Դուք իրավունք չունեիք թողնել ձեր աշխատավայրը

Դուք իրավունք չունեիք թողնել ձեր աշխատավայրը
Երեկ «Հայելի» ակումբում ԱԺ կին պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի բանավեճը թեժ էր եւ դիտարժան: Չնայած կանայք միմյանց ոչ վիրավորում էին, ոչ էլ հայհոյում, ինչպես սովորաբար անում են հակառակ ճամբարների տղամարդիկ, սակայն նրանք՝ առանց մեկը մյուսին լսելու, այնպես էին բղավում, որ թվում էր՝ ոչ թե քաղաքական բանավեճի են մասնակցում, այլ ձայնային տվյալների ցուցադրման մրցույթի: Ինքնամոռաց քննարկելով «երկրի հարցերը»՝ ասուլիսի վերջում Անահիտ Բախշյանն անկեղծորեն խոստովանեց, որ ինքը երբեւէ նման ասուլիս չէր տվել:



«Էս ինչի՞ էինք էսքան բարձր խոսում, կոկորդս ցավում է»,-խոստովանեց նա: Նախ՝ Անահիտ Բախշյանը մամուլի ակումբ մտավ ՀՀԿ 20-ամյակին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի թղթերը ձեռքին: Բերել էր, որպեսզի իր ընդգծած հատվածներն ընթերցեր եւ համեմատականներ անցկացներ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի հետ: Լրագրողներին էլ խնդրեց ասուլիսը ոչ թե «մութաբանել», այլ իսկապես լուսաբանել:



«Եթե նախագահն ասում է, թե կարող է լինել լճացում, մենք ասում ենք՝ կա լճացում: Եթե նախագահն ասում է՝ չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, մենք ասում ենք՝ արդեն կարծրացել է...»,-սա Բախշյանի հնչեցրած համեմատականից մի հատված է: Նա պատրաստ էր իր հետ բերած թղթի հաստ տրցակում առանձնացրած բոլոր հատվածներն ամբողջությամբ ներկայացնել՝ չնկատելու տալով լրագրողների մեջ առաջացած խլրտոցը, դժգոհությունները, բայց ընկրկեց գործընկերուհու հորդորից: Աճեմյանը նկատեց, թե օրեր առաջ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթում է գտել այդ «առողջ մի հատիկը», որ եթե «ոչ քաղաքական, ապա հասարակական գիտակցության եւ ոգու մեջ են իրենք ակնկալում փոփոխություններ», եւ խորհուրդ տվեց Բախշյանին ամեն ինչ սեւ ու սպիտակ չպատկերել, երկրում տեղի ունեցող ամեն մի վատ բան նախագահի վրա չբարդել եւ երկիրը դարձնել բոլորիս երազած երկիրը:



Հանրապետական պատգամավորը, հավատարիմ իշխանական թեւի տեսակետներին, հորդորեց  վերադառնալ ԱԺ, մասնակցել ԱԺ որոշումներին եւ պահանջները ներկայացնել ԱԺ ամբիոնից: «Ի՞նչ մասնակցության մասին է խոսքը»,-վրդովվեց Բախշյանը, Աճեմյանին հիշեցնելով, որ չորս տարիների ընթացքում «Ժառանգության» միայն մեկ՝ պատգամավորների օգնական ունենալու նախագիծն է օրենք դարձել: Աճեմյանը չընդունեց մեղադրանքը: Նշեց, որ ընդդիմությունը բոյկոտել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները՝ փոխանակ գար եւ իր առաջարկությունները պնդեր: «Դուք իրավունք չունեիք թողնել ձեր աշխատավայրը...»,-ասաց նա, ինչին անմիջապես Բախշյանը վրա բերեց. «Իրավունքի մասին ընդհանրապես մի խոսեք»:



«Իշխանությունը, չցանկանալով երկրում նորմալ ընտրություններ կազմակերպել, չի ընդունում «Ժառանգության» առաջարկները ԸՕ-ի բարեփոխումների վերաբերյալ»: Եվ մատնանշեց երկու կարեւոր առաջարկ՝ ընտրություններից հետո հրապարակել ընտրացուցակները եւ տեսանկարել քվեարկության գործընթացը եւ ընտրատարածքը: «Սակայն իշխանությունը մեր առաջարկը մերժեց շատ պրիմիտիվ հիմնավորումներով: Մեկ, որ ընտրացուցակների հրապարակումով ընտրության գաղտնիությունը խախտվում է, քանի որ մարդու  ստորագրությունը հրապարակային է դառնում: Ինչ վերաբերում է տեսանկարահանմանը, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե մարդիկ կմտածեն, թե ինչ շոր հագնեն ընտրության գնալիս: Այսքան պարզունակ բան կարելի՞ է ասել»,-նկատեց Բախշյանը:



Ասաց նաեւ՝ չկա մի ոլորտ, որի վերաբերյալ «Ժառանգությունն» առաջարկներ չներկայացնի, եւ դրանք չարհամարհվեն իշխանության կողմից, օրինակ՝ առողջապահության, բնապահպանության ոլորտներին վերաբերող: Կարինե Աճեմյանն այդ ընթացքում գրեթե զուգահեռ բարձրաձայնում էր, որ իր թիմն աշխատում է, որ ամեն ինչ միանգամից չի լինելու եւ այլն, եւ այլն: Հղիների նպաստների մասով էլ պարծեցավ. «Շատ մարդիկ օգտվում էին օրենքի բացից եւ կարողանում պետությունից գումարներ տանել՝ հղիներին բարձր աշխատավարձ նշանակելով, սակայն օրենքը լրամշակվեց, եւ այդ բացը վերացվեց»:



«Դրանք նույն Հանրապետականի եւ «Բարգավաճի» մարդիկ չե՞ն, որոնք բարձր աշխատավարձով մարդիկ են ընդունում աշխատանքի»,-արձագանքեց Բախշյանը: «Ո՜չ, Հանրապետականն ի՞նչ կապ ունի հղիների հետ»,-տարակուսեց Աճեմյանը: Կանայք  պատրաստ էին մի ամբողջ օր միմյանց հերթ չտալով բանավիճել, սակայն լրագրողները սկսեցին լքել լսարանը: Գրեթե մեկ ժամ տեւած ասուլիսի վերջում արդեն կիսադատարկ սենյակում Աճեմյանը զոռով սեղմեց բորբոքված Բախշյանի ձեռքը, ու ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: