Թամարն ընդդեմ Հրանուշի

Թամարն ընդդեմ Հրանուշի
Հայաստանում չինովնիկների շփման բավական յուրօրինակ պրակտիկա է արձանագրվում՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է կանանց: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը օրերս դիմել է գլխավոր դատախազություն՝ վիճարկելով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի որոշումները՝ հինադրամի հետ կապված:



Թամար Պողոսյան-Հրանուշ Հակոբյան վեճը սկսվել է դեռ երեք ամիս առաջ: Նշենք, որ Հրանուշ Հակոբյանն ի պաշտոնե հիմնադրամի նախագահն է: Խոսքը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 28-ի որոշման մասին է, որով Հրանուշ Հակոբյանը, առանց հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի մասնակցության, հոգաբարձուների հետ որոշել է, թե ինչպես պետք է տնօրինվի հիմնադրամի այս տարվա բյուջեն, բացի այդ էլ՝ գումարի մի մասը տրամադրել է այլ կազմակերպությունների: Թամար Պողոսյանն ասում է, թե թույլ չի տա նման մոտեցում պետական հիմնադրամի հանդեպ, ուստի պատրաստ է պայքարել մինչեւ վերջ: Տիկին Թամարը չի ուզում, որ սա դիտվի երկու կնոջ կռիվ, դրա համար որոշել է անցնել բոլոր ատյաններով ու դիմել բոլոր իրավասու կառույցներին: Մինչ Հրանուշ Հակոբյանի դեմ գլխավոր դատախազություն բողոք ներկայացնելը, նա դիմել է Սերժ Սարգսյանին:



Պարզվում է, շուրջ երեք ամիս է՝ համահայկական կապերի համար պատասխանատու երկու տիկիններն իրար հետ չեն շփվում: «Տաբու է դրված իր կողմից: Ինձ համար սկզբունքային է եղել դա իրավական դաշտում լուծելը: Ցույց տալ, թե երկրում քաղաքացին ի զորո՞ւ է իր խնդիրներն իրավական դաշտում լուծելու, թե՞ ամեն անգամ մենք պիտի քաղաքական շոուներով հարց լուծենք այս երկրում: Ես ինքս պետական կառույցի ներկայացուցիչ եմ եղել եւ այս խոհանոցից ակնկալում եմ իրավական լուծումներ: Ինձ համար դա սկզբունքի խնդիր է: Ուզում եմ հավատալ, չգիտեմ՝ տեսնենք»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Թամար Պողոսյանը: Նրա խոսքով՝  հիմնադրամի այս տարվա բյուջեի վերաբերյալ ոչ ճիշտ որոշման պատճառով երեք ամիս է, հիմնադրամի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում, մարդիկ լքում են աշխատավայրը:  Խնդիրը հարթելու փորձերն ապարդյուն են եղել: «Ինքը հոգաբարձուների խորհրդի նախագահ է եղել, անօրինական որոշումներ է կայացրել:



Այդ նիստին ես ներկա չեմ եղել: Գործադիր տնօրինության ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Ես հիվանդանոցում եմ եղել: Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս կարելի էր, ես 1.5 ամիս հիվանդանոցում եմ եղել, մեկ անգամ կարող էր զանգահարել-ասել՝ ինչպե՞ս ա առողջությունդ, երբ ամբողջ քաղաքը գիտեր: Առայսօր ես որեւէ զանգ չեմ ստացել նրա կողմից, միայն հրամայական տոնով՝ անվերապահ կատարել որոշումները, իսկ ինչո՞ւ ես պետք է կատարեմ նրա անօրինական որոշումները, հետո՞ ինչ, որ ինքն է կայացրել այդ որոշումները: Նաեւ՝ շատ վատ վիճակում են հայտնվել հոգաբարձուների խորհրդի անդամները, որովհետեւ մարդիկ ինֆորմացված չեն եղել, հապճեպ որոշումներ են կայացրել, հիմա նոր են հասկանում ինչ է տեղի ունեցել»: Թամար Պողոսյանը հույս ունի, որ լավ կլինի, որ իր պայքարն արդյունք կտա: «Սա մեր երկիրն է, եւ ամեն մեկս մեր կռիվը պիտի տանք՝ լավ երկիր ունենալու համար»: Նրա խոսքով՝ անընդունելի է պետական հիմնադրամի նկատմամբ նման մոտեցումը, ու ինքը թույլ չի տալու իշխանության դիրքերից նման կամայական որոշումներ կայացնել:



Ավելի վաղ մեր ձեռքի տակ էր հայտնվել փետրվար ամսին տիկին Պողոսյանի նամակը՝ ուղղված Հրանուշ Հակոբյանին, որով նա սփյուռքի նախարարին գրում է. «2011թ.-ին հիմնադրամի բյուջետային հայտը ՀՀ կառավարություն է ներկայացվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից` առանց հիմնադրամի հետ նախնական քննարկումների եւ հիմնավորումների` պահպանելով ապարատի պահպանման համար նախորդ տարիներին բյուջեով հաստատված գումարի չափը, կրճատելով 2011թ.-ի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՀ կառավարության թիվ 859-Ն առ 08.07.2010թ. որոշմամբ հաստատված հիմնադրամի 2011թ.-ի ապարատի պահպանման համար հատկացված 20 մլն 939.9 հազար դրամ գումարը:



Հոգաբարձուների խորհրդի կողմից սույն որոշումն ընդունվել է` խախտելով 2011թ.-ի պետական բյուջեի նշված հոդվածով հիմնադրամին հատկացված միջոցների նպատակային օգտագործման սկզբունքը, այն է՝ 2011թ.-ի հիմնադրամի ապարատի պահպանման համար հատկացված 18 մլն 606.3 հազար դրամ գումարից 12 մլն 700.0 հազար դրամ գումարը, առանց հիմնադրամի հետ նախնական քննարկումների եւ հիմնավորումների, Ձեր առաջարկությամբ` որպես աջակցություն եւ օժանդակություն, հատկացվել է այլ կազմակերպությունների ծրագրերի իրականացման համար, դրանք որակելով որպես հիմնադրամի 2011թ.-ի ծրագրեր, դեռ ավելին` օրակարգի հարց 5-ի համաձայն, դրանք ներկայացված են որպես հիմնադրամի ռազմավարական ծրագրեր: Ակնհայտ է, որ հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված 2011թ.-ի բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի միջոցները եւ ապարատի պահպանման ծախսերը, այսօրվա դրությամբ, բավարար չեն գործող աշխատակազմի աշխատավարձը վճարելու համար: Մտահոգիչ է նաեւ այն փաստը, որ նշված նիստում հաստատված հիմնադրամի 2011թ.-ի բյուջեում աուդիտ իրականացնող կազմակերպության համար նախատեսված է ծառայության վճար 600 հազար դրամ գումարի չափով, այն դեպքում, երբ անցած 5 տարիների ընթացքում հիմնադրամի աուդիտ իրականացնող կազմակերպություններին յուրաքանչյուր տարի վճարվել է առավելագույնը 180 հազար դրամ գումար»: Ամփոփելով իր նամակը, որը տիկին Պողոսյանն ուղարկել է նաեւ այլ հիմնադրամի հոգաբարձուներին, Թամար Պողոսյանն առաջարկում է Հրանուշ Հակոբյանին «վերանայել եւ անվավեր համարել հոգաբարձուների խորհրդի կողմից 28.12.2010թ.-ին հաստատված հետեւյալ որոշումները` Որոշում 4-ը,  Որոշում 5-ը  եւ Որոշում 6-ը»:



Սփյուռքի նախարարությունից տեղեկացանք, որ Հրանուշ Հակոբյանն այս օրերին գտնվում է Ավստրալիայում: Նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը տեղյակ չէր, որ Թամար Պողոսյանը դիմել է դատախազություն, ուստի խոստացավ պատասխանել այսօր: