Ինձ վրան պետք չէ

Ինձ վրան պետք չէ
Երեկ երեկոյան մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի համար վերջապես տեղադրվեց երկար սպասված վրանը:



Մինչ այդ ՀԿ-ները նամակով դիմել էին Սերժ Սարգսյանին՝ պահանջելով իրականացնել հացադուլավորի իրավունքը, որը թույլ չեն տալիս ոստիկանները: Նամակում ՀԿ-ները նշել էին, որ եթե իշխանությունը թույլ չտա վրան տեղադրել, դա կանեն իրենք: «Մենք Սահմանադրությունն ենք պահպանում: Սահմանադրությամբ մարդն իրավունք ունի իր առողջությունը պահպանելու: Մենք օգնում ենք իրացնելու մարդու սահմանադրական իրավունքը: Իսկ այսպես Րաֆֆի Հովհաննիսյանի առողջությանը վտանգ է սպառնում»,-ասաց նախաձեռնության մասնակիցներից մեկի՝ «Սուրբ Սանդուխտ տիկնանց միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արտեմիս Ջեբեջյանը: ՀԿ-ների ներկայացուցիչները մարտական էին տրամադրված: Նրանցից մեկի խոսքով՝ իրենք պատրաստ էին անգամ ոստիկանների արգելքից հետո կրկին վրան տեղադրել. «Եթե արգելեն էլ, անընդհատ, մինչեւ լույս կդնենք: Իրենք կքանդեն՝ մենք նորից կտեղադրենք»: Ճիշտ նշանակված ժամին՝ 18:00-ին, սկսվեց վրանի տեղադրման արարողությունը, որին ջանասիրաբար լծվել էր հատկապես կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ մի քանի այլ ակտիվիստներ ու համակիրներ:



Վրանի տեղադրման ավարտն ազդարարվեց ծափահարություններով եւ «ազատ, անկախ Հայաստան» բացականչություններով: Հավաքվածները երգեցին նաեւ Հայաստանի օրհներգը: Անահիտ Բախշյանը վրանի տեղադրումը հաղթանակ համարեց, այդ կարծիքին էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով սակայն ասաց, որ իրեն այդ վրանը պետք չէ: «Ես շնորհավորում եմ քաղաքացիական հասարակությանը եւ մեր բոլոր համաքաղաքացիներին, որովհետեւ սա իմ հարցը չէ, ինձ պետք չէ այդ վրանը, սա հայ ժողովրդի եւ դեպի նոր Հայաստան գնացող մեր քաղաքացիների առաջին նվաճումն է»,-շատ կարճ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ հրաժարվեց պատասխանել որեւէ այլ հարցի: Թեեւ այդ պահին Ազատության հրապարակի տարածքում մեծ թվով ոստիկաններ կային, եւ բոլորը սրտատրոփ սպասում էին, թե երբ են նրանք մոտենալու եւ ի կատար ածելու վրանը քանդելու հրահանգը, սակայն մինչ ուշ երեկո ոստիկաններն այդպես էլ հավաքվածներին, առավել եւս վրանին չմոտեցան: Այս հանգամանքը բավական զարմանալի էր եւ անսպասելի, քանի որ կեսօրին, Անահիտ Բախշյանի փոխանցմամբ, գնդապետ Կիրակոսյանը կանչել էր իրեն եւ ասել, որ չի թողնելու տեղադրեն վրանը:



Անահիտ Բախշյանն էլ ասել էր, թե իրենք չեն տեղադրողը, ՀԿ-ներն են ձեռնարկել այդ քայլը: Կիրակոսյանն ասել է, որ բոլոր դեպքերում վրանը չի տեղադրվի: Հավաքվածները մտավախություն ունեին, որ ոստիկաններն ամեն րոպե, հատկապես գիշերը, երբ մարդիկ քիչ լինեն, կարող են գալ եւ քանդել իրենց ձեռքբերումը: «Մենք այդպիսի ապօրինի ոտնձգության արդեն հանդիպել ենք մեկ անգամ: Ոստիկանությունից ամեն ինչ սպասելի է, բայց ես կարծում եմ, որ այսպիսի բազմամարդ վայրում ոստիկանությունը երեւի թե որոշել է ձեռնպահ մնալ: Սակայն ոչինչ չենք բացառում, քանի որ ոստիկանները ղեկավարվում են մեկ կենտրոնից՝ Բաղրամյան 26-ից: Իսկ թե Բաղրամյան 26-ում ինչ տրամադրություններ կլինեն, այս պահի դրությամբ չեմ կարող ասել»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:



ՀԳ - Երեկ, վրանի տեղադրման պահին, հրապարակում էին  ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ՀԱԿ ներկայացուցիչներ Ալիկ Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը: Հետաքրքիր էր նաեւ, որ այդ ժամանակ հրապարակում անսպասելի հայտնվեց նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի ծառայողական մեքենան, որը կանգնել էր Րաֆֆի Հովհաննիսյանից մի քանի մետր հեռավորության վրա, եւ որեւէ ոստիկան նրան դիտողություն չարեց մեքենան հրապարակում կայանելու համար: Մեքենայից այդպես էլ ոչ ոք չիջավ, եւ 10-15 րոպե կանգնելուց հետո այն հեռացավ: