Օդանավակայանի աշխատանքները շարունակվում են

Օդանավակայանի աշխատանքները շարունակվում են
Արցախի կառավարության հերթական նիստում վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ «Արցախգազ» եւ «Արցախէներգո» ՓԲԸ-ներում ընդամենը նշված ընկերությունների կառավարման փոփոխություն է նախատեսվում, դրանք առայժմ չեն սեփականաշնորհվում:



Նրա խոսքերով՝ ակնկալվում է, որ նոր կառավարման օրոք ռազմավարական նշանակության այդ օբյեկտները կաշխատեն նշանակալիորեն բարձր արդյունավետությամբ: Նշենք, որ տարածված լուրերի համաձայն, վերջինիս կառավարումը տրվելու է «Էյ ի Ջի»-ին։



Նիստում կառավարությունն իրավական նոր կարգավիճակ է սահմանել «ԼՂՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչության աշխատակազմ» եւ «ԼՂՀ ԿԱ արտադրական ենթակառուցվածքների վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների համար: Դրանք միաձուլվել եւ վերակազմակերպվելով՝ ստեղծել են նոր նախարարություն՝ «ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն» անվամբ: Նիստում հաստատվել են նոր նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը:



Արցախի կառավարության նիստն անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին ու նրա վերագործարկման կապակցությամբ զբոսաշրջության ոլորտում իրականացվելիք միջոցառումներին: Այսուհետ կբացվի օդանավակայան եւ Ստեփանակերտ բարձրակարգ ավտոբուսային հատուկ երթուղի՝ զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի կանգառով: Այնպես որ, չնայած Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարի հոխորտանքին՝ Ստեփանակերտի օդանավակայան մտնող ինքնաթիռները խփելու մասին, Արցախը շարունակում է աշխատել օդանավակայանի հետ կապված աշխատանքներն ավարտելու ուղղությամբ։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ