Հայ մտավորականների ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանին

Հայ մտավորականների ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանին
Սիրելի Րաֆֆի Հովհաննիսյան,



Սույն ուղերձը ստորագրած մտավորականներս բարձր ենք գնահատում Ազատության հրապարակում Ձեր 15-օրյա հացադուլ-քաղաքացիական բողոքը ու կարեւորում ենք դրա հասարակական արձագանքը:



Այն վերստին ապացուցեց, որ ոչ միայն ժողովուրդը չի վստահում իշխանություններին, այլեւ իշխանությունն է անհաղորդ ժողովրդի հավաքական բողոքին: Ձեր քայլով քաղաքականությունը դրվեց բարոյական հիմքի վրա` նոր դիմագիծ հաղորդելով ընդդիմությանը: Դուք համաժողովրդական բողոքն ու պահանջները ամփոփեցիք անձնուրաց քայլի մեջ, որն երախտագիտությամբ ընդունեց Ձեզ զորակցող հանրությունը:



Իրապես երկրում ծառացած օրհասական խնդիրները, որոնք ամրագրված են մարտի 13-ի Կոչում եւ մարտի 15-ի Ձեր ելույթում, պահանջում են բոլորիս միասնական ներուժի համատեղումն ու ուղղորդումը անհետաձգելի համակարգային փոփոխությունների համար:



Սիրելի Րաֆֆի Հովհաննիսյան,



Հանուն մեր նպատակների իրագործման եւ հենվելով քաղաքացիական լայն հասարակության ու մտավորականության զորակցության վրա` Ձեզանից ակնկալում ենք. քաղաքացիական պայքարը շարունակել նոր ձեւերով եւ առաջնորդել ապագայի փոփոխություններին հասնելու գործընթացները` խորհրդարանի ամբիոնից մինչեւ հրապարակ, հրապարակախոսությունից մինչեւ հանրահավաք:



Հիրավի` ժամն է, որ բոլորս մասնակցենք մեր քաղաքացիական ու ազգային նոր զորաշարժին:



Այսպիսով, միասին` ի գործ:



30 մարտի 2011թ.

Ք. Երեւան

Երվանդ Մանարյան - <Արտավազդ> մեծ մրցանակի ասպետ

Դավիթ Սեդրակյան - Ակադեմիկոս

Վլադիմիր Բարխուդարյան - Ակադեմիկոս

Յուրի Սարգսյան - Ակադեմիկոս

Էդուարդ Ղազարյան - Ակադեմիկոս

Ռաֆայել Մելիք-Օհանջանյան - Ակադեմիկոս



եւս 29 ստորագրություն