Խնդիրը շատ պարզ է

Խնդիրը շատ պարզ է
Ինչպիսի ակտիվություն: Մտքերի ինչպիսի բախումներ:  Մի կողմ թողած քայքայված տնտեսություն, սոցիալական քաոս, արտագաղթ, կոռուպցիա (դրամաշորթություն), կրթական մակարդակի անկում, աղքատության ահագնացող աճ եւ այլ զարհուրելի երեւույթներ, քննվում է «ով ում ձեռքը պիտի սեղմի» «դարակազմիկ» հարցը:



Ու խառնվեց իրար ամեն ինչ՝ բարոյախրատականություն, էթիկա, էսթետիկա... Ընդդիմության դաշտում գտնվող բոլոր անհատներն այսօր գիտակցում են` տարբեր քաղաքական կառույցների՝ հանուն մեկ հիմնական գաղափարի միավորման կարեւորությունը: Գիտակցում են, որ պետք է լողան այս ափից դեպի մյուսը, բայց, ջուրը չմտած,  քննում են, թե ում լողաոճն է ավելի լավը: Եղբայր, դեռ հասեք հանդիպակաց կողմը: Կգա ժամանակը, ու ժողովրդի կողմից ընտրված լավագույն լողորդները (ԱԺ-ում) կորոշեն, թե որ լողաոճով պիտի առաջ ընթանանք: Խնդիրը շատ պարզ է ու տեղավորվում է մարդկային փոխհարաբերությունների միայն ու միայն անձնական ոլորտում` յուրաքանչյուր ոք ինքն է որոշում՝ ում ձեռքը սեղմի, ումը` ոչ:



ՀԱԿ եւ «Ժառանգություն», ինչպես նաեւ այլ միավորումներում ներգրավված անհատներն իրար ձեռք են սեղմում, խոսում են, վիճաբանում՝ լավ են անում: Դա՝ զուտ մարդկային տեսանկյունից:  Կա եւ այլ տեսանկյուն:  Այն անհատները, ովքեր ներկայացնում են ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց կողմից առաջնորդվող, ինչ-որ գաղափարների շուրջ միավորված մարդկանց բազմություն (տվյալ դեպքում՝ ՀԱԿ եւ «Ժառանգություն»), պարտավոր են առաջնորդվել միանգամայն այլ սկզբունքներով: Սա արդեն ոչ թե անհատական բարոյահոգեբանական, այլ քաղաքական խնդիր է: Այդ մարդիկ պետք է առաջնորդվեն հավաքական որոշումների դրսեւորման տեսանկյունից: Մեկ անգամ ՀԱԿ-«Ժառանգություն» ձեռքսեղմում կայացել է:   ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կարող են կրկին իրար ձեռք սեղմել քաղաքական հայտարարության տեսքով, եւ եթե դա տեղի ունենա, կարծում եմ, բոլորս կողջունենք այդ քայլը: Հիմա, երբ կենցաղային դիպվածին տրվում են քաղաքականացված մեկնաբանություններ, իսկ քննարկումները հավակնում են հնչել որպես քաղաքական վերլուծություններ, կարծում եմ, տեղին է հիշեցնել, որ, ի տարբերություն առաջնորդների, յուրաքանչյուր անհատ իրավասու է խոսել միայն իր անունից:  Քաղաքական տեսանկյունից Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է վարվել: Մարդկային տեսանկյունից՝ թողնենք ձեռքսեղմման որոշումը իրենց՝ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին:  Չմոռանամ նշել՝ սա իմ անձնական, ոչ ամենեւին քաղաքական կարծիքն է:



Աշոտ ԱԴԱՄՅԱՆ