Չլինի՞ հերթական «գույք պարտքի դիմաց»-ն են հաջողացրել

Չլինի՞ հերթական «գույք պարտքի դիմաց»-ն են հաջողացրել
«ՌուսՀիդրո» եւ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ռուսական ընկերություններն ավարտել են «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» (ՄԷԿ) 90% բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, որի հիմնական ակտիվը Հայաստանում «Սեւան-Հրազդան ՀԷԿ կասկադն» է: Ահա այսպիսի «անմեղ», մի քիչ էլ անհասկանալի ձեւակերպված տեղեկատվություն ենք կարդում պաշտոնական լրահոսում, ինչը սովորական մարդկային լեզվով նշանակում է, որ «Սեւան-Հրազդան ՀԷԿ»-երի համալիրն էլ տվեցինք ռուսներին:



Ի դեպ, բացի մեր անսահման ռուսասիրության հանգամանքից, համացանցում գտածս տեղեկատվությունից հասկացա, որ «ՌուսՀիդրոն» եւ դրա տնօրեն Եվգենի Դոդը (ինչ էլ ազգանուն ունի) դեռ շատ առաջ են հետաքրքրված եղել մեր համալիրով ու դեռ «եզն իրենցը չարած են անունն Ալվան դրել»: Այսինքն` 40 մլն դոլար ներդրումներ անելու պատրաստակամություն հայտնել:



Անկեղծ ասած` ոչ մի հետազոտություն չկա, ու ոչ ոք չգիտի` 40 մլն դոլարը լավ է, թե վատ, շատ է, թե քիչ, ինչ խնդիրներ է լուծելու, ինչու, ինչպես եւ այլն: Մանավանդ որ` հերթական անգամ գործարքը գողի պես թաքուն է արվում` մթի մեջ, եւ ոչ ռուսները, ոչ էլ մերոնք չեն հայտարարում, թե որքան են արժեցել գոնե հայկական ակտիվի 90% բաժնետոմսերը: Կոպիտ ասած` ներդրման խոստումը՝ խոստում, բայց ինչքա՞ն փող են տվել «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին` մեկ, մեր կառավարությանը` երկու: Չեն ասում. կոմերցիոն գաղտնիք է` ասում են:



Բա հիմա մենք իրավունք չունե՞նք ենթադրել, որ ամեն բան, ուրեմն, շատ ավելի վատ է, քան 2003-ին, երբ նույն համալիրը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին նվիրեցին ուղղակի կոպեկների դիմաց` ընդամենը 25 մլն դոլարով: Ընդ որում, դրանից մի քոռ գրոշ էլ չմտավ պետբյուջե. հերթական անգամ գործեց «գույք պարտքի դիմաց» ռուսական նենգ «բարտերը»: Եվ ամենաահավորն այն էր, որ նույնիսկ այդքանից հետո դեռ մենք ռուսներին 15 մլն դոլար պարտք մնացինք, որովհետեւ միջուկային վառելիքի դիմաց հասցրել էինք 40 մլն դոլար պարտք կուտակել:



Ավելին` նրանք կառավարությանը խելոք-խելոք պարտավորեցրին մնացած 15 մլն դոլարը կամ շատ արագ վճարել, կամ ժամկետացույց կազմել ու վճարել երկու տարվա ընթացքում: Դե իսկ եթե սրան ավելացնենք եւ այն, որ մեր կառավարությունը նույն այդ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին  5 տարի ժամկետով կառավարման հանձնեց Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերը, լրիվ անեկդոտի տաքսու պատմությունն է ստացվում, որի վարորդին «խաբում են»` փողը տալիս եւ մեքենան չեն նստում: Բայց եթե անեկդոտից հետո ծիծաղում ես, այս պարագայում լացդ է գալիս:



Եվ  որպեսզի ընթերցողը հասկանա, թե հայրենի կառավարությունը որքան վնաս է մեզ տվել, եւ թե իրեն ոնց են ձեռ առել ռուսները (չնայած` գրպանները դրած փողին մուննաթ. դրա դիմաց ինչին չեն դիմացե՞լ որ), նշենք, որ ներկայումս կարծեմ իրանցիների հետ համատեղ կառուցվող Մեղրիի առանձին ՀԷԿ-ը, որ 130 ՄՎտ հզորություն է ունենալու, նախնական հաշվարկներով կարժենա մոտ 323 մլն դոլար: Եվ եթե այդպես է, ի՞նչ արժե, ուրեմն, 7 հիդրոկայանից բաղկացած, կայաններում  21 հիդրոտուրբին ունեցող,  561 ՄՎտ հզորություն ունեցող Սեւան-Հրազդան համալիրը: Նվազագույնը` 323-ը բազմապատկած երկուսով, չէ՞: Եթե ոչ ավելին: Դե հիմա դուք ասեք` հանցագործությունը պոզով-պոչով է՞ լինում:



Չխոսենք արդեն այն մասին, թե ժամանակին 100% կազմած կառավարության ակտիվներն ինչու են հանկարծ այս ընթացքում 90% դարձել: Ո՞ւմ եւ ի՞նչ գնով են վաճառել այդ 10%-ը, ՌԴ ո՞ր քաղաքացուն, ում ինքնությունը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը խնամքով պահպանում եւ ջրի երես չի հանում: Բնավ չենք զարմանա, եթե հանկարծ մի տեղից «մեր երիտասարդ թոշակառուի» ականջները երեւան: Նման բաներն առանց նախագահի գիտության չեն արվում: Իսկ արվել է կարծես թե չափազանց շատ բան...