Օպերայի տարածքը մի վերածեք գնչուական տեսարանի

Օպերայի տարածքը մի վերածեք գնչուական տեսարանի
Եթե շարքային քաղաքացիներին թվում է, թե վրանը մի անմեղ բան է, ապա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի համար այն բավականին լուրջ «կառույց» է, որտեղ կարող են հասունանալ քաղաքական հետեւանքներով լի գործողություններ:



Այս պատճառով էլ ՀՀ ոստիկանությունը սկզբունքորեն արգելում է այն պատմական վրանի տեղադրումը, որի տակ 10 օր Ազատության հրապարակում  հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր առանց թրջվելու գիշեր լուսացնել: Անկախ ոստիկանների սկզբունքային պայքարից, երեկ վրանը տեղադրվեց: Իսկ այս պատմական իրադարձությունից ժամեր առաջ, Ալիկ Սարգսյանը կառավարությունում էր եւ լրագրողներին էր ներկայացնում այն ծանրակշիռ հիմնավորումները, որոնցով արգելվում էր վրանի տեղադրումը: Մեր հարցին, թե ինչու են «Ժառանգության» առաջնորդին թողնում անձրեւի տակ՝ խոչընդոտելով վրանի տեղադրումը, Սերգեյիչը պատասխանեց. «Անձրեւի տակ չի, նրան հատկացված է անձրեւանոցի տիպի վրան, ուղղակի խնդիրը եղել է կողքերը փակ, հիմնական տեղադրվող վրան, այդ կապակցությամբ, բնականաբար, ես առարկություններ ունեմ, իմաստ չունի»:



Այսինքն՝ վրանները լինում են շարժական եւ հիմնական: Ամեն դեպքում, հիմնական վրանի տեղադրմամբ հրապարակի ճարտարապետական տե՞սքն է խաթարվում,- հարցրինք ոստիկանապետին. «Վրանը ծառերի տակ է դրվում, նույն Օպերան իր էս տարածաշրջանով պատմամշակութային կոթող է, եւ էս տարածքը նույնպես էդ հոդվածով չի կարելի օգտագործել էս տիպի միջոցառումների համար: Ավելին՝ մենք օպերատիվ տեղեկատվություն ունենք, որ շատերը սպասում են էդ տիպի մի առիթի, եւ շուտով  Օպերայի ամբողջ տարածքը կվերածվեր գնչուական մի տեսարանի, որ պալատկեք՝ հինգ, տասը, երեսուն...»: Ընդդիմադիրներին գնչուների հետ նույնացնող ոստիկանապետը,  սակայն, առարկություն չունի ատրակցիոնների մասով: «Ես չեմ զբաղվում, դա քաղաքապետարանի խնդիրն է»,-ասում է նա: Մեր հարցին, թե  ինքը քաղաքական մասո՞վ է միայն լիազորված, պատասխանեց. «Քաղաքականի խնդիր չկա, ուղղակի էս պահին նպատակահարմար չի Օպերայի տարածքը վերածել պալատկեքի մի ամբողջ բանակի»:



Իսկ ովքեր են սպասողները, որ հրապարակը վերածեն «պալատկեքի բանակի»՝ «Ժառանգության» անդամնե՞րը, թե՞ ընդդիմադիրները, ասաց, որ երկուսն էլ: Ապա Ալիկ Սերգեյիչը խոսեց  ոստիկանության դրսեւորած բացառիկ հումանիզմի մասին. «Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերյալ կրկին ուզում եմ նշել՝ նրան հատկացված են բոլոր միջոցները, որ նրան պաշտպանեն անձրեւից եւ այլն, եւ այլն, ընդհուպ թույլատրել եմ, որպեսզի տաքացնող սարք տեղադրեն: Ամեն ինչ թույլատրվել է»:



ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Է՝ ՓԱԿ «ՊԱԼԱՏԿԱՅԻ» ՆԵՐՍՈՒՄ Է ԼԻՆՈՒՄ



Ըստ Ալիկ Սարգսյանի՝ մի բան է կողքերը բաց վրանը, այլ բան՝ դուռ-լուսամուտովը: Ըստ ոստիկանապետի՝ փակը համ քաղաքական առումով նպատակահարմար չէ, համ էլ արդարացի չէ, քանի որ հացադուլը պետք է հասարակությանը տեսանելի լինի, ոստիկանության համար՝ թափանցիկ: «Իսկ փակ պալատկայի մեջ փակվել, դռներն էլ փակել, կարծում եմ՝ դրա իմաստը չկա, ավելորդ մարդկանց համար պայմաններ ենք ստեղծում՝ խթանելու էս երեւույթը, բերեն պալատկեք խփեն ու սկսեն ապրել»: Չնայած ոստիկանապետի «հեռատեսությանը», երեկ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Անձի կողմից մեկ վրանի տեղադրումը, որպես ոչ զանգվածային հրապարակային միջոցառմանն ուղեկցող գործողություն, ինքնին չի կարող որակվել որպես հասարակական կարգի խախտում»: Ի՞նչ է մտածում այս մասին պրն ոստիկանապետը. «Ես ծանոթ եմ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, ծանոթ եմ, նորից հայտարարում եմ, թույլատրել եմ նրան այն ամենը, ինչի մասին հիմա նշեցի, բացի փակ, ընդհանուր ծածկվող պալատկա կոչվածից: Դա նույնպես վրան է, ուղղակի կողքերը բաց»: Պարզվեց՝ վրանի դեմ պայքարը Սարգսյանի քաղաքացիական կեցվածքի դրսեւորումն է. «Ես, օրինակ, որպես քաղաքացի՝ չէի ուզենա Օպերայի ամբողջ տարածքը տեսնել պալատկեքի մի սենց ամբողջ երամի մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր գործողությունները, նույնիսկ ինքը կարծեմ՝ չի բողոքում դրանից, որ դա տեսանելի լինի: Այն մնացած բոլորին, ում որ մենք սպասում ենք, նրանցից տարբերվում է իր վերաբերմունքով, իր ազնվությամբ: Նա իր հացադուլը հայտարարել է, իր նպատակներն ունի, ինքը ցույց  է տալիս եւ չի խորշում ժողովրդի աչքին երեւալուց, իսկ շատերը էս նպատակով ծածկվելու են, անպայման»:



Իսկ թե ում նկատի ունի՝ «շատեր» ասելով, ու ընդհանրապես ինչով են պայմանավորված իր վախերը «փակ պալատկեքի» առնչությամբ, անկեղծորեն խոստովանեց. «Հիմա ոչ մեկի  անունը չեմ տա, քանի որ կյանքը, պատմությունը ցույց տվեց՝ ինչ վիճակ էր որոշ ժամանակներում, երբ փակ պալատկեքը մտել էին եւ ոստիկանության համար անտեսանելի մի իրավիճակ էին ստեղծել: Նույն օպերատիվ տեսանկյունից մենք չէինք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում էդ վրանների ներսում»: Բայց անցյալի դառը հուշերը չվերապրենք.  «Ես հիմա նորից չեմ ուզում դառնալ նախկին դեպքերին, դրա նպատակն ուղղակի, իմաստը չեմ գտնում, բայց կյանքը ցույց տվեց, որ էդ վրանների ներսում կարող է ամեն ինչ կուտակված լինի: Թույլ տվեք էդ մի ինֆորմացիան ձեզ չասեմ, ինչ կլինի՞ որ»: Ապա տարաբնույթ կասկածներից մեզ ազատելու համար խորհրդավոր ժպտալով ասաց. «Ամեն դեպքում, Ձեր ենթադրածը չէ»: