Դատախազությունն ընթացք է տվել Թամար Պողոսյանի դիմումին

Դատախազությունն ընթացք է տվել Թամար Պողոսյանի դիմումին
Հրանուշ Հակոբյան-Թամար Պողոսյան վեճը հայտնվել է ոչ միայն հանրության, այլեւ պետական ապարատի աշխատակիցների ուշադրության կենտրոնում. անհամբեր սպասում են՝ ինչով կվերջանա երկու կանանց վեճը, եւ նրանցից ով կհաղթի:



Երեկ տեղեկացանք, որ գլխավոր դատախազությունը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի դիմումին ընթացք է տվել, եւ այն այժմ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրման փուլում է: Ինչպես տեղեկացրել էինք՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանն օրերս դիմել էր գլխավոր դատախազություն՝ վիճարկելով սփյուռքի նախարար, ի պաշտոնե հիմնադրամի նախագահ Հրանուշ Հակոբյանի որոշումները՝ հիմնադրամի հետ կապված:



Խոսքը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի դեկտեմբերի 28-ի որոշման մասին է, որով Հրանուշ Հակոբյանը, առանց հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի մասնակցության, հոգաբարձուների հետ որոշել է, թե ինչպես պետք է տնօրինվի հիմնադրամի այս տարվա բյուջեն, բացի այդ էլ՝ գումարի մի մասը տրամադրել է այլ կազմակերպությունների: Ըստ այդմ՝ Թամար Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե թույլ չի տա նման մոտեցում պետական հիմնադրամի հանդեպ, ուստի պատրաստ է պայքարել մինչեւ վերջ:



Երեկ դատախազությունից դժվարացան ասել, թե երբ կլինի դիմումի պատասխանը: Ըստ այդմ՝ դատախազությունը պատրաստվում է լսել վեճի բոլոր կողմերին եւ դատախազություն կանչել բոլոր նրանց, ում անունները շոշափված են դիմումի մեջ: Քանի որ սփյուռքի նախարար ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանը դեռ արտերկրում է, երեկ վերոնշյալ իրավիճակի հետ կապված մեր հարցերն ուղղեցինք նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանին՝ հարցնելով, թե նախարարությունը պատրա՞ստ է գնալ դատախազություն եւ պարզաբանել, թե ինչու է հիմնադրամի հետ կապված նման որոշում եղել: «Նախեւառաջ՝ նախարարությունն այդ մասին իմացել է ձեր թերթից:



Ես կարծում եմ, որ եթե հիմնադրամի տնօրենը հոգաբարձուների խորհրդի հետ համամիտ չէ եւ վիճարկում է այն, դա իր իրավունքն է: Բայց մեր նախարարությունն ըստ էության, կապ չունի այդ հիմնադրամի հետ, բացի այն, որ մեր նախարարը հիմնադրամի խորհրդի նախագահն է»: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են նախարարության կողմից հիմնադրամի գործառույթները տրվել  այլ կառույցի՝ Դավիթ Շահբազյանի ղեկավարած «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ին, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Որեւէ գործառույթ նախարարությունն իրավասու չէ վերցնել-տալ ուրիշին: Հոգաբարձուների խորհուրդը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել, եւ գործադիր տնօրենը պարտավոր էր ենթարկվել այդ որոշմանը:



Դրանից հետո ինքը պարտավոր էր սփյուռքի նախարարության հետ կնքել պայմանագիր՝ որոշակի պատվեր կատարելու համար, սակայն Թամար Պողոսյանն այդ պայմանագիրը չի ներկայացրել, չի կնքել նման պայմանագիր, հետեւաբար նախարարությունը որեւէ պարտավորություն չունի հիմնադրամի նկատմամբ այս պահի դրությամբ: Բայց նաեւ պատվերները, որ մենք կարող էինք տալ հիմնադրամին, դա մեր նախարարության իրավասության մեջ էր, եւ մենք նախընտրել ենք տալ «Հայրենիք-սփյուռք» ՊՈԱԿ-ին՝ հաշվի առնելով, որ հունվար եւ փետրվար ամիսներին տիկին Պողոսյանն այդպես էլ չներկայացրեց այդ նախահաշիվները, որոնք մենք պետք է կնքեինք: Հետեւաբար մենք որեւէ պարտավորություն չունենք իրենց նկատմամբ:



Եթե հիմնադրամի խորհուրդը որոշում էր կայացրել, գործադիր տնօրենը պարտավոր էր ենթարկվել դրանց: Եթե չի արել, ես չեմ կարող դա մեկնաբանել: Խորհուրդն է որոշում, գործադիր տնօրենը դա իրականացնում է: Հիմա ինքը չի կատարել խորհրդի որոշումը եւ հիմա վիճարկում է, դա իր իրավունքն է»: Նշենք, որ Թամար Պողոսյանը դեռ փետրվարի սկզբին նամակ էր գրել նախարարին, որին, փաստորեն, ընթացք չի տրվել: Ավելին, շուրջ երեք ամիս է՝ համահայկական կապերի համար պատասխանատու երկու տիկիններն իրար հետ չեն շփվում:



«Տաբու է դրված իր կողմից»,- մեզ հետ զրույցում ասել էր Թամար Պողոսյանը՝ շարունակելով. «Ինքը հոգաբարձուների խորհրդի նախագահ է եղել, անօրինական որոշումներ է կայացրել: Այդ նիստին ես ներկա չեմ եղել: Գործադիր տնօրինության ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Ես հիվանդանոցում եմ եղել: Ես զարմանում եմ՝ ինչպես կարելի էր. ես 1.5 ամիս հիվանդանոցում եմ եղել, մեկ անգամ կարող էր զանգահարել-ասել՝ ինչպե՞ս ա առողջությունդ, երբ ամբողջ քաղաքը գիտեր: Առայսօր ես որեւէ զանգ չեմ ստացել նրա կողմից, միայն հրամայական տոնով՝ անվերապահ կատարել որոշումները: Իսկ ինչո՞ւ ես պետք է կատարեմ նրա անօրինական որոշումները, հետո՞ ինչ, որ ինքն է կայացրել այդ որոշումները: Նաեւ՝ շատ վատ վիճակում են հայտնվել հոգաբարձուների խորհրդի անդամները, որովհետեւ մարդիկ ինֆորմացված չեն եղել, հապճեպ որոշումներ են կայացրել, հիմա նոր են հասկանում ինչ է տեղի ունեցել»:



«Իրենք սահմանված կարգով տեղյակ են եղել նիստի մասին: Եթե գործադիր տնօրենը չի մասնակցել, կարող էր այլ մարդ մասնակցել»,-մեզ հետ զրույցում Թամար Պողոսյանին հակադարձեց Ֆիրդուս Զաքարյանը՝ շարունակելով. «Ես չեմ իմացել, որ ինքն այդքան ծանր հիվանդ է, որ չի կարող գալ աշխատանքի, այլապես ես էլ կայցելեի նրան: Հետո է բժշկի թուղթ բերել»: Մեր դիտարկմանը, թե ասվում է, որ որոշման պատճառով խաթարվել է հիմնադրամի աշխատանքը, աշխատակիցները երեք ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, աշխատակազմի ղեկավարն ասաց. «Սովորաբար հիմնադրամի բյուջեն հաստատվում է խորհրդի որոշմամբ, եւ կնքվում է պայմանագիր: Այս տարի որեւէ պայմանագիր չի կնքվել, այնպես որ, ինքը որեւէ ակնկալիք չի կարող ունենալ այդ առումով, որեւէ սխալ այստեղ տեղի չի ունեցել: Ինքը պարտավոր է դեկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանված բյուջեի չափի հիման վրա կնքել պայմանագիր»:



Այսօր հնարավո՞ր է վերանայում եւ բյուջեի չափի հետ կապված, եւ աշխատավարձերի վճարման,- հարցրինք Զաքարյանին: «Այս տարվա վճարման համար իրենք պարտավոր էին դեռեւս հունվարին կնքել պայմանագիր, բայց որեւէ բան չի արվել իրենց կողմից»,-հայտարարեց Զաքարյանը: Այսօր արդեն իսկ տեսակետներ են շրջանառվում, թե սփյուռքի նախարարությունը թերեւս շահագրգռված է, որ հիմնադրամը լուծարվի, ու ինքն ավելի շատ լծակներ ունենա, սփյուռքի հետ կապերը միանձնյա տնօրինելու լիազորություն: «Ինչ է՝ կարծում եք հիմնադրամը նման լիազորություն ունե՞ր սփյուռքի հետ կապերի»,-հակադարձեց աշխատակազմի ղեկավարը՝ շարունակելով. «Սփյուռքի հետ կապերի լիազորությունն օրենքով է տրված սփյուռքի նախարարությանը, եւ որեւէ այլ կազմակերպություն՝ հիմնադրամ, այդ իրավունքը չունի, հետո՞ ինչ, որ անունը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» է:



Դա հիմնադրամ է, որ կարող է գումարներ հայթայթել, իր ծրագրերն իրականացնել»: Վերջերս սփյուռքի նախարարության աշխատանքի հետ կապված՝ բողոք էր հնչում Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցների շրջանում, թե սփյուռքի հետ կապված որոշումներն իրենց հետ չեն քննարկվում, որ տիկին Հրանուշը որոշումները կայացնում է, ապա տանում սփյուռք՝ որպես վերջնական, ինչը սփյուռքահայերին դուր չի գալիս: «Ես կարծում եմ՝ եթե որեւէ մեկը նման կարծիք է ասել, առնվազն փորձել է թյուրիմացության մեջ գցել, կամ պարզապես սուտ է, որովհետեւ մեր նախարարությունը հիմնադրման օրվանից ունեցել է սկզբունք՝ ոչ թե պարտադրել սփյուռքին, այլ ճանաչել եւ գործակցել նրա հետ»,-հակադարձեց Ֆիրդուս Զաքարյանը:



Սփյուռքից մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ այն սփյուռքահայերը, ովքեր կշիռ ունեն համայնքում, սակայն մասնակցել են հակաիշխանական ակցիաներին՝ Հայաստանի դիրքորոշման հետ կապված, նախարարության կողմից բոյկոտի են արժանանում: Այս տեղեկությունը եւս աշխատակազմի ղեկավարը կտրուկ հերքեց. «Դա չի կարող իրականությանը համապատասխանել, որովհետեւ մենք սփյուռքի բոլոր ուժերի՝ այդ թվում քաղաքական կառույցների հետ աշխատում ենք, եւ որեւէ էական նշանակություն չունի մեզ համար՝ սփյուռքահայ գործիչը դաշնակ է, հնչակ է, թե ռամկավար»: