Փրկության կոչ. Արմավիրի կենդանաբանական այգու կենդանիները սովամահ են լինում

Փրկության կոչ. Արմավիրի կենդանաբանական այգու կենդանիները սովամահ են լինում
1981թ.-ից Արմեն Թադեւոսյանը սկսել է Արմավիր մարզի կենդանաբանական այգու հիմնման գործընթացը: Կենդանիները բերվել են ՀՀ մարզերից եւ ԽՍՀՄ տարբեր այգիներից: 1991թ. սկսած այգին արդեն ունեցել է սեփական հողատարածք: Այժմ այգին զբաղեցնում է 8 հա տարածություն, ուր բնակվում են մի քանի տասնյակ կենդանատեսակներ: Այս ընթացքում այգու տարածքում տնկվել է մի քանի հազար դեկորատիվ ծառ:



Նշենք, որ կենդանաբանական այգին կացարան է դարձել մարդու գործունեությունից տուժած եւ փրկված բազմաթիվ կենդանիների համար, այդ թվում` վիրավոր արջեր, մացառախոզեր, կզաքիս, տափաստանային կատու, քարարծիվներ, բվեճներ, սպիտակագլուխ անգղներ եւ այլն:



Կենդանաբանական այգում բնակվում են նաեւ բազմաթիվ կենդանատեսակներ, որոնք ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում: Մինչ այժմ այգում բնակվող կենդանիների սննդի ապահովման հարցում իր մեծ ներդրումն ուներ ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադը: Զորամասի ղեկավարությունը շաբաթական երկու անգամ ճաշի մնացորդներ էր տրամադրում կենդանաբանական այգուն: Սննդի ավելցուկը հնարավորություն էր տալիս սննդով ապահովել այգում կացարան ստացած կենդանիներին:



Սակայն արդեն մեկ ամիս է, ինչ զորամասի հրամանատարությունը հրաժարվում է ճաշի մնացորդները տրամադրել կենդանիներին, ինչի արդյունքում կենդանաբանական այգում իրենց ապաստանը գտած բազմաթիվ կենդանիներ կանգնած են սովամահ լինելու վտանգի առջեւ: Ս/թ մարտի 20-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ին աջակցության խնդրանքով է դիմել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգու ղեկավար Արմեն Թադեւոսյանը: Գիտակցելով խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը` ս/թ մարտի 21-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանին, որում նշվում է կենդանաբանական այգու կարեւորությունը եւ ներդրումը Արմավիրի մարզի վտանգված կենդանատեսակների վայրի բնությունից դուրս պահպանման եւ մարզի բնակչության էկոկրթվածության մակարդակի բարձրացման գործում:



Նամակին կից ՀՀ Պաշտպանության նախարարություն է ուղարկվել նաեւ Արմավիր քաղաքի ավելի քան 600 բնակչի ստորագրությամբ դիմումը: Հուսով ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը սատար կկանգնի կենդանաբանական այգուն եւ օգնության ձեռք կմեկնի հասարակությանն ու բնությանը: Կոչ ենք անում բոլորին հնարավորության սահմաններում օգնել պարոն Թադեւոսյանին` փրկել Արմավիրի կենդանաբանական այգին:



Հարգանքներով`«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ