Իմ ուղեղում չի տեղավորվում, ո՞նց կարելի ա...

Իմ ուղեղում չի տեղավորվում, ո՞նց կարելի ա...
Այն, որ «Ժառանգության» պատգամավորները չեն մասնակցում Ազգային ժողովի աշխատանքներին, «Հայելի» ակումբում hանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը երեկ դրական չգնահատեց, սակայն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը ոչ միայն քաղաքական, այլեւ «մարդասիրական» տեսանկյունից անընդունելի մեխանիզմ համարեց. «Դա միակ հնարավոր միջոցը չէ հարցերի լուծման»:



««Ժառանգության պահանջները, ինչպես ընդունված կարգն է քաղաքակիրթ աշխարհում, պետք էր առաջ քաշել տրամադրված ամբիոնից՝ խորհրդարանից, իսկ հացադուլը ծայրահեղ մեթոդ է, ինչն ինձ համար անհասկանալի եւ անընդունելի տարբերակ է»,-ասաց Մանվել Բադեյանը: Նրան հակադարձեց ասուլիսի մյուս մասնակիցը՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, նշելով, որ իշխանությանը դիմել առանց պահանջների, առանց հացադուլի՝ սխալ է. «Քանի որ իշխանությունն ապացուցել է, որ ունակ չէ նորմալ քայլ կատարելու, եւ եթե քաղաքական գործիչը կամ հասարակ քաղաքացին ծայրահեղ քայլի է դիմում, դա լավ օրից չէ: Ուղղակի նա գիտի, որ իշխանությունը խուլ է, համր է, անընկալունակ է»: Բադեյանին այս ամենը հիշեցնում է «փոթորիկ մի բաժակ ջրում»:



«Ո՞վ կարող է ասել, թե այդ ի՞նչ ծայրահեղ վիճակի ենք հասել, որ ուրիշ ձեւ չկա խնդիր լուծելու: Շատ բաներ պետք է փոխվեն, ո՞վ է դա բացառում: Նախագահի ելույթները լսել եք, ավելի շեշտակի պահանջներ է դնում, քան նույնիսկ ընդդիմությունը, բացի պահանջներ դնելուց, նաեւ լուծում է պահանջում»,-ասաց հանրապետական պատգամավորը:



Մինչդեռ իշխանության գործողությունները հակառակն են ցույց տալիս. «Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ իշխանությունն իր անմարդկային դեմքը ցույց տվեց նաեւ անցած գիշեր: Չնայած ՄԻՊ արձագանքին, որ մարդու իրավունքների խախտում է վրան տեղադրելու արգելքը,  Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ գիշեր նստած է եղել հորդ անձրեւի տակ, քանի որ ոստիկանությունը թույլ չի տվել վրան տեղադրել: «Այդ քայլը ցույց է տալիս իշխանությունների բարոյական եւ քաղաքական դեմքը»: Անակնկալի գալով՝ Մ. Բադեյանն արձագանքեց, թե չգիտեր, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն 8-րդ օրը հացադուլ է անում բաց երկնքի տակ, եւ ոստիկանությունը թույլ չի տալիս ծածկ տեղադրել: «Ես հենց նոր իմացա այդ մասին... Ես դատապարտում եմ այդ փաստը:



Ես հետաքրքրվել եմ իր վիճակով, սակայն չգիտեի, որ ամբողջ գիշեր նստած է եղել անձրեւի տակ: Իմ ուղեղում չի տեղավորվում՝ ո՞նց կարելի ա, որ մարդու վրա անձրեւ է գալիս, ասեն՝ զոնտիկ մի պահի: Չեմ կարողանում դա հասկանալ, կարծում եմ՝ ով որ արգելում է զոնտիկը պահել, նա էլ է դա հասկանում...»:  Բադեյանը նաեւ խոստացավ հետամուտ լինել խնդրին: