Դատախազի խոսքն օրենք է դատարանի համար

Դատախազի խոսքն օրենք է դատարանի համար
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. մարտի 20-ին մերժել էր Լոռու մարզի քննչական բաժնի միջնորդությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով մեղադրվող 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։



Հիշեցնենք, որ մարտի 16-ին Մաքսիմ Պետրոսյանն իր բնակարանում սուր կտրող-ծակող գործիքով սպանել էր ընկերոջը՝  75-ամյա Երվանդ Առաքելյանին։ Դատարանի որոշման հետ համամիտ չլինելով, մարտի 20-ին Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ասուլիս էր հրավիրել։ Լրագրողների հետ զրույցում դատախազն ասել էր, որ քաղաքում այս դեպքը կարող է նախադեպ դառնալ եւ իր հետ բերել անպատժելիության մթնոլորտ, որը կանխելու համար դիմելու էր վերաքննիչ դատարան։  Կարեն Շահբազյանը նաեւ հավելել էր, որ Մաքսիմ Պետրոսյանի համար խափանման միջոց ստորագրությամբ չբացակայելու կիրառումն անհիմն է, քանի որ, ըստ դատախազի, Մաքսիմ Պետրոսյանը վտանգ է ներկայացնում հասարակության համար։



Օրերս Լոռու մարզի մի խումբ փաստաբաններ իրենց վրդովմունքն ու տարակուսանքն էին արտահայտել դատախազի հայտարարությունների վերաբերյալ, քանի որ նա «գործի հանգամանքների վերաբերյալ փորձել է թյուր կարծիք ձեւավորել հասարակության մեջ եւ ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ»: Նրանք գտնում են, որ սա ոտնձգություն է դատարանի անկախության նկատմամբ: «Դատախազը, դուրս գալով ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, օրենքով սահմանված կարգով որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը բողոքարկելու փոխարեն, անհարկի քննադատության է ենթարկել դատարանի կողմից կայացված ակտը, որով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելուց բացի, փորձել է նաեւ ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ»,- գրել են նրանք:



Նրանք դատախազին մեղադրել են կեղծիքի մեջ, քանի որ նա «Վանաձորի ազգաբնակչության անունից ներկայացրել է, իբր թե վերջիններս մտահոգված են Մաքսիմ Պետրոսյանի՝ ազատության մեջ մնալու հանգամանքով, մինչդեռ մենք, առավել ակտիվ շփումներ ունենալով բնակչության հետ, փաստում ենք ճիշտ հակառակը. բնակչությունը մտահոգված է, որ չարդարացված դաժան դիրքորոշում ունեցող Լոռու մարզի քննչական բաժինը եւ դատախազությունը 2-րդ խմբի հաշմանդամ՝ 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ներկայացրել դատարան»: Դատախազը նաեւ տվյալ անձի՝ Մ. Պետրոսյանի «լռելու» իրավունքը գնահատել է որպես նախաքննությանը խոչընդոտելու հանգամանք եւ խախտել է անմեղության կանխավարկածը: Ինչպես նաեւ հաշվի չի առել, որ Պետրոսյանի դատվածությունը մարված է, իսկ նրա ամենավերջին դատվածությունը մարվել է դեռեւս 30-40 տարի առաջ: Գրության տակ ստորագրել են Լոռու մարզում աշխատող 23 փաստաբաններ: Իսկ երեկ վերաքննիչ դատարանը բեկանել է Լոռու դատարանի որոշումը եւ կալանավորել Պետրոսյանին:



Նրա պաշտպան Լեւոն Գոգինյանն ասում է. «Դատական նիստի ժամանակ էդ մարդը ննջում էր, 72 տարեկան հիվանդ  մարդ է, ուժասպառ եղած զառամյալ ծերունի: Քննությանը նա կարող էր խոչընդոտել փախչելով, բայց նա ուզենա էլ,  չի կարող»։ Մի բան պարզ է՝ դատախազությունը մեծ ազդեցություն ունի դատարանների վրա, եւ նրա թելադրանքով է որոշվում գրեթե ամեն ինչ: Իսկ փաստաբանական ինստիտուտն անզոր է դիմակայել այս ճնշմանը, թեեւ օրենքն ասում է, որ դատախազն ու պաշտպանը հավասար իրավունքներ ունեն, եւ նրանց մրցակցության արդյունքում պետք է դատարանը որոշումներ կայացնի: