Շախմատ խաղացողները եւ Րաֆֆիի գամբիթը*

Շախմատ խաղացողները եւ Րաֆֆիի գամբիթը*
Երբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց իր «Ազատության ծոմը», առաջին օրը համարյա ոչ ոք չհասկացավ, թե ինչ է դա, եւ ամենակարեւորը` ինչու: «Ինչու»-ի պատասխանն այդպես էլ չտվեց նույնիսկ ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ նրա ներկայացրած 15 պահանջները` «Հայաստան» պահանջը ներառյալ, ավելի շատ պոետիկ հոգու տեր մարդու պոռթկում էին հիշեցնում, քան քաղաքական պահանջներ: Մինչեւ հիմա նույնիսկ հասկանալի չէ, թե որ դեպքում է Րաֆֆին դուրս գալու հացադուլից, քանի որ կարճ ձեւակերպած՝ «կամ Սերժը, կամ Աստված» արտահայտությունը ոչ քաղաքագիտական վերլուծության է ենթարկվում, ոչ էլ կրոնաբանական:



Ասեմ ավելին` մինչ այժմ բավական ծանրակշիռ քաղաքական գործիչներ եւ տեսաբաններ դեռ մեկնաբանում են՝ «Ժառանգության» առաջնորդի «գործողությունն» ի վերջո քաղաքական ակցիա՞ է, թե՞ քրիստոնեական ծոմապահություն: Անհասկանալիության մակարդակն այնքան բարձր էր, որ մի անասելի տուրուդմփոց սկսվեց բոլոր հնարավոր քաղաքականացված միջավայրերում, այդ թվում` սոցիալական ցանցերում, ուր արդեն նախկին ընկերները սկսեցին իրար ուղիղ վիրավորանքներ հասցնել, արգելափակել, այրել հարաբերությունների բոլոր կամուրջները:



Բայց ցանկացած գործողություն, ի վերջո, արդարացվում է արդյունքներով, իսկ այն, ինչ հաջողվեց անել Րաֆֆի Հովհաննիսյանին այս կարճ ժամանակահատվածում, քչերին կհաջողվեր: Պարզապես նա ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ վայրում, եւ դրան գումարվեցին իր համար նպաստավոր քաղաքական (եւ ոչ միայն) պայմանները:



«ՊՈՒՊՍԸ» ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴՈՒ



Որքան ուզում է ցինիզմով վերաբերվենք քաղաքականության մեջ արտաքին տեսքի օգտագործման ֆենոմենին, այն գործուն է եւ ելնելով պատմաքաղաքական կենսափորձից` միանշանակ արդարացված: Կարող ենք միջազգային եւ նույնիսկ տեղական պրակտիկայից տասնյակ օրինակներ բերել, երբ գործչի արտաքին տվյալները, ժեստիկուլյացիան, սանրվածքը, քառակուսի բեղիկը կամ մաշկի գույնը, ճակատի վրայի խալը եւ նույնիսկ իրարից իրենց ձեւով տարբերվող երկու աչքերը նշանակալի ազդեցություն են ունենում այդ գործչի խարիզմայի, նրա նկատմամբ հասարակության տարբեր շերտերի կողմից դրսեւորվող վերաբերմունքի ձեւերի եւ հարգանքի ու պատկառանքի աստիճանի վրա:



Նույնիսկ ես ինքս ժամանակին համոզված էի, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Արամ Սարգսյան-Ստեփան Դեմիրճյան տանդեմն էմոցիոնալ տեսակետից շատ ավելի տրամադրող կարող էր դառնալ, եթե Արամ Սարգսյանը սկսեր մորուք պահել` որոշակի հասկանալի ասոցիացիաներով պայմանավորված: Սրանք ողջ աշխարհում եւ բոլոր ժամանակներում կիրառվող տրիվիալ քաղաքական տեխնոլոգիաներ են: Ու հիմա մեր բոլորի աչքի առաջ մի քանի օրերի ընթացքում թմբլիկ, սփյուռքահայի բեղերով փափկասուն ու կամակոր Րաֆֆին վերածվեց նիհար, հասարակ մարդու՝ անփույթ թրաշով, կամային հատկանիշներով մի մեծահոգի տղամարդու:



Եկեք ընդունենք, որ «փուչիկ» մակդիրը, որը շրջանառության մեջ էր դրվել քաղաքագիտական շրջանակների կողմից որպես Հովհաննիսյանի քաղաքական դատարկության խորհրդանիշ, հասարակական լայն զանգվածների մոտ ավելի շատ ասոցացվում էր նրա թմբլիկության հետ: Րաֆֆին այլեւս «փուչիկ» չէ: Անուրանալի է նաեւ այն իրողությունը, որ արտաքին տեսքի արմատական փոփոխությունները նույն հասարակական շերտերի մոտ կարող են ասոցացվել տվյալ մարդու կամային եւ մտավոր ունակությունների փոփոխության հետ եւս:



Րաֆֆին արդեն այն թնկթնկան Րաֆֆին չէ, որը մեկ խրոխտ ասում էր, թե լքում է խորհրդարանը, մեկ փոշմանում, մի օր նեղանում էր, թե այլեւս «Ժառանգության» նախագահը չէ, մյուս օրը նորից խելոք գնում գործի: Նա այսօր հացադուլավոր է, քաղցի, ցրտի, ոստիկանների, նրան չհանդուրժող խավի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի դեմ մեն-մենակ պայքարի դուրս եկած մի ախպեր-տղա: Նա նաեւ մեծահոգի է ու վեհանձն, նա ներում է բոլոր նրանց, ովքեր իրեն չեն բարեւել, եւ խորապես շնորհակալ է բոլոր նրանցից, ովքեր իրենց փոքրիկ հոգեբանական ներդրումն են ունեցել իր համեստ նախաձեռնության մեջ:



Ու բանը հասել է նրան, որ իրար հետ են համեմատում անգամ Րաֆֆուն ու Նիկոլին` հանգիստ խղճով ի դերեւ անելով բոլոր պայմանականությունները` քաղբանտարկյալ, անազատություն, կյանքի վտանգ, մտավոր ունակություններ, գաղափարի հստակ ձեւակերպում…



ԻՆՉ ԿԼԻՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ՀԵՏՈ



Բողոքի նախավերջին ծայրահեղ դրսեւորում համարվող հացադուլը, գործնականում, ունենում է երեք ելք` պահանջների կատարում (ինչպես, օրինակ, հնդկական ինքնիշխանության երախտավոր Մահաթմա Գանդիի դեպքում), մահ (ինչպես, օրինակ, Իռլանդական Կորկի լորդ-քաղաքապետ Տերենս Մակսուինիի դեպքում, ով մահացավ հացադուլի 74-րդ օրը), եւ ինչ-որ մեկի խնդրանքով հացադուլի դադարեցում (նման դեպքերն անհամեմատ շա՜տ ավելի շատ են): Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքն անկասկած երրորդն է լինելու:



Նախապատրաստությունն արդեն տեսել էին հիմնականում նրա խորհրդարանական գործընկերները ու ոչ միայն, իսկ գործընթացի պսակը հանրակրթական դպրոցների աշակերտական դելեգացիայի խնդրագիրը կարող է դառնալ: Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս կգա հացադուլից, թերեւս, առանց առողջական նկատելի կորուստների եւ նորացված կերպարով կվերադառնա քաղաքական-հասարակական կյանք` հետեւում թողնելով փլատակներ, անհանդուրժողականության ծայրահեղ դրսեւորումներ, ձեւավորված նոր եւ քանդված հին կոնգլոմերատներ:



Ես չգիտեմ` նախատեսված էր դա արդյոք, թե ոչ, բայց Րաֆֆիի քայլը որոշակիորեն կողմնորոշիչ դեր խաղաց Լեւոն-Սերժ հակոտնյա զույգի հանդեպ հավասարապես հակակրանք տածող ուժերի եւ մարդկանց համար, եւ նրանք լիարժեք մեկուսացան` իրար մեջ փոխըմբռնում եւ հասկացողություն փնտրելու: Այս նպատակով օգտագործված միջոցները` հացադուլի հայտարարումը ՀԱԿ հանրահավաքից առաջ, «Լեւոնի անքաղաքավարության ու քինախնդրության»  եւ «Ազատության հրապարակի ազատագրման» վարկածները շրջանառության մեջ դնելը, փաստորեն, գործուն նշանակություն ունեցան:



Սույն պրոցեսը, արդեն կասկածից վեր է, մանրամասն ուսումնասիրվել է «նախագծի» հեղինակների կողմից, եւ նախօրեին արդեն Րաֆֆիի կողմնակիցները հասարակական-քաղաքական մտքի էական կշիռ ներկայացնող մի խումբ մարդկանց հրավիրել են նրա մոտ` իբր աջակցության համար երախտիքի խոսք հայտնելու (տես «Հրապարակ» 29.03.2011, առաջին էջ), ուր բարձրացվել է հարցերի հարցը` ի՞նչ անել: Րաֆֆիի հավակնությունների, նպաստավոր պայմանների եւ կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների առկայության պարագայում կարելի է արդեն հստակ պնդել, որ «Ժառանգության» լիդերը երրորդ ճակատ է փորձում ձեւավորել` ճաշակելով իր իսկ ակամա կամ կանխամտածված գործողության արդյունքում հասունացված բավական հյութալի պտուղները:



Կստացվի՞ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ` վերահսկողության տակ պահել այս գործընթացը, սա արդեն նրա իրական, այլ ոչ թե տեխնոլոգիապես բտած հատկանիշներից է կախված: Բայց գոնե ինձ համար միանշանակ է, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ շախմատ էր խաղում, Րաֆֆին սկսել էր իր սեփական պարտիան, որը մեկնարկեց փառահեղ արքայական գամբիթով:



Ես չեմ ուզում քննարկել, թե արդյոք այս ամենը «Ժառանգության», անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի, Ռոբերտ Քոչարյանի տեխնոլոգների կամ մեկ այլ անհայտ ուժի պրոյեկտ է, կամ՝ արդյոք ընդհանրապես պրոյեկտ է, թե ոչ: Բայց եթե նույնիսկ «Նոր Րաֆֆին» պրոյեկտ է, ապա` լուրջ եմ ասում, հալալ է էդ պրոյեկտի պրոդյուսերին էլ, ռեժիսորին էլ…



ՀԳ - Հանուն արդարության հարկ է նշել, որ այլ տարբերակի հավանականություն էլ կա: Լուսահոգի մորական պապս, որը շախմատից այնքան էր հեռու, որ նույնիսկ ֆիգուրների անունները չգիտեր, սիրում էր մի դեպք պատմել: Արզնիում հանգստանալիս մոտեցել էր շախմատ խաղացող իր հարեւաններին եւ պաթետիկ շարժումով վերցնելով մի ֆիգուր, դրել էր պատահական վանդակի վրա: Պարզվել էր, որ դա առաջին քայլն էր 3 քայլանոց մատի, որը խաղացողներից ոչ մեկը, ոչ էլ մյուսը չէին նկատել: Պապս պատմում էր, որ մինչեւ Երեւան վերադառնալն այլեւս փակված էր մնացել իր սենյակում` գլխացավի պատճառաբանությամբ «ատբիտ» լինելով իր հետ շախմատ խաղալ թախանձողներից:  Հո պատիվը գետնով չէր տալու…



*Գամբիթ - շախմատային դեբյուտի տեսակ, որի ժամանակ խաղացողը որոշ զոհողությունների գնով արագորեն նվաճում է դաշտի կենտրոնական հատվածը:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ