Ստյոպա Սաֆարյանի նամակը ԱԺ նախագահին

Ստյոպա Սաֆարյանի նամակը ԱԺ նախագահին
Այսօր “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի “Ծոմ ազատության” հացադուլին առնչվող նամակ է ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև.



“Հարգելի պարոն Աբրահամյան,



Ս.թ. մարտի 21-ին` ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկի օրը, ի պատասխան ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական բողոքի վերաբերյալ վերաբերմունք արտահայտելու կապակցությամբ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկի, Դուք մասնավորապես հայտարարեցիք.  “Ասեմ, որ ես նոր եմ վերադարձել աշխատանքային այցից` Մեծ Բրիտանիայից, խոսել եմ “Ժառանգության” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ եւ փորձել եմ տեղեկանալ նպատակի մասին` թե ինչ խնդիրներ է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ կոնկրետ պատասխան չեմ ստացել”:



“Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում իրականացվող “Ծոմ Ազատության” քաղաքացիական բողոքի պատճառով Ձեր հայտարարությանը արձագանքում եմ մի քանի օր ուշացումով:



Հաստատելով մարտի 16-ի առավոտյան մեր կարճ հեռախոսազրույցը, պետք է նաեւ հիշեցնեմ, որ ի պատասխան Ձեր` “ո՞րն է պատճառը, որո՞նք են պահանջները, ի՞նչ պետք է անենք մենք” հարցերին, ես, մասնավորապես, պատասխանեցի. “Մարտի 15-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել 40 րոպեանոց հիմնավոր ելույթով, իսկ մարտի 13-ին “Ժառանգություն” կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը ընդունել է որոշում` 21 կետերով, որոնց ամբողջական տեքստերը տարածվել են ԶԼՄ-ներով: Ես չեմ կարող մի քանի րոպեի ընթացքում լիարժեք վերատադրել դրանք: Հետեւաբար, լավ կլինի, որպեսզի Դուք ծանոթանաք դրանց եւ ինքներդ որոշեք, թե ինչ պետք է արվի”:



Քանի որ մարտի 21-ի Ձեր հայտարարութամբ Դուք հաստատել եք, որ դեռեւս չեք ծանոթացել դրանց եւ տեղյակ չեք նպատակներին,  առաջադրված խնդիրներին, հարկ եմ համարում Ձեզ տրամադրել թե’ Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 15-ի ելույթի ամբողջական տեքստը, թե’ “Ժառանգություն” կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի` մարտի 13-ի որոշումը, որի 1-ին կետում ամրագրված է.



Ժառանգություն կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը հայտարարում է, որ երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ եւ երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ որոշում է` 1. Հնարավոր բոլոր եղանակներով` Ազգային ժողովի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար”: