել, իր կամքը հյուսել է այդ ծրագրով եւ մեզ բոլորիս ցույց է տալիս, որ ոչ միայն հացիվ»: Նրան օրվա ընթացքում շարունակում են այցելել քաղաքական եւ հասարակական գործիչներ, հասարակ մարդիկ: Ի դեպ, երեկ Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն:



ՀԳ - «Ժառանգության» անդամներից հետաքրքրվեցինք նաեւ, թե օրերս Տիգրան Կարապետյանի կողմից երթով Ազատության հրապարակ գալը եւ նույն ժամանակ հնչած «միացում» կոչերն արդյո՞ք նշանակում են, որ երկու ուժերի միջեւ տեղի է ունեցել միացում: «Չէ: Միացման մասին խոսք չկա: Պարզապես այդ քաղաքական ուժն իր մարդկային քայլն արեց եւ եկավ-ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանին, ուրիշ ոչինչ»,-ասաց Անահիտ Բախշյանը: