Մարդուն ուղղելու փոխարեն նվաստացնում են

Մարդուն ուղղելու փոխարեն նվաստացնում են
ՀՀ իշխանությունները չեն շտապում ազատվել 9 քաղբանտարկյալների «բեռից»: Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման պետական հանձնաժողովն այսօր քննելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ի 24 դատապարտյալների վաղաժամկետ ազատման հարցը:



Նշենք, որ այս կալանավայրում է գտնվում քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը: Երեկ «Վարդաշեն» ՔԿՀ-ի որոշ բանտարկյալների բողոքը մեզ փոխանցեց ՀԱԿ-ի քաղհալածյալների կոմիտեի անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը, ով կալանքի վերջին մեկ տարին անցկացրել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում ու հիմա այդ կալանավորների հետ կապ է պաշտպանում հեռախոսով: «Ինձ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում անցյալ տարվա դեկտեմբերին վաղաժամկետ  հանձնաժողովը լսել է 17 գործ եւ մերժել է 16-ին, այս տարվա հունվարին լսել է 18 գործ, մերժել է 16-ին: Փետրվարին լսել է 22 գործ, մերժել է 19-ին:



Սարգիս Հացպանյանի հարցը հանձնաժողովում 5 անգամ լսվել եւ մերժվել է՝ այն դեպքում, երբ նա որեւէ տույժ չունի: Այսինքն՝ հանձնաժողովը 1.5 տարի շարունակ թքած է ունեցել օրենքների գերակայության վրա, դրանով բացահայտելով, որ կեղծ է»,-հայտարարեց նախկին քաղբանտարկյալը՝ շարունակելով. «ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ մեր երկրում մարդը համարվում է գերագույն արժեք, ճիշտ է ասված` հայրենիքը առաջին հերթին մարդն է, հետո նոր՝ իրային հողատարածքը: Բայց արի ու տես, որ մեր երկրում մարդը, հատկապես դատապարտյալը, վեր է ածվել մի շատ էժանագին փողրակի: Իշխող ռեժիմն իր ողջ կարողությունն  ուղղել է ոչ թե այդ մարդուն ուղղելու կամ երկրի արժանավոր քաղաքացի դարձնելուն, այլ նվաստացնելու, ծնկի բերելու, հիասթափեցնելու եւ հուսահատեցնելու համար: Եթե դատապարտյալը կրել է իր պատժի համապատասխան մասը, չունի տույժեր, առանց միջնորդության նրա վաղաժամկետ ազատ արձակման հարցը պետք է ներկայացնեն «անկախ» կոչվող հանձնաժողովին՝ առանց որեւէ միջնորդության կամ կաշառքի, սակայն այդ հանձնաժողովները ոչ միայն օրենքը չեն կիրառում, այլեւ անընդհատ ոտնահարում են: Նրանց համար օրենքը  կարեւոր չէ: Իրենց աշխատանքը տանում են դատապարտյալներին նսեմացնելու ու նրանց հարազատներին հարստահարելու վրա»: