Փոփոխության առաջին նշանները

Փոփոխության առաջին նշանները
Այն, ինչ կատարվում է Երեւանում վերջին յոթ օրերի ընթացքում, բազմաթիվ մեկնաբանություններ է ստանում: Բայց եկեք մի պահ մոռանանք քաղաքական գործիչների, քաղաքական գործարքների եւ խոսքերի մասին:



Կենտրոնանանք հաճախ արծարծվող «ժողովուրդ» երեւույթի վրա, որի անունով երդվում են, որի դիրքորոշումը մեկնաբանում են, որի անունից խոսում: Ինչպիսին է մեր ժողովուրդը: Վերջիվերջո մի՞թե սա չէ գլխավոր հարցը,  գլխավոր հայկական հարցը: Ո՞ւմ համար է այդ ամենը, ո՞ւմ համար են ցույցեր կազմակերպում, ո՞ւմ համար են հացադուլներ անում, ո՞ւմ համար են ոմանք կոչ անում հեղափոխության, ոմանք սարսափում հեղափոխությունից... Ինչպիսին է մեր ժողովուրդը՝ կարելի է խոսել երկար, եւ ոչ ոք իրավունք չունի այդ մասին խոսել իբրեւ ճշմարտություն վերջին ատյանում: Մի բան գոնե ինձ համար ակնհայտ է այս մի քանի օրերի ընթացքում: Երբ նայում եմ Ազատության հրապարակում նստած Ազգային ժողովի երեւի միակ պատգամավորի աչքերին, ով իրապես փորձում է ապրել այնպես, ինչպես ապրում է ժողովուրդը, մրսել այնպես, ինչպես մրսում է ժողովուրդը, սոված մնալ, ինչպես ժողովուրդն է սոված մնում, անօթեւան՝ այնպես, ինչպես ժողովրդի մեծ մասն է… Զարմանում եմ, որ նրա կողքով անցնում են հարյուրավոր մարդիկ, դիտելով դա որպես զվարճալի անհեթեթություն, իբրեւ շուրջը դրված փչովի ատրակցիոններից մեկը, եւս մի զվարճանք, որի հանդիսատեսն է:



Այսինքն քսան տարվա ընթացքում  ժողովրդին մասնակից-քաղաքացի կարգավիճակից իջեցրին մինչեւ հանդիսատես-սպառող կարգավիճակի: Դա երեւի ամենամեծ խնդիրն է, որն առաջացել է: Դրա հեղինակներն էլ են հայտնի, դրանց աշխատաոճը, գործելաոճը՝ նույնպես: Սակայն դա չի մտահոգում հիմա, որովհետեւ նրանք պաշտպանում են սեփական դասակարգային շարքերը, բայց որ ժողովուրդն է փոխվել, այդ է մտահոգիչ: Սա ասում եմ ոչ թե հերթական վայնասուն դնելու համար, այլ այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլ հայտարարելու վեցերորդ գիշերը (ես գերադասում եմ գիշերները մնալ ու չտեսնել ցերեկային այդ եռուզեռը) կատարվեց շատ կարեւոր եւ ոմանց համար աննկատ մի բան: ...Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ հիմա գալիս են երիտասարդները որեւէ կուսակցության չպատկանող, գալիս են կիթառներով եւ սկսում երգել նրա համար, իրենք իրենց համար: Երգում են Ռուբեն Հախվերդյան ու Կոմիտաս, Վիսոցկի ու ժողովրդական երգեր, վերջում՝ հայոց օրհներգը, եւ դա հնչում է կենդանի, անկեղծ... Դա երեւի ամենակարեւոր արդյունքն է, որին հասավ Րաֆֆի Հովհաննիսյանը:



Նա ուզում էր նստել այնքան, որ ոչ թե ժողովուրդն իրեն հավատա, այլ ինքն իրեն, իր ուժերին: Իսկ ժողովրդի ամենաանկեղծ մասը երիտասարդությունն է... Իմ խորին համոզմամբ՝ այսուհետ դառնալու է ավանդույթ, սա շատ խոշոր փոփոխության առաջին նշանն է: Այնպես որ, մեծ հույսով եւ հավատով եմ լցված սեփական ժողովրդի եւ նրա լավագույն մասի՝ երիտասարդության նկատմամբ:



Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ



կինոռեժիսոր