Թատրոնում «շովու» դիտողները շատացել են

Թատրոնում «շովու» դիտողները շատացել են
Դրամատուրգիա, ռեժիսուրա, հանդիսատես. թերեւս բոլոր ժամանակներում սրանք են այն հիմնական անկյունաքարերը, որ թատրոն են ստեղծել: Մարտի 27-ի՝ Թատրոնի միջազգային օրվա առիթով այս խնդիրների շուրջ զրուցեցինք հենց իրենց՝ թատրոնի մարդկանց հետ:



ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ



Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի խոսքով՝ հայ դրամատուրգիան այսօր հետ է ընկնում ոչ միայն միջազգային, այլ նաեւ նորմալ բնականոն իր ընթացքից: Գեղարվեստական ղեկավարի կարծիքով՝ Սովետ Միության փլուզումից, անկախացումից հետո դեռ չեն ծնվել հեղինակներ, ովքեր ողջ թարմությամբ, լայն աշխարհայացքով ու ոչ նեղ ազգային դիտանկյունից կարողանային մեր խնդիրների մասին այնպես գրել, որ այդ պիեսը հնարավոր լիներ բեմադրել նաեւ Մոսկվայում, Փարիզում:



«Դա մեծ բան է, երբ պիեսն ինձ դուր չի գալիս միայն նրա համար, որ ես հայ եմ», -նշեց Ալեքսանդր Գրիգորյանն ու, որպես իր խոսքի շարունակություն՝ օրինակ բերեց իրենց թատրոնի խաղացանկում ընդգրկված 2 ներկայացում՝ ամերիկացի հեղինակ Ռիչարդ Կալինովսկու «Լուսնային հրեշը» եւ իտալացի Ռոբերտո Կավոզիի «Ֆելդֆեբել բատերֆլյայը», մատնանշելով, որ արդեն որերորդ անգամ հայերի խնդիրների մասին գրում են օտարերկրացի հեղինակները. «Իտալացի դրամատուրգն իր պիեսի հիմքում վերցրել է հայ փախստական կնոջ խնդիրը:



Մի թեմա, որով հայ գրականությունը եւ հայ դրամատուրգիան դեռ չեն զբաղվել: Իսկ էդ մարդն այնտեղ՝ Իտալիայում դրա մասին մտածել-գրել է: Ու այնքան խորն է ընկալել այդ տարիների հայ իրականությունը եւ այնքան մեծ ցավով գրել իր հերոսուհու՝ հայ կնոջ ճակատագրի մասին, որ արդյունքում ստացվել է շատ հետաքրքիր գործ: Կալինովսկին էլ իր «Լուսնային հրեշը» պիեսում Հայոց ցեղասպանության մասին է գրել ու էլի շատ հիանալի կերպով, որը տարբեր երկրներում էլի մի շարք մրցանակներ է վերցրել»:



Ալեքսանդր Գրիգորյանը նշեց, որ մերոնք էլ են գրել ու բերել ցեղասպանության, 88-ի երկրաշարժի, Բաքվի ջարդերի մասին, բայց ոչ մեկը բեմադրելու չէ. «Օրինակ ցեղասպանության մասին 15 հատ պիես ունեմ, բայց ոչ մեկը չես կարող բեմադրել, որովհետեւ վատ են գրում, շատ վատ, ի՞նչ կարող ես ասել»: Փորձեցի պարզել, թե վատ գրել ասելով ինչ նկատի ունի՝ գրելու տեխնիկա՞ն, նեղ աշխարհայա՞ցքը, ասելի՞քը, ինչին ի պատասխան պրն Գրիգորյանն ասաց. «Բոլորն էլ միասին, չհաշված, որ գրվածը գրական գործ պետք է լինի, ինտելեկտուալ:



Լավ կլիներ, որ Թատերական գործիչների միությանը կից ստեղծվեր Դրամատուրգների միություն, որոնք գուցե ինչ-որ բան մտածեին, թե չէ չգիտես՝ հիմա գրում են, թե չեն գրում, չկա հեղինակների խումբ, մի քանի հոգի են, ովքեր գրում են: Օրինակ, Կարինե Խոդիկյանն ինձ համար հետաքրքիր աշխարհայացքով դրամատուրգ է, բայց դա դեռ բավարար չէ, որպեսզի նա դուրս գա միջազգային ասպարեզ»: Ալեքսանդր Գրիգորյանի կարծիքով՝ թատերագետները, դրամատուրգներն այս նոր ժամանակներին դեռ չեն ադապտացվել, դրա համար էլ թատրոնի ընկալումը շատ պրիմիտիվ է ու դեռեւս մնացել է 19-րդ դարի մակարդակի ընկալումների վրա. «Աշխարհայացքի մեջ նորը մտցնելը շատ կարեւոր է, որովհետեւ ազգի ինքնադրսեւորումը գալիս է գրականության միջոցով»:



ՌԵԺԻՍՈՒՐԱ ԵՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ



Երեւանի խամաճիկների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Աննա Էլբակյանի կարծիքով՝ թատրոնը պետք է լինի հեղինակային, այդ ժամանակ այն կունենա իր նպատակը, իր հանդիսատեսը, իր ասելիքը. «Կուզեի լիներ մի բեմահարթակ, որտեղ երիտասարդ ռեժիսորները, դրամատուրգները, օրինակ, Շեքսպիր բեմադրեին ու դա անեին առանց տապալվելու, առանց հավակնությունների: Կարծում եմ՝ դա շատ բարենպաստ մի հող կստեղծեր, որը հետո ծիլեր կտար»: Հարցին, թե մերօրյա բեմադրությունների մեջ թարմ շունչ, նոր մոտեցումներ տեսնո՞ւմ է, Աննա Էլբակյանը պատասխանեց, որ կա եւ մեկը, եւ մյուսը, ուղղակի մի քիչ դժգոհ է թեմատիկայից. «Հիմա բոլորը վարակվել են հոգին չսնող թեմաներով:



Ձեւը դեռ բովանդակություն չէ, նույնիսկ ֆրանսիական մի շարք ֆիլմերում արդեն չես զարմանում նոր գյուտերի վրա, անընդհատ միտում կա հանդիսատեսին  զարմացնելու, շոկի մեջ պահելու, եւ կորել է բուն խոսքը, էությունը, ասելիքը, որը սնում է հենց հոգին: Այդ միտումի մեջ թեմաները դարձել են մարդու նյարդերի վրա ազդող, բայց դա արդեն երեկ է, ու այսօր պետք է ավելի լուրջ մտածել, որովհետեւ աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, եւ հավիտենական արժեքների մասին պետք է խոսվի նոր, թարմ լեզվով՝ աչքից աչք, սրտից սիրտ սկզբունքով»:



Նա նաեւ նշեց, որ, օրինակ, սերիալում դերասանի մարմնավորած կերպարը հետո խանգարում է ոչ միայն  հանդիսատեսին՝ նրան բեմից ընկալելու համար, այլ նաեւ հենց դերասանին՝ իր աշխատանքի մեջ. «Լավ թատրոնը գին արժի, ինչո՞ւ է կոչվում մշակույթ, որովհետեւ դու մշակում ես, դեն ես գցում այն, ինչ որ պետք չի, եւ թողնում ես միայն այն, որն ամենակարեւորն է, որովհետեւ դա քեզ հետ գնալու է մարդկանց սրտերի հետ խոսի: Իսկ հանդիսատեսի հետ այսօր պետք է նորովի խոսել, որ չգա ու հիասթափվի»:



Դերասան Ռաֆայել Քոթանջյանի խոսքով էլ հանդիսատեսից շատերն այսօր գալիս են թատրոն ոչ թե ներկայացում նայելու, այլ ուրիշ բան փնտրելու. «Արդեն գալիս են թատրոն ոչ թե շոու, այլ շովու դիտելու: Իսկ այդ շովուի ժամանակ, բնականաբար, ոչ մի պրոբլեմ չկա դահլիճը լցնելու համար, որովհետեւ այսօր շոու նայողներ շատ կան, բայց թատերական ներկայացում դիտողներն են քչացել: Ու դա տարիքայինի հետ կապված չէ, դա զանգվածի հետ է կապված: Մեր լավ հանդիսատեսը գնալով մեծանում է ու պակասում: Դա մեզ համար շատ ցավալի է, ցավալի է նաեւ այն, որ մենք այսօր գրեթե երիտասարդ հանդիսատես չունենք»: