ԲՀԿ Կապանի խորհուրդում կրքերը լարված են

ԲՀԿ Կապանի խորհուրդում կրքերը լարված են
ԲՀԿ Կապանի տարածքային խորհուրդը շարունակում է հերքել այն լուրերը, որ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո մոտ հինգ տասնյակ մարդ լքել է կուսակցության շարքեըը:



Ըստ խորհրդի նախագահ Կամո Աբրահամյանի, ընդամենը 4 մարդ է հրաժարվել: «Ավելի ճիշտ՝ գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի 4 ուսանողներ են դիմում ներկայացրել, այն էլ մեզ համար ակնհայտ է, թե ինչու»,-ասաց  Կ. Աբրահամյանը: Անցած շաբաթ ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդից հեռացվել է նույն համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը: Նա Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համակիրներից էր ու անցած տարի դեկտեմբերից համալրել էր ԲՀԿ շարքերը: Տիկին Մովսիսյանն ասում է, որ ինքը ԲՀԿ չի եղել, այո, համակրում էր ԲՀԿ-ին, հրավիրված էր համագումարին, նույնիսկ ոգեւորված հետ եկավ, քանի որ  հավատացել էր Գագիկ Ծառուկյանի «խոսքը գործ դարձնելու» սկզբունքին:



Մինչ օրս էլ, իր խոսքով՝ ԲՀԿ-ին անդամագրվելու դիմումն իր պայուսակում է, սակայն, ըստ տիկին Մովսիսյանի, այլեւս արժեք չունի: «Ես «50+1» գաղափարով ոգեւորվել էի, նույնիսկ մարտավարություն էի մշակել, սակայն կոալիցիոն հուշագրի ստորագրումն ինձ հիասթափեցրեց։ Ես շարունակում եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին՝ պետականամետ անկուսակցական մարդ եմ»,-ասում է Ն. Մովսիսյանը: Նա չի թաքցնում իր համակրանքը ԲՀԿ առաջնորդի նկատմամբ: Ն. Մովսիսյանը «որպես մարդ՝ էլի հարգում է Ծառուկյանին»: Բայց տիկին տնօրենը մինչ օրս անկուսակցական է եղել: Նույնիսկ տարիներ առաջ աշխատելով  «Դաշինքի» համար, կուսակցական չէր դարձել: «Իմ երկրորդ կյանքում «երազանքների» կուսակցության՝ ՀՅԴ-ի անդամ եմ դառնալու, իսկ ԲՀԿ անդամ երբեք չեմ եղել»,- ասում է տիկին տնօրենը: Այս դեպքում զարմանալի է, թե ինչպես կարելի է լինել որեւէ կուսակցության խորհրդի անդամ, եթե այդ կուսակցության մեջ չկաս: Այս հանելուկը փորձեցինք պարզել ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդում:



Այստեղ ասացին, որ տիկին Մովսիսյանը 2010թ. դեկտեմբերից կուսակցության անդամ էր, հունվարին էլ ընտրվեց խորհրդի անդամ, մասնակցում էր նիստերին: Նա համագումարի պատվիրակ էր ընտրվել, ոչ թե հրավիրվածի կարգավիճակով էր:  «Վերջին 3 նիստից բացակայել է, այդ պատճառով էլ զրկվել է խորհրդի անդամությունից։ Կուսակցություն ընդունվելու դիմում էլ գրել էր, բայց հիմա դիմումը մեզ մոտ չի։ Համոզված եմ, որ նա, այսպես ասած, «գողացել» է. չէ՞ որ խորհրդի անդամներն իրավունք ունեն անարգել ծանոթանալ փաստաթղթերին»,- ասում է Կամո Աբրահամյանը: Տարածքային խորհրդում նաեւ ասացին, որ Ծառուկյանն է իրենց ասել, որ Ն. Մովսիսյանն աշխատի կուսակցությունում, որպեսզի զգան տիկնոջ ներուժը:



Սակայն առաջիկայում Ն. Մովսիսյանը հեռացվելու է ԲՀԿ-ից: Մեր այն հարցին՝ իսկ եթե նորից Գ. Ծառուկյանն իր կուսակիցներին հորդորի այդ որոշումը չկայացնել, կուսակցության ակտիվներն ասացին. «Այդ դեպքում մենք ենք դուրս գալու ԲՀԿ-ից»: