Խաղը ծախված ա, սուձյան էլ` առած

Խաղը ծախված ա, սուձյան էլ` առած

Վերջին շրջանում ամենաուշագրավ գաղափարների առյուծի բաժինն ինձ տաքսիստներն են տալիս: Տուն էինք գալիս, մեկ էլ վարորդը նկատեց Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի գովազդային պաստառները Օպերայի մոտակայքում ու տաքսիստին բնորոշ պատրաստակամությամբ խոսակցություն բացեց` էս արդեն կպցնում ե՞ն պլակատները:



Հետո էլ, թե` ինչ էլ մի ռեկլամում են, մեկ ա, տարվելու են մերոնք: Նայում եմ դեմքին` որտեղի՞ց էդպիսի կանխատեսում, կարծես թե բոլոր հնարավոր լուրջ ֆուտբոլային վերլուծաբանները բավական պատկառելի են համարում մեր հավաքականի հաղթանակի հավանականությունը:



«Հայերը թիմային սպորտում միշտ էլ կրվում են, այ, բոքս ասեմ, շտանգա, բարբա՝ դրանք ուրիշ: Թե չէ թիմայինում ամեն մեկն ուզում ա իրանն անի մյուսի հաշվին»,-պնդում է ակամա ուղեկիցս: Ես չեմ ասի, թե արդեն տարիներ շարունակ մեզանում մեծ տարածում գտնող այս կարծրատիպային ձեւակերպմանն ընդհանուր առմամբ համաձայն չեմ, բայց շարունակում եմ հարցուփորձել. մտածում եմ` գուցե մարդն ինքնուրույն է հանգել այդ մտքին, ոչ թե լսել ուրիշից ու կրկնում է թութակի պես: «Վարպետ, ախր ինչո՞ւ էդպես կտրուկ, վերջին խաղերը նայե՞լ եք, ահագին կարգին խաղ են ցույց տալիս մերոնք»,-համառում եմ: «Այ ախպե՜ր,- «խորամանկորեն» աչքերն է կկոցում վարպետը,- ռուսների դեմ խաղ ե՞ս անում: Լավ էլ խաղանք, մեկ ա` խաղը ծախած ա լինելու, սուձյան էլ` առած»:



Խոսակցությունը մի քիչ էլ շարունակելուց հետո ինձ ցնցում է պարզածս, որ վարպետն ընդհանրապես ֆուտբոլ չի նայում, սկզբունքորեն տեղյակ չէ, որ մենք մեր խմբում նույնիսկ առաջատար ենք եղել, սենսացիոն հաղթանակներ ենք տարել, դասակարգման աղյուսակում մեծ թռիչքներ ենք ունեցել եւ այլն: Ինքը պարզապես գիտի իր գիտեցածն ու ասում է: Կոպտում եմ վարպետին մի թեթեւ, լուռ շարունակում ենք երթեւեկել, բայց զգում եմ` կոպտելուս իմաստը չի հասկանում:  Ես էլ մինչեւ այս պահը չէի հասկանում. կարծես ոչ մոլի ֆուտբոլասեր եմ, ոչ հավաքականում բարեկամ ունեմ, ոչ էլ ամեն գիշեր գլուխս բարձին դնելուց հայրենիքի մասին մի պահ մտածելու սովորությամբ եմ տառապում առանձնապես:



Ինձ, փաստորեն, հունից հանել էր բռի, չուգունե կարծրատիպերի օգտագործումը, սեփական ուղեղի գերեվարվելը ակամա պարտադրված կանխակալ վերաբերմունքին, սնամեջ լժեիմաստնությունը, հնարավոր լավի հանդեպ հավատի բացակայությունը, կեղծիքի առկայության մեջ աներկբա համոզվածությունը, գործընթացների անդառնալիության եւ մարդկային ու խմբային հատկանիշների անփոփոխելիության մեջ քար վստահությունը ու էս ամեն ինչի հավաքականության անառարկելիությունը` մինչեւ չկոպտես, այսինքն, մինչեւ որեւէ տեսակի ուժ չգործադրես: Ի՜նչ իմանար խեղճ տաքսիստը, որ այսպիսի դառնահամ ու բարդ-բարդ մտքերի պատճառ է դառնալու: Առավել եւս ինչ իմանար, որ իր բացած սովորական խոսակցությունը պարզունակ մարմնավորումն է լինելու այն բարոյահոգեբանական մթնոլորտի, որի մեջ մինչեւ մազի ծայրը թաթախված է մեր այսօրվա հասարակությունը:



«Մերոնք կրվելու են», «ռսի դեմ խաղ չկա», «խաղը ծախած ա»` սրանք վերոշարադրյալ վերաբերմունքներով պռնկեպռունկ լի կարծրատիպեր են, որոնք, ըստ էության, համարժեք են «շուն թուրք», «դավաճան հայր, ուրացող մայր», «ճիշտը մի հատ ա», «ավլել ես` էլի պտի ավլես», «Սեւակը թույն բանաստեղծ ա», «Րաֆֆին փուչիկ ա», «Րաֆֆին թունդ հայրենասեր ա», «Լեւոնը միակ փրկությունն ա», «Լեւոնը ծախված ա» եւ նմանատիպ այլ ձեւակերպումներին:



Մոլի բարոյախոսի տպավորություն չեմ ուզում թողնել, բայց այս հասարակության առանձին շերտեր, առավելապես` քաղաքականացված, բազմաթիվ գործոններով պայմանավորված իրենց սուբյեկտիվիզմն այնքան են հղկել ու բյուրեղացրել ժամանակի ընթացքում, որ այն համարում են միակ ճշմարտացի մոտեցումը ու ցանկացած գործընթաց դիտարկում են հատկապես այդ բյուրեղի պրիզմայով:



Ուժեղ, թե թույլ մարդու քայլ է ինքնասպանությունը. այս հարցի պատասխանն այս հասարակությունում առավելապես կախված է նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ունեիր դու ինքնասպանություն գործած մարդու հանդեպ: Ինչո՞ւ Լեւոնը չբարեւեց Րաֆֆիին. այս հարցի պատասխանն առավելապես կախված է նրանից, թե դու ինչպես ես սովոր անվանել Լեւոնին` «պապի՞», թե՞, ներողություն, «քյոռ»: «Լեւոնը լավ ելույթ ունեցավ» եւ «Լեւոնը տուֆտեց» արտահայտությունները վերաբերում են Տեր-Պետրոսյանի նույն ելույթին: Գուցե շատ եմ պրիմիտիվացնում, բայց ես մի անգամ չտեսա, որ առաջին ձեւակերպումը հանկարծ օգտագործի նրան «քյոռ» ասողը, իսկ երկրորդն օգտագործի նրան «պապի» ասողը, չէ՞ որ ցանկացած երեւույթի մեջ կարելի է ռացիոնալիզմի էլեմենտ գտնել (նաեւ` ընդհակառակը), եթե դու ինքդ հակված ես փնտրելու: Ի վերջո, բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ:



Ասել կուզեմ` նկատե՞լ եք, որ պրոցեսները մեզանում այլեւս դադարում են նշանակություն ունենալ` լիարժեք ու անվերապահորեն իրենց տեղը զիջելով այդ պրոցեսների գործող անձանց հանդեպ մեր կապ չունի ինչ հիմնավորվածությամբ վերաբերմունքով: Ճահճի, միօրինակության, անշարժության, մահվան սիմպտոմ:



Իհարկե, կա հավանականություն, որ մերոնք կպարտվեն, կա հավանականություն, որ խաղն էլ ծախած կլինեն, բայց ես ուզում եմ հավատալ, սպասել ու նայել խաղը, որից պարզ կդառնա` պարտվո՞ւմ են մերոնք, թե՞ ոչ: Բայց եթե հանկարծ պարտվենք, ես էն տաքսիստին չեմ ուզի հանդիպել, որովհետեւ դեմքիս կնետի` տեսա՞ր, ախպեր, բա որ ասում էի՜… Ու էդ մարդուն ես չեմ կարողանա ոչինչ բացատրել: Որովհետեւ նման մարդկանց ինչ-որ բան բացատրելը շատ դժվար է, հաճախ նաեւ` անիմաստ:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ