Սերժ Սարգսյանը փախչող տեսակ է, ոչ թե կրակող

Սերժ Սարգսյանը փախչող տեսակ է, ոչ թե կրակող
Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի բազմամարդ հանրահավաքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց հատկապես առանց բախումների 3 տարի բռնազավթված հրապարակ մուտք գործելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հարաբերությունների առումով:



Այս եւ այլ մեկնաբանությունների կապակցությամբ երեկ պարզաբանումներ ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նախ ընթերցեց իրենց հայտարարությունը, որից ներկայացնում ենք հատվածներ. «Իշխանությունները, համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, կարծես հույս ունեն, որ ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը: Դրա մասին է վկայում այն լայնածավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական եւ իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ լրատվամիջոցներով, ըստ որի, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ իբր սկսել է երկխոսություն, եւ առճակատման վտանգն այլեւս հաղթահարված է: Իշխանության հապաղումն այս հարցում միայն մոտեցնելու է ժողովրդի ցասման օրը:



Մենք գնալու ենք այնպիսի երկխոսության, որը ժողովրդի համար է հարցեր լուծում, այլ ոչ թե իշխանությունների…»: Լրագրողները հետաքրքրվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան-խորհրդով՝ ուղղված Տեր-Պետրոսյանի կողմից իր ծոմապահության մեկնաբանությանը, սակայն Զուրաբյանը չմեկնաբանեց: Միայն հացադուլի մասին իր թեզը ներկայացրեց. «Ես տեսականորեն կարող եմ պատասխանել, եթե որեւէ մարդ ցանկանում էր հանրությունն իր ակցիան ընկալի քաղաքական հացադուլ, ինքն ընդամենը մեկ մոգական ֆրազ պետք է արտասանի, ինքը պետք է ասի, որ ահա սա է իմ պահանջը, որ ես իմ հացադուլը կդադարեցնեմ միայն այն ժամանակ, երբ որ այս պահանջը կբավարարվի: Երբ սա ասում են, բոլորը սկսում են այն ընկալել լուրջ քաղաքական ակցիա»:



Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե Կոնգրեսը շեղվել է իր թիրախից եւ անհանդուրժողական է այլ քաղաքական ուժերի հանդեպ, Զուրաբյանը վստահեցրեց. «Հայ ազգային կոնգրեսը չի շեղվել իր թիրախից, որը ներկայիս վարչակազմն է: Գիտեք, ինձ թվում է՝ մենք շատ լուրջ գործընթացի մեջ ենք գտնվում, մեր համազգային, համաժողովրդական խնդիրն է այս իշխանություններից ազատվելը: Հայ ազգային կոնգրեսի թիրախը իշխանություններն են: Մենք աննպատակահարմար ենք գտնում որեւէ ուժի հետ, ընդդիմադիր կամ իրեն ընդդիմադիր հորջորջող, բանավեճի մեջ մտնել: Բացարձակապես նման նպատակ չունենք, մենք չենք շեղվելու մեր գործից եւ մեր թիրախից»: Ըստ նրա՝ լուծված է նաեւ ընդդիմության միավորվածության խնդիրը: Իր խոսքով՝ այն բոլոր ուժերը, որոնք գտնում են, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է հեռանա, եւ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, արդեն միավորված են. «Բոլոր նրանք, ովքեր դա նույնպես կընդունեն, իրենց համար էլ դուռը բացված է:



Մենք հասել ենք մեծ արդյունքի, մեկ տարի առաջ միայն Հայ ազգային կոնգրեսն էր այս դիրքորոշման, հիմա արդեն դրա մասին խոսում է Կարապետիչը, «Ժառանգությունը», այլ ուժեր: Սա, ես կարծում եմ՝ լուրջ արդյունք է եւ համարում եմ, որ ընդդիմությունը միավորված է, միավորված է մեկ նպատակի՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի, այս քրեաօլիգարխիկ ռեժիմի հեռացման շուրջ»: Բայց «նրան պարտադրելու համար պետք է ժողովուրդը ոտքի կանգնի ու դուրս գա փողոց: Եղել է 50 հազարանոց հանրահավաք, եղել է 100 հազարանոց հանրահավաք, չգիտեմ՝ մենք մյուս անգամ կկարողանա՞նք 200 հազարանոց հանրահավաք կազմակերպել: Համենայնդեպս բոլոր նախադրյալները դրա համար կան: Մի բան է 50 հազար մարդ դուրս բերել, այլ բան՝ 150 հազար»: Զուրաբյանի պնդմամբ՝ եթե այդքան մարդ փողոց դուրս գա, Սերժ Սարգսյանը պարզապես փախչելու է: Հարցին, թե ինչ երաշխիք ունեն, որ 200 հազարանոց հանրահավաքի վրա իշխանությունը չի կկրակի, Զուրաբյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի պրագմատիզմն է վստահություն ներշնչում, ինչը չկար նրա նախորդի դեպքում. «Քոչարյանը պատրաստ էր Քադաֆիի բախտին արժանանալ, միայն թե չգնա քաղաքական լուծումների»: