Ու թեեւ չեմ վրացի, տարակուսած մնացի...

Ու թեեւ չեմ վրացի, տարակուսած մնացի...
Ըստ Գալուստ Սահակյանի՝ «Մինչեւ հիմա հանձնաժողովների ձեւավորման պատասխանատվությունը դրված էր խորհրդարանում ներկայացված կուսակցությունների վրա, բայց ընտրություններից հետո որեւէ քաղաքական ուժ պատասխան չի տվել ընտրական գործընթացի անցկացման համար։



Ընդամենը քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ այս կամ այն կուսակցության ներկայացուցիչն իր ստորագրությունը չի դրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման տակ` սրբացել է։ Հիմա ընտրել ենք նոր ուղի` ասում ենք, որ ԿԸՀ-ն պատասխանատու է եւ պատասխանատվություն է կրում ընտրությունների որակի համար։ Կարծում եմ՝ սա է ամենակարեւորը»։



Վայ, Գալուստ Գրիգորիչ, վայ: Հավանաբար ամեն Աստծո օր մենք դատապարտված ենք զարմանալու, փշաքաղվելու, շվարելու, ծիծաղից թուլանալու եւ այլն: Օր չի լինում, որ անցնի առանց էքսցեսների: Խենթանալիք է: Խնդրեմ` մարտի 22-ին դեռ ուշքի չէինք եկել վարչապետի` անասնապահության ոլորտի աշխատողների համար կարդացած դասախոսությունից, մարտի 23-ին արդեն Գալուստ Սահակյանն է մեզ ստիպում ուշագնաց լինել: Հապա վերընթերցեք. «Հիմա ընտրել ենք նոր ուղի` ասում ենք, որ ԿԸՀ-ն պատասխանատու է եւ պատասխանատվություն է կրում ընտրությունների որակի համար։ Կարծում եմ, սա է ամենակարեւորը»: Այո, շատ կարեւոր է, որ ԿԸՀ-ն պատասխանատու լինի եւ պատասխանատվություն կրի ընտրությունների որակի համար:



Բայց ինչո՞ւ է սույն կարեւոր բանը Գալուստ Սահակյանի համար նորություն, նոր ուղի, վՏՉօռ տցՑՖ, ռիա թազա, յենի յոլ… 13 տարվա իշխանություն ունեցող կուսակցության ներկայացուցիչը, փաստորեն, խոստովանում է, որ միայն այս իրենց հաղթած ընտրություններում ԿԸՀ-ն որեւէ պատասխանատվություն չի կրել այդ որակի համար, եւ իրենք այնքան մտահոգ են, որ ցանկանում են վերջապես այդ լուծը դնել ԿԸՀ-ի ուսերին: Եվ այս գործընթացի անունն էլ, ըստ Գրիգորիչի` «նոր ուղի ընտրել» է: ԿԸՀ նախագահ պարոն Ազարյանը հավանաբար չկարողանա մեզ նման հումորով վերաբերվել Գրիգորիչի այս հայտարարությանը, որովհետեւ դրանից հետո պարզ դարձավ, որ հասարակությունը մի շատ պարզ հարց ունի` ուղղված ԿԸՀ-ին` ինչո՞վ է զբաղված եղել ԿԸՀ-ն այս տարիներին, եթե առնվազն ընտրությունների որակի համար պատասխան չի տվել:



Միայն արդյունքների ամփոփմա՞մբ: Շատ ներողություն, այդ դեպքում ինչո՞ւ են տարբեր հանձնաժողովներից դիմում-բողոքներն ուղղվել ԿԸՀ-ին, ինչո՞ւ է ԿԸՀ-ն սրբության սրբոց պարկերը բացել ու վերահաշվարկներ արել, ինչո՞ւ է որոշ ընտրական հանձնաժողովների անդամների դեմ դատ բացել, ի՞նչ իրավունքով է պարոն Ազարյանը բոլոր ընտրությունների, այդ թվում եւ ՏԻՄ, ելույթներ ունեցել ու իր գնահատականը տվել դրանց որակին: Բացատրեք վերջապես՝ հասկանանք, թե ինչո՞ւ է ԿԸՀ-ի մեկ անդամի չհամաձայնելը եւ վերջնական արձանագրությունը չստորագրելն այդքան ցավագին ընդունվում, երբ ամբողջ աշխարհն էլ գիտի, որ հանձնաժողով ասվածն այն վայրն է, որտեղ կարող են կարծիքները չհամընկնել: Ուրեմն ԿԸՀ-ն որեւէ պատասխանատվություն ունեցել է, չէ՞:



ԿԸՀ-ն ժամը մեկ զանգահարել է, չէ՞, ընտրատարածքային հանձնաժողովներ ու ճշտել, թե ինչպես են ընթանում ընտրությունները, քանի՞ ընտրող է հաճախել, ԿԸՀ-ն է, չէ՞, հոգում, որ բոլոր հանձնաժողովներն ապահովված լինեն անհրաժեշտ գրենական պիտույքներով ու հատկապես ընտրական օրենսգրքերով, ԿԸՀ-ն է, չէ՞, պահանջում, որ յուրաքանչյուր քայլ կատարվի օրենքով նախատեսված հերթականությամբ, ԿԸՀ-ն է, չէ՞, որոշում, թե ինչ հաջորդականությամբ տեղադրվեն հանձնաժողովների անդամների սեղաններն ու քվեախցիկները, թե ինչ սկզբունքով հանձնաժողովականները հերթափոխեն միմյանց եւ այլն, եւ այլն: Սրանք պատահաբար կապ չունե՞ն ընտրությունների որակի հետ: Կարող եք ասել` ԱԺ-ն է որոշում այդ ամենը: Հասկանալի է: Բայց ԱԺ-ն, օրենքն ընդունելուց հետո, դրա առաջին օրինակն ո՞ւմ է ուղարկում, եթե ոչ պարոն Ազարյանին, որ վերջինս քայլեր ձեռնարկի:



Օրինակ` պետական փողերը ծախսի դասընթացներ կազմակերպելու վրա, որ տեղամասային հանձնաժողովի անդամներին սովորեցնի, թե ընտրողն ինչպես պետք է վարվի քվեաթերթիկի հետ, երբ արդեն հայրենիքի հանդեպ բարեխղճորեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Մի խոսքով` իրավիճակները շատ մոտ են միմյանց` դրանց նմանությունը չնկատելու համար: Վարչապետը կթվորուհիներին է դաս տալիս, Գալուստ Սահակյանը` ընտրական մախինացիաները լավ յուրացրած քաղաքական ուժերին: Մի քիչ էլ պարոն Ազարյանին, ով, եթե Գրիգորիչի ասածն անցնի, ու Եվրոպայից դրական գնահատական գա, ավտոմատ դառնում է թիվ մեկ եւ միակ պատասխանատուն կովերի կաթնատվության, ներողություն, ընտրությունների որակի ապահովման:



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ