Գործը տակավին արված չէ

Գործը տակավին արված չէ
Երդմնակալության արարողակարգից ոչնչով չտարբերվող արարողություն էր կազմակերպել Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հացադուլի դադարեցման առիթով: Այն ազդարարվեց Հայաստանի օրհներգով, որն ակապելլա կատարեց մի աղջնակ, ներկա էր ՀՀ դրոշը, քահանան եւ այլ ատրիբուտներ:



Առաջին գծում կանգնած Էին Րաֆֆի Հովհաննիսյանը, տիկինը՝ Արմինեն, եւ զավակներից Կարինը, ով այդ օրերին գրեթե չի բացակայել հոր կողքից: Երկրորդ գծում՝ նրանցից մի երկու քայլ հետ, մի շարքով զգաստ կանգնել էին «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը:



Նրանք կուսակցության առաջնորդի մոտ 20 րոպեանոց ելույթի ժամանակ մնացին գրեթե նույն դիրքում: «Նախ անտեսում են քեզ, հետո արհամարհում, ապա հարձակվում քո վրա, իսկ վերջում դու հաղթում ես». մինչ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարեր 15-օրյա հացադուլի դադարեցման մասին, Մահաթմա Գանդիի այս խոսքերն արտասանելով՝ սկսեց իր ելույթն Ազատության հրապարակ հրավիրված իրեն զորակցող մտավորականների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, շարքային քաղաքացիների, մի քանի հարյուր մարդու առաջ: Նշեց, որ «իրեն հուզել, սիրտը խոցել են բազմաթիվ քաղաքացիներ», սակայն ինքը հացադուլը դադարեցնելու որոշումն իրականացնում է ոչ միայն իրեն ուղղված բազմաթիվ կոչերի, այլեւ այն պատճառով, որ նախորդ օրը բժիշկներն իրեն ասել են, որ թեւակոխում է առավել վտանգավոր եւ անկանխատեսելի շրջան: Դրան գումարած՝ մի «անձնական պահ» կա. մարտի 31-ին լրանում է իր դստեր՝ Շուշիի ծննդյան 18-ամյակը: «Նրան շնորհավորելու համար ես ինձ հաշիվ եմ տալու ընտանիքի առաջ: Հայաստանի իմ գործունեության բերմամբ ես թերացել եմ նաեւ հայրական պարտականությունների մեջ»,-ասաց Հովհաննիսյանը:



«Եվ եթե գործող իշխանություններից տակավին չի եղել քաղաքականության մեջ, պահի ճակատագրության դիտարկման մեջ էական փոփոխություն, մենք բոլորս, կարծում եմ, քաղաքական եւ քաղաքացիական ողջ տարապատկերում տեսնում ենք, որ հասարակության մոտ ալեհերից մինչեւ մտավորական եւ հատկապես երիտասարդություն, մենք ապրել ենք ոգու եւ գիտակցության բարձրացման մի հանգրվան»,-ասաց Հովհաննիսյանը: Նշեց, որ այդ օրերին բանավեճից, զորակցության այցերից, երգ ու պարից պարզ դարձավ, որ ժողովուրդը պահանջում է իշխանության վերադարձն իրեն: Ն



աեւ տեսան, որ ժողովուրդը պահանջում է վերջ տալ կոռուպցիային, վերջ տալ կուսակցապետությանը, որը հաստատվում է կոալիցիոն նոր հուշագրով: Խոսեց նաեւ ԼՂ ճանաչման, հայ-թուրքական արձանագրություններից ստորագրությունների հետկանչման անհրաժեշտության մասին: «Այդ ամենն արդեն օրակարգում է, եւ անհրաժեշտ է, որ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում ինչ որ մեկնարկել է, գտնի իր շարունակությունը: Ես ուժեղացած եմ, օրհնված եմ, զորակցված այս թեկուզ մի քայլ գիտակցմամբ, ոգու մի աստիճան բարձրացմամբ, բայց գործը տակավին արված չէ»: «Ժառանգության» առաջնորդը մի քանի անգամ շեշտեց, որ հացադուլի դադարեցմամբ պայքարը չի ավարտվում, այն պետք է շարունակվի «նոր շնչով, նոր լիցքով, նոր բանաձեւով եւ նոր Հայաստանի հավատամքով». «Սա մի երկար շղթայի մի փոքր օղակն է, որը տեղի ունեցավ այս հրաշալի հրապարակում 15 օրերի ընթացքում: Ես եւ մենք միասին դարձյալ պետք է վերադառնանք հրապարակ եւ ամբիոններ, սահմանից սահման ու նաեւ մայրաքաղաք, հաջորդիվ քաղաքական եւ քաղաքացիական գնահատական տալով մեր երկրի առջեւ կանգնած մարտահրավերներին, գործող իշխանության իրական պահվածքին, ընդդիմության շատ լուրջ հիմնախնդիրներին եւ առաջին հերթին այն քայլերին, միջոցներին, որոնք անհրաժեշտ են հայ ժողովրդին»: Ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց սուրբ Գրիգորին, ով այդ օրերին մշտապես այցելել էր իրեն, հնչեցնել տերունական աղոթքը եւ օրհնել հացը, որի առաջին կտորն առավ  բերանը: Հնչեցին ծափահարություններ: Պարոն Հովհաննիսյանն էլ մոտեցավ ներկաներին, սեղմեց լրագրողների, քաղաքացիների, իր կուսակիցների ձեռքը՝ շնորհակալություն հայտնելով այդ օրերին իրեն զորակցելու համար: Նրան մոտեցավ եւ ողջունեց Գերմանիայի դեսպան  Հանս-Յոխեն Շմիդտը, ով դրանից առաջ էլ էր այցելել նրան: Հետո ելույթ ունեցավ «Կարին» ազգագրական պարի համույթը, երգեց Ռուբեն Հախվերդյանը: