Տես որտեղ պետք եկավ Նալբանդյանը

Տես որտեղ պետք եկավ Նալբանդյանը
Ժողովրդական հայտնի խոսք կա` դուզ խոսքն էշին կասեն… Մեր թերթերն ու կայքերը վաղուց են յուրացրել այս ճշմարտությունը, բայց նրանց հրապարակումների հերոսները, ավաղ, դեռեւս շարունակում են իրենց մասին գրված ամեն ինչ դուզ-դուզ ընդունել: Իրենց գործն է: Դատարաններն են ուղղակի մեղք: Հայտնի օրենքի ընդունումից հետո Աճառյանի Հայերենի արմատական բառարանն է դարձել մեր դատավորների սեղանի գիրքը…



Բայց երանի հենց այդ գրքով դատեին թե լրատվամիջոցին, թե նրան դատի տվողին, որովհետեւ դատի տվողն էլ, երբեմն-երբեմն, հիմնականում բարձր քարի վրա կանգնած, արտահայտություններ է անում լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին, որոնք, մեղմ ասած, թեեւ համապատասխան օբյեկտին ուղղված դուզ խոսքեր են, բայց թերթ ու գրչի մարդիկ, պետության շահերից ելնելով, բանի տեղ չեն դնում:



Իրենց գործն է այդպիսին: Օրերս հայկական մամուլում ամենաշրջանառվողները քաղաքացի Արզաքանցյանի կողմից «Երկիր» օրաթերթին դատի տալու եւ առաջին դատական նիստի մասին լուրերն էին, որոնք մեկ անգամ եւս հաստատեցին այն դրույթի ճշմարտացիությունը, որ չի կարելի մարդու` վիրավորվելու բարձրակարգ ընդունակությունն իջեցնել այն աստիճան, որ նույնիսկ հերքում տպագրելու եւ ներողություն խնդրելու պահանջը փոխարինվի պատվի ու արժանապատվության դիմաց փող աշխատելու քստմնելի հավակնության:



Իսկ որպեսզի դա տեղի չունենա, առաջարկում եմ մեր դատարաններում, ներս մտնողի համար տեսանելի տեղում պաստառներ փակցնել` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտնի խոսքերով. «Մի փորձեք եզան տակ հորթ փնտրել»: Ի դեպ, քաղաքացի պատգամավոր Արզաքանցյանը կարող էր այս մասին իմանալ ավելի վաղ եւ սկզբնաղբյուրից, եթե ավելի հաճախակի այցելեր ԱԺ, որտեղ էլ հնչել են արտգործնախարարի անմահ խոսքերը: Ելնելով ասվածից` հաջողություն ենք մաղթում «Երկիր»-ին էլ, Արզաքանցյանին էլ: Առաջինին` իր գործում, երկրորդին` հետեւություններ անելու մարդուն տրված աստվածատուր շնորհքը իզուր չվատնելու: Տերն ընդ ձեզ:



ՀԳ-Երեկ տեղեկացանք, որ Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել եւս մեկ թերթի: Այս հայցն էլ է հայտնվել դատավոր Ռուբեն Ափինյանի վարույթում՝ ինչպես «Երկիրի» դեմ հայցը: Գուցե դատավորը բիրիքով լուծի այս հայցերը: Փաստորեն՝ մեր խեղճ պատգամավորները փող աշխատելու նոր ձեւ են գտել: Այլեւս պետք էլ չի բիզնես անել՝ հերթով թերթերին կարող են դատի տալ ու ոտը ոտին գցած՝ վայելել մեզնից խլած փողերը:



Թերթերի բերանը փորձում են փակել



Դատական հայցերով թերթերին ֆինանսական վնաս հասցնելը շարունակվելու է նաեւ նախընտրական շրջանում, որը «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի՝ Արման Բաբաջանյանի տեղեկություններով, «նախագահականից իջեցված հատուկ հրահանգ է»: «ԶԼՄ-ները համատեղ ուժերով պետք է պայքարեն եւ պարտադրեն ԱԺ-ին զրպարտության ապաքրեականացման օրենքը վերանայել»,-երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա: Օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ նշել է, որ դատարանները նշված օրենսդրական փոփոխություններից հետո դարձել են «բիզնես ոլորտ»՝ փող աշխատելու միջոց: Նրանք ներկայացրել են «Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» դատական հայցի  եւ դատավարության մանրամասներ: Հիշեցնենք, որ «Ժամանակը» տեղեկություն էր տպագրել Քոչարյանների ունեցվածքի եւ տարբեր ընկերություններում նրանց մասնաբաժինների մասին, որոնք էլ զրպարտության եւ վիրավորանքի հայցով դիմել են դատարան՝ պահանջելով 6 միլիոն դրամ փոխհատուցում:



Քոչարյաններն ասում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, սակայն, տպագրվածը ոչ մի կերպ զրպարտություն համարվել չի կարող: Եվ դա «իրավաբանական ֆակուլտետի ցանկացած ուսանող կպնդի»: Փաստաբանը նշել է, որ օրենքով զրպարտությունն ու վիրավորանքը հստակ տարանջատված են, եւ պարտադիր չէ, որ վիրավորանքը նաեւ զրպարտություն պարունակի: Փաստաբանի խոսքով, դատարանը հայցվոր կողմից պահանջել է փաստեր ներկայացնել, որտեղ, ըստ նրանց, կա զրպարտություն, սակայն դա չի կատարվել: «Նրանց նպատակն է ընդամենը նեղել թերթին»:



Բաբաջանյանն էլ նշել է, որ հոդվածն ամբողջությամբ հերքելու պահանջին են իրենք ընդառաջ գնացել, սակայն Քոչարյանները մերժել են «հաշտության» առաջարկը, որովհետեւ իրական նպատակը թերթին ֆինանսական վնաս հասցնելն է: «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք ես հետապնդվել եմ, ազատազրկվել, եւ նրան հանգիստ չի տալիս այն միտքը, որ ես ազատության մեջ այժմ կրկին թերթ եմ խմբագրում, եւ որ ինքն իմ թիրախներից մեկն է»,- ասել է Բաբաջանյանը, որ պատրաստվում է պարտության դեպքում դիմել ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան: Վերջին շրջանում «Ժամանակ» օրաթերթի դեմ զրպարտության համար երեք դատական հայց է ներկայացվել՝ Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների, «Գլենդել Հիլզ» ընկերության եւ ԱԺ նախագահի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանի կողմից, որոնցից ամենամտահոգիչն առաջինն է: