Եվրավարչապետից մնաց եվրագյուղացին

Եվրավարչապետից մնաց եվրագյուղացին
«Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած մարդ ունի բնական ձգտում հողի հետ աշխատելու, որովհետեւ մարդ, երբ մեկուսանում է գյուղից, հողի մշակումից, հայտնվում է արհեստական միջավայրում, որը ստեղծում է բազմաթիվ խնդիրներ մարդու համար։ Այդ բնական ձգտումը կա նաեւ իմ մեջ»։



Վարչապետ



Տիգրան Սարգսյան



Կիրակի, 27 մարտ 2011



 



Այս գարնանային «բարեբաստիկ» (վարչապետի սիրած բառն է), արեւոտ կիրակին եվրոպամետ Տիգրան Սարգսյանի ռեյտինգի համար բեկումնային դարձավ, մի քանի ժամում իշխանական քարոզչամեքենաների լայնածավալ լուսաբանման շնորհիվ եվրովարչապետը վերածվեց եվրոգյուղացու: Երեկ ամենատարբեր միջավայրերում քննարկման թեժ թեման թանկարժեք, բայց հասարակ «դեղին ժակետով», արեւից կկոցած աչքերով ու ժելեած մազերով Տիգրան Սարգսյանի գյուղացու նոր իմիջն էր, հանդի մեջտեղում բեմադրած թոք շոուն ու վերոնշյալ խոստովանությունը: Դպրոցահասակից մինչեւ պաշտոնյա երեկ խոսում ու լիաթոք ծիծաղում էին, քննարկում, թե ում գլխում կարող էր ծագել այս օրիգինալ գաղափարը: Ում մտքով կարող էր անցնել գնալ հանդ, պրպտել մի հարթ տեղ, ավլել-սրբել, քաղաքից մի քանի աթոռ ու միկրոֆոն, հատընտիր լրագրող բերել,  թանգարանից էլ մի քանի կուժ ու կողով տանել, չոլի մեջտեղում՝ բնության գրկում բեմադրել գյուղատնտեսության զարգացման թեմայով ասուլիսը: Գյուղի ու գործադիրի, գյուղացու ու վարչապետի այս օրիգինալ համադրությունը ժողովրդի շրջանում ծաղրուծանակի է ենթարկվել:



Մարդիկ նույնիսկ մտածում էին, թե դա կազմակերպվել է նրան վերջնականապես խայտառակելու համար, ինչն անխոս՝ հաջողվեց: Համաձայնեք, որ միայն Տիգրան Սարգսյանի PR-շչիկների մտքով կարող էր այս կատակերգությունն անցնել: Ի դեպ, ասում են՝  այս գործում մեծ է եղել վարչապետի օգնական Արամ Անանյանի դերակատարությունը, հատկապես դիզայնի ու վայրի ընտրությունը նրա բծախնդիր աշխատանքի արդյունքն է եղել: Մնացածն էլ թերեւս՝ երբեւէ գյուղ չմտած խորհրդատուների ներդրումը: Անգամ առաջարկներ էին անում՝ հաջորդ ասուլիսին անթերի կոլորիտ  ստեղծելու համար Տիգրան Սարգսյանը լավ կլիներ, որ խոտի դեզին նստեր, բոստան ջրեր կամ բահի կոթին կռթնած՝  առվեզրին նստոտած լրագրողներին պատմեր գյուղացու դարդուցավի մասին: Ինչ վերաբերում է հողի ու մարդու փոխհարաբերության նրա դարակազմիկ աֆորիզմին, ապա այդպիսով նա պատասխանեց  իր վարչապետության օրոք կուտակված բոլոր քննադատություններին ու հարցադրումներին: Բացահայտվեց, որ գործադիրի անգործությունը, տնտեսության ու գյուղատնտեսության կործանումը շատ լուրջ ու խորը հոգեբանական պատճառ են ունեցել:



Ինչպես խոստովանում է վարչապետը, դրա հիմքում եղել է բնական ձգտումների մարումը, ինչն առաջանում է, երբ մարդ հեռանում է հողից ու հայտնվում արհեստական  միջավայրում: Հավանաբար սրանում համոզվել է սեփական օրինակով եւ անմիջապես կառավարության շքեղաշուք պատերը թողել է մի կողմ ու մտել պատահած գյուղ: Իսկ իր ընդդիմախոսները, չիմանալով  վարչապետի հոգում ահագնացող ցավը, առանց վերլուծելու նրա հոգեվիճակն ու վիշտը, խնդիրների խորությունն ու իրական պատճառները, դաժան քննադատության են ենթարկում նրան: Հիմա գոնե հասկացա՞ք, թե ինչն է խանգարում պարոն վարչապետին կողմնորոշվելու ու տնտեսությունն անդունդից դուրս բերելու: Սա իրականացնելու համար նախ պետք էր, որ մարդն իր կորսված հոգին գտաներ, ինչի առաջին փորձը եղավ մարտի վերջին կիրակին:



ՀԳ - Հետաքրքիր է՝ ծնելիության աճի խթանման թեմայով ասուլիսի համա՞ր ինչ են նախապատրաստել վարչապետի խորհրդատուները: Տեսնես ի՞նչ տեսարան ու ինտերիեր են ապահովելու: