Որովհետեւ կովը իմ պրոֆիլը չի

Որովհետեւ կովը իմ պրոֆիլը չի
Հայաստանյան ուշագրավ իրադարձությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հանդիսավոր փակումից հետո առաջիկա օրերին կլինեն ՀՀ կառավարության ներկայացուցիչների այցերը գյուղեր՝ թերեւս երեւանյան ռեստորանային համալիրներից տարված հին կարասների ֆոնին գյուղացուն բացատրելու իրենց կատարած հսկա աշխատանքը եւ, որ ամենաէականն է՝ կատարելու Սերժ Սարգսյանի «հավասարությունը դեպի գյուղ» հայտնի պատգամը:



Այլ հարց է, թե դրանից հետո գյուղացու հոգսը որքանով կթեթեւանա:



Արդեն գրել ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, իրենց գյուղական ծագումը հիշելն ակտուալ է դարձել: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը եւս ասում է, որ նախկին գյուղացի է: Նա պատրաստվում է առաջիկայում կատարել Սերժ Սարգսյանի պատգամը եւ այցելել գյուղեր: «Գերակա խնդիրների հետ կապված՝ արդեն ժամանակացույց ունենք, որը ներկայացրել ենք նաեւ կառավարություն: Նախատեսում ենք արտագնա այց աղետի գոտում, հիմնականում Շիրակի եւ Լոռու մարզերում, որից հետո նախատեսվում է այցելություն Գեղարքունիքի մարզ, հետո՝ Վայոց ձորի մարզ»,- մեզ հետ զրույցում ասաց նախարարը:



Հարցին, թե կոնկրետ ինչ ուղերձով են այցելելու գյուղեր, ինչ են խոստանալու գյուղացուն, նախարարը պատասխանեց. «Գյուղացուն խոստանալիք ոչինչ չունենք: Գյուղացուն ընդամենը ասելու ենք այն, ինչ որ կարողանալու ենք անել, եւ հիմնականում մեր ծրագրերի կատարման ընթացքի մասին: Բացի դա՝ ծրագիրը կատարելուց հետո ինչ կստանա գյուղացին կամ համայնքը»: Նախարարից հետաքրքրվեցինք նաեւ, թե կոնկրետ իր ղեկավարած նախարարությունը՝ քաղաքաշինությունը, ի՞նչ խնդիր ունի գյուղի հետ կապված: «Գյուղի հետ կապված՝ հանրապետության բոլոր գյուղական համայնքներում ունենք ծրագրեր՝ դպրոցաշինություն, մշակութային տների վերանորոգում, մարզադպրոցներ: Էնպես որ, ցանկացած համայնքում էլ քաղաքաշինության նախարարությունը, աշխատակազմը, քաղաքաշինության ԾԻԳ-ը գործունեություն ծավալում է, եւ ցանկացած համայնքում մենք եւ անելիք ունենք, եւ ասելիք»: Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե Վարդան Վարդանյանը պատրաստվո՞ւմ է որեւէ բացատրական աշխատանք տանել գյուղացիների շրջանում, ինչն արեց վարչապետը՝ օրինակ կովերի հիգիենայի հետ կապված: «Կովի հիգիենայի հետ՝ ոչ»,-հայտարարեց ԲՀԿ-ական նախարարը: Ինչո՞ւ,- զարմացանք մենք: «Որովհետեւ կովը իմ պրոֆիլը չի»,- հայտարարեց նախարարը:



Կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը եւս պատրաստվում է առաջիկայում այցելել գյուղ՝ հետեւելով Սերժ Սարգսյանի պատգամին, սակայն կոնկրետ օր չի ասում գյուղացիներին, որ երեւի այսօր կամ վաղը գյուղի մուտքի մոտ սեղան գցած՝ չսպասեն: «Մոտավորապես ապրիլի երկրորդ կեսից: Քանի որ մեր աշխատանքը որոշակի սեզոնայնության բնույթ ունի, ի նկատի ունեմ ճանապարհաշինարարությունը, այդ ժամանակվանից կայցելենք եւ բոլոր գյուղերում կնայենք վիճակը»: Մեր դիտարկմանը, թե հայտնի է նաեւ, որ ճանապարհներն ամենավատթարն են գյուղերում, ի՞նչ եք պատրաստվում այդ առումով անել, նախարարը պատասխանեց. «Իհարկե, մենք ունենք ծրագիր, ունենք Համաշխարհային բանկի, Ասիական բանկի եւ պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրեր:



Այ, էդ աշխատանքներին հետեւելու, նորերը ներգրավելու, որ կարողանանք մեր վարկային ծրագրերում  ամբողջական, ինչքան որ հնարավորություն տալիս է տարեկան կտրվածքով, դրանք ներգրավելու: Բացի դրանից, եթե նաեւ ունենք տրանսպորտի խնդիրներ, կնայենք նաեւ այդ հարցերը: Եթե հանրապետության նախագահը հանձնարարել է, պետք է գնանք»: Մեր հարցին, թե ինչ նոր գաղափար է փոխանցելու գյուղացիներին այցերի ընթացքում, բացատրելո՞ւ է, որ անսարք ճանապարհները զգույշ անցնեն, քանի որ վատ վիճակում են, եւ նախարարությունը չի սարքում, նախարարը հակադարձեց. «Չե՞նք սարքում, բա էդքան ո՞վ է սարքում, որ չենք սարքում: Ինչքան հնարավորություն տալիս են ֆինանսական միջոցները, բոլորը սարքվում է: Անցյալ տարի բավական աշխատանքներ են կատարվել: Վերջին երեք տարում, որ ասենք, թե ճանապարհաշինարարությունում քիչ աշխատանք է կատարվել, էդպես չի»: Մեր դիտարկմանը, թե այնուամենայնիվ հատկապես ներգյուղական ճանապարհներն են անմխիթար վիճակում, կապի եւ տրանսպորտի նախարարը չհակադարձեց. «Իհարկե: Այո, էդ պրոբլեմը կա, որովհետեւ ներդրված գումարը եւ իրականում առկա խնդիրները համարժեք չեն: Պրոբլեմն ավելի շատ է, քան գումարը»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը գյուղացիների հետ այլ բացատրական աշխատանքներ պատրաստվո՞ւմ է տանել: «Կառավարության ծրագրի գործունեության մասին հարցեր կլինի՝ կպատասխանենք: Կբացատրենք՝ ինչ է սպասվում»,-ասաց նախարարն ու չսպասելով հաջորդ հարցին՝ հեռացավ: