«Ջիփերով» հաստավզերը հատել են 17 ծառ

«Ջիփերով» հաստավզերը հատել են 17 ծառ
«Գիշերով, ժամը 5-ի սահմաններում, մի քանի հոգի «ջիփերով» էկել են, շատ արագ կտրել ու հեռացել: Մարդիկ կան, որ տեսել են, բայց վախենում են ձեն հանեն, եսիմ ինչ թափով մարդիկ են դրանք»,-ասաց մի կին՝ պատմելով մարտի 24-ին Իսահակյան 28 հասցեում հատված ծառերի մասին: Փոքր կանաչապատ տարածքում տնկված ծառերն արդեն մի քանի անգամ արժանացել են այդ բախտին:



3-4 տարի առաջ այդ ծառերն արդեն մեկ անգամ հատվել էին, տարածքը ցանկապատել եւ ինչ-որ աշխատանքներ էին սկսել, սակայն այն ժամանակ լրագրողների բարձրացրած աղմուկի պատճառով աշխատանքները դադարեցվեցին, եւ ոմանց՝ այդտեղ ինչ-որ բան (հավանաբար սրճարան) կառուցելու նպատակներն այդպես էլ անկատար մնացին: Տարածքում նորից ծառեր էին տնկվել, խնամվել, սակայն հինգշաբթի օրը տնկված ծառերից 17-ը, համեմատաբար մատղաշները, հատվել են: «Ամեն տարի նույն պատմությունն ա: Ծառերը տնկում են, ջրում են, հենց մի քիչ մեծանում ա, գալիս ջարդուփշուր են անում ու գնում:



Պարզից էլ պարզ ա, որ մեկն ուզում ա տիրանա էդ տարածքին ու երեւի կաֆե ա ուզում բացի, թե չէ ինչի՞ պիտի էդ մատղաշ ծառերը կտրեին»,-ասաց մեր զրուցակից կինը: Տարածքից փորձեցինք պարզել, թե ով կարող էր դա արած լինել, կամ տեսե՞լ է ինչ-որ մեկը, թե՞ ոչ: Սակայն բոլորը խուսափում էին պատասխանելուց, ինչը վկայում է այն մասին, որ կնոջ ասածը «ջիփերով» հաստավզերի մասին ճիշտ է: «Ինչ-որ թափով, հաստավիզ մարդիկ են էղել ֆիրմա ավտոներով, բայց ես չեմ տեսել ես գործ չունեմ»,-խուսափողական պատասխան տվեց մեկ ուրիշը:



Բնապահպանության նախարարությունից, ինչպես նաեւ քաղաքապետարանի բնապահպանական վարչությունից ահազանգի հետքերով գնացել են, արձանագրություն կազմել եւ նյութերն ուղարկվել ոստիկանություն: «Ահազանգի հետ կապված՝ մեր բնապահպանության վարչությունը տեղում է եղել, արձանագրությունը կազմել է: Դրանից հետո այն ներկայացվել է բնապահպանության նախարարության համապատասխան տեսչությանը, որից հետո տեղեկություն է տրամադրվել նաեւ իրավապահ մարմիններին: Մեր գործառույթն այդքանով սահմանափակվում է: Մենք կարող ենք ընդամենը արձանագրել, իսկ մնացածը նախարարության բնապահպանական տեսչության գործառույթն է»,- փոխանցեցին քաղաքապետարանի բնապահպանական վարչությունից:



Նույն պատասխանը տվեցին նաեւ Բնապահպանական պետական տեսչությունից, որ անհայտ անձանց կողմից 17 ծառ է հատվել, կազմվել է արձանագրություն, իսկ նյութերն ուղարկվել են ոստիկանություն, ուրիշ ոչինչ: Ոստիկանությունից, սակայն, երեկ մեզ չհաջողվեց որեւէ հստակ բան պարզել: Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը հետաքրքրված է այդ տարածքով, եւ, դատելով ծառահատումն իրականացրած մարդկանց կարգավիճակից ու ֆիզիկական տվյալներից՝ պատահական մարդիկ չեն: Հուսանք, որ կհաջողվի պարզել նրանց ով լինելը, պատժել եւ գործընթացը դադարեցնել՝ չնայած ծառերն այլեւս չես վերադարձնի: