Քաշաթաղը նոր-նոր փորձում են վերաբնակեցնել

Քաշաթաղը նոր-նոր փորձում են վերաբնակեցնել
Ինչպես Արցախի վերահսկողության տակ գտնվող, իսկ ԼՂՀ Սահմանադրությամբ  ամրագրված տարածքները, Քաշաթաղի շրջանը (Լաչին) ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատրաստված զեկույցում նույնպես համարվում է «ադրբեջանական օկուպացված տարածք»։ Համանախագահողների հավաստմամբ, չնայած ստույգ տեղեկություններ չկան, սակայն Լաչինում եւ Քելբաջարում բնակչությունը կազմում է մոտ 14 հազար մարդ։ Նրանք նշել են, որ այդ տարածքներում, սկսած 2005 թվականից, փաստորեն բնակչության աճ չի գրանցվել։ Նրանց վկայությամբ՝ վերաբնակներն առավելապես Ադրբեջանի տարբեր շրջաններից այդ տարածքներում բնակություն հաստատած էթնիկ հայեր են, ովքեր ապրում են ծանր պայմաններում...



Ցավոք, դա իրոք այդպես է։ Հրադադարից հետո մեկեւկես տասնամյակում իշխանություններն այդպես էլ չկարողացան թե չցանկացան վերաբնակեցնել այդ շրջանները։ Այսօր Արցախում կարծես թե միտում կա վերաբնակեցնելու այդ հողերը։ Խոսքը վերաբերում է հատկապես Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջաններին։ Այդ մասին Արցախի վարչապետն ակնարկել է նաեւ վերջերս՝ Բեյրութում տված մամուլի ասուլիսի ժամանակ։



2010 թվականին Քաշաթաղի շրջանում բնակություն է հաստատել շուրջ 200 ընտանիք (ավելի քան 600 մարդ)։ 2011 թվականի առաջին ամիսներին, պաշտոնական տեղեկությունների համաձայն, այդ շրջանի տարբեր բնակավայրերում հաստատվել է եւս 50 ընտանիք։ Նույն տեղեկությունների համաձայն, սպասվում է, որ մինչեւ տարեվերջ այստեղ նոր վերաբնակեցված ընտանիքների թիվը կհասնի 300-ի։ Այստեղ բնակվել ցանկացողներին տրամադրում են վարկեր, շինանյութեր, ինչպես նաեւ փոխհատուցվում են գույքի տեղափոխման հետ կապված ծախսերը։



Տեղի իշխանությունները նշում են, որ հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում են, որպեսզի այստեղ զարգանան հողագործությունն ու անասնապահությունը։ 70 ընտանիք արդեն 1 մլն դրամի սահմաններում վարկ է ստացել, որ տրամադրել է լիբանանյան «Արցախ» հիմնադրամը։



Արցախի վարչապետ Ա. Հարությունյանի ասելով՝ տարբեր երկրների մեր շատ հայրենակիցներ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Քաշաթաղի շրջանի տնտեսական զարգացման ծրագրին։ «Մոտավորապես 3 մլն դոլարի խոստում են տվել,- ասում է նա։- Քաշաթաղի շրջանին կգումարվի նաեւ Շահումյանի շրջանը։ Շուրջ 1000 ընտանիք հնարավորություն կունենա օգտվելու նման վարկային ծրագրից»։



Առայժմ գյուղտեխնիկան դեռեւս չի բավարարում շրջանի բնակչության պահանջները, ուստի նրանք ստիպված են լինում օգտվել ՀՀ Սյունիքի տարածաշրջանի եւ Վայոց ձորի տեխնիկական միջոցներից։ Արցախի պաշտոնական շրջանակների վկայությամբ, Քաշաթաղի շրջվարչակազմը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի շրջանն ապահովի մասնագետներով, այդ թվում՝ ուսուցիչներով ու բուժաշխատողներով։ Շրջվարչակազմի վկայությամբ, Քաշաթաղում այսօր ապրում է մոտ 9 հազար մարդ։



Շա՞տ է դա, թե՞ քիչ։ Ասենք միայն, որ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն իր պաշտոնավարման առաջին օրերին խոստացել էր Արցախի բնակչությունը հասցնել 300 հազարի։ Իսկ այսօր Ղարաբաղում, ներառյալ ազատագրված տարածքները, ընդամենը 143 հազար մարդ է ապրում։ Այս տարածքները եթե պատկանեին Ադրբեջանին, որին մենք հաղթել ենք, վերջին 10-15 տարում այս հողում 500 հազարից մինչեւ 1 մլն մարդ բնակեցրած կլիներ։ Իսկ ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը ԵԱՀԿ միջնորդ պարոններին տարել-ցույց էր տվել այդ տարածքներն ու հպարտորեն ասել, որ դրանք չեն բնակեցվում։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ