Ընդդիմադիր նոր միավորում կլինի՞, թե՞ ոչ

Ընդդիմադիր նոր միավորում կլինի՞, թե՞ ոչ
Քաղաքական շրջանակներում վերջերս խոսակցության թեժ նյութ է դարձել նոր, այլընտրանքային ուժի ստեղծման թեման: Մի կողմից դա բնական է՝ շուտով նախընտրական փուլ ենք թեւակոխելու, մյուս կողմից, չի բացառվում, որ դաշտում առկա քաղաքական ուժերի գործողություններն են նման խոսակցությունների պատճառ դարձել:



Նոր ընդդիմադիր միավորման անհրաժեշտության եւ հավանականության մասին զրուցեցինք որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: «ՀԱԿ-ն այսօր ստանձնել է ընդդիմադիր ուժերի միավորումը եւ այդ դերը պետք է տանի մինչեւ տրամաբանական ավարտ: Եթե այսօր ՀԱԿ-ը գործում է, եւ մեծ զանգված է հետեւից գնում, ուրեմն այսօր ՀԱԿ-ը միակ ուժն է, որին կարելի է վստահել, եւ որին ժողովուրդը մեծ քվե է տալիս»,-ընդդիմադիր նոր միավորման անհրաժեշտություն չտեսնելով՝ նշեց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Արթուր Գասպարյանը, ով չբացառեց, որ այդ պահանջը կարող է ավելի ուշ զգացվել: «Թեւակոխելով նոր փուլ՝ նախընտրական արշավի ժամանակ երեւի թե ավելի պարզ կլինի՝ դաշտում ով կմնա...»,- ասաց նա: «Արդյո՞ք դաշտում կա իսկապես արմատական ընդդիմություն» հարցին Գասպարյանն ընդամենը ներկայացրեց ընդդիմության իր տեսլականը:



«Ընդդիմությունը լայն հասկացողություն է դարձել մեր ժամանակներում, մինչդեռ ընդդիմությունը պետք է այսօր արմատական գործի, այլ ոչ իշխանությունների հետ փորձի գտնել եզրեր: Իհարկե, բանակցություններ միշտ էլ պետք  են, ես կոչ չեմ անում կամ ցանկանում, որ ամեն ինչ լինի բախման ձեւով, բայց իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելը շատ տարածված խոսք է դարձել...»,- նշեց նա՝ եզրահանգելով. «Իշխանության պրոյեկտները հեռանկարային չեն, դրանք շուտ բացահայտվում են»: Այսօր, ըստ Գասպարյանի, հակառակը՝ գոյություն ունեցող կուսակցությունների «ֆիլտրելու» անհրաժեշտություն կա:



«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւս ժամանակավրեպ համարեց թեմայի շուրջ խոսել, չբացառելով նոր միավորման հավանականությունը: «Ամեն դեպքում քաղաքական պրոցեսները ցույց կտան»,- նշեց Մարտիրոսյանը:



Մինչդեռ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը միանշանակ նոր ընդդիմադիր միավորման անհրաժեշտություն է տեսնում եւ համարում, որ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանն այլընտրանք կարող են ներկայացնել միայն սոցիալ-դեմոկրատները: «Բացի դրանից, մեզ համար անհասկանալի է, թե ինչ գաղափարական վեճի մեջ են գտնվում այսօրվա իշխանական կոալիցիան եւ ՀԱԿ-ը եւ առհասարակ բոլոր աջ կուսակցությունները, որոնք իրենց այդպիսին ներկայացնում են»,- ասաց Դեմկուսի նախագահը եւ հավելեց, որ բոլոր ջանքերը կգործադրեն մինչ նախընտրական փուլը ստեղծելու սոցիալ-դեմոկրատական գաղափարակիրների միավորում: «Իսկ ի՞նչ երաշխիք, որ դա չի դիտվի իշխանական հերթական պրոյեկտ» հարցին Սարգսյանը պատասխանեց. «Ամեն մեկի խնդիրն է, թե ինչպես կտեսնի»: Այլ միավորումներին իր մասնակցությունը բացառեց:



««Սարդարապատ» շարժումը հայտ է ներկայացնում դառնալու այդ դիմադրող ուժը, այն ճակատը, որում միավորվելու են մարդիկ, ովքեր 1.5 տասնամյակ համոզվել են, որ տարբեր կարգախոսներով, տարբեր կուսակցություններ շարունակում են ժողովրդին պահել մատնոցախաղի զոհի դերում, քանզի ընտրությունները մեզ մոտ մատնոցախաղ են, եւ միշտ հաղթում են ղումարբազները»,-ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Տիգրան Խզմալյանը: «Մեր մոտեցումներն ազատական են, համարում ենք, որ կուսակցություններն աղետ են Հայաստանի համար, եւ ոչ մի կուսակցության հետ չենք միավորվելու, վերկուսակցական շարժում ենք: Կուսակցությունները, ցավոք սրտի, մեծ մասամբ վաղուց արդեն դարձել են օտար երկրների կամ հատուկ ծառայությունների գործակալը»:



Շարժումն այսօր օրակարգային խնդիր է համարում ժողովրդին դուրս հանել այս վտանգավոր խաղից, որի մեջ փորձում են մտցնել շատ  գործիչներ: «Նկատի ունեմ արտահերթ կամ հերթական ընտրությունները, քանզի այնտեղ ով էլ հաղթի, պարտվողը լինելու է ժողովուրդը»,- ասաց Խզմալյանը: Միայն համակարգային փոփոխություններով կարելի է հասնել ազատության:



«Այն երկրներում, որտեղ տապալվեցին բռնապետերը, ոչ ընտրություններ էին՝ արտահերթ կամ հերթական, ոչ կուսակցապետեր էին առաջնորդում ժողովրդին, ոչ մի կուռք, մարդիկ դուրս էին գալիս հրապարակ եւ պարտադրում իրենց կամքը, դա այն ժողովրդավարությունն է, որը հազարամյակներ առաջ կոչվել էր դեմոկրատիա, եւ դա մնում է ժողովրդավարության միակ ճիշտ ուղին, այն պայմաններում, երբ մնացած ուղիները կեղծված են»: Հասարակությանը, ըստ Խզմալյանի, հավատ կներշնչեն  շարժման անդամների կենսագրությունները:



ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ նշեց, թե «ժողովրդի տեսանկյունից որ այլընտրանք պետք է, բացարձակ մեծամասնությունն է համաձայն», սակայն քաղաքական տեսանկյունից չցանկացավ լուրջ քննարկել հարցը: «Ես համարում եմ, որ քաղաքականությունը դուրս է եկել Հայաստանից եւ այլեւս չի վերադարձել»,- ասաց նա: