Բա ես նմա՞ն եմ ստիլյագի

Բա ես նմա՞ն եմ ստիլյագի
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի՝ «Երկիր» օրաթերթի դեմ հայցով դատական առաջին նիստը:



Տ. Արզաքանցյանը թերթին դատի էր տվել «իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար»: Դատի ժամանակ պարզվել է, թե ինչից է վրդովված հայտնի գործարարը: Պարզվում է՝ նրան հատկապես խոցել է «ստիլյագ» բառի գործածումն իր հասցեին: Նաեւ, որ գրել են, թե «խոսում է Քյավառա բարբառով»: Իսկ «կազինոների մշտական հաճախորդ» արտահայտությունն ընդհանրապես զրպարտանք է համարում, չնայած ժամանակին մամուլը հեղեղված էր Արզաքանցյանի՝ խաղատնային արկածներով, որոնցից մեկն անգամ տխուր ավարտ էր ունեցել. նա հիվանդանոց էր ընկել: Զավեշտը հասել է նրան, որ  թերթի մեջբերումը, թե ժամանակին Հրանտ Բագրատյանն ասում էր՝ «էդ լակոտը Ռուսաստանում գցում է մեր կոնյակի պատիվը», հերքելու համար Արզաքանցյանը մի տեղեկանք է բերել նախկին վարչապետից, որ՝ «ես նման բան չեմ ասել»:



Հիշեցնենք, որ վեճի առարկա հոդվածը հրապարակվել է «31 դեմք ու դիմակ» հոդվածաշարի շրջանակներում, որտեղ հերթով ներկայացվել են բոլոր պատգամավորները: Շատ զվարճալի կլինի, որ «Երկիրի» այդ խորագրի դեմ հերթով 131-ն էլ մտնեն դատարան, ասում են՝ դա ԱԺ նախագահի մակարդակով կայացված որոշում է: Ի դեպ, Արզաքանցյանը պահանջում է թերթից բռնագանձել 3 միլիոն դրամ գումար, ինչպես նաեւ 568 հազար դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար: