Աշխատեցին հանգստյան օրերին

Աշխատեցին հանգստյան օրերին
Հանգստյան օրերին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Սյունիքի մարզում էր: Ավտոբուսով մարզ ժամանած պաշտոնյաները եղան բազմաթիվ համայնքներում, զրուցեցին հողագործների եւ ֆերմերների հետ: «Առաջին անգամն է, որ մեզ մոտ  գյուղատնտեսության նախարար է գալիս եւ մեզանից է ուզում իմանալ մեր առաջնահերթ խնդիրը»,- հուզվել էին կոռնիձորցիները եւ առաջ էին քաշում ոռոգման, վարելահողերի նպատակային օգտագործման եւ այլ խնդիրներ:



Սյունիքում էլ, ինչպես մյուս մարզերում, խնդիրները գրեթե նույնն են` սերմացուի, պարարտանյութի, թունաքիմիկատների պակաս, գյուղտեխնիկայի մաշվածություն, ցածր տոկոսադրույքով ու երկարաժամկետ վարկերի տրամադրում: «Տարիներով կուտակված խնդիրներ կան: Պատկերը միանգամից շտկելը բարդ է: Համատեղ ու սրտացավ մոտեցում է հարկավոր, որպեսզի գյուղացու ու գյուղատնտեսության վիճակը հնարավորինս շուտ լավանա: Հանրապետության նախագահի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ` աշխատանքները ժամանակին ու արդյունավետ  իրականացնելու համար:



Մեր առաջին խնդիրը գյուղացու կողքին կանգնելն ու նրա կորցրած վստահությունը վերականգնելն է»,-նշել է Սերգո Կարապետյանը: Վարկերի բարձր տոկոսադրույքներից  դժգոհությանն ի պատասխան նա տեղեկացրել է, որ ԿԲ-ի եւ մի շարք առեւտրային բանկերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առավելագույնը 14 տոկոսով գյուղատնտեսական վարկեր տրամադրելու վերաբերյալ, որից 4 տոկոսը կսուբսիդավորի պետությունը: Մինչեւ 3 մլն դրամի հասնող այս վարկերի մարման ժամկետը երկու տարի է, առաջին երեք ամիսը` արտոնյալ: Վարկերը տրվելու են մանր տնտեսություններին: Այս տարի գյուղացիներին բավարար չափով եւ անվճար պատվաստանյութ էլ կտրամադրվի` անասունների հիվանդությունների կանխարգելման համար: