Գյուղացի կանայք կով կթել չգիտեն, տղամարդիկ` պարարտանյութ գործածել
Իսկ երբ լրագրողներս ենք իմանում, որ ոմն օլիգարխ առավոտյան արթնացել ու մի պարկ շաքարավազը, որ բոլորովին էլ էժան չէր, եւս 500 դրամով է թանկացրել` առանց դույզն-ինչ բացատրություն տալու, ի՞նչ մտածենք: Որ Սերժ Սարգսյանը պարզապես «տաքացե՞լ էր», թե՞ որ կամերաներից անդին նաեւ կոնկրետ ցուցակ է տվել նախարարներին, որում այդ գործարարի անունը չկար: Ասել կուզի` գների հաղթարշավը շարունակվելու է: Ուրիշ տվյալ հիշատակենք: Երեկ երեկոյան, օրինակ, աշխարհի բոլոր խոշոր բորսաներում բոլոր տեսակի նավթի գները հերթական անգամ զգալի նվազում արձանագրեցին: Նախագահին արդյոք տեղեկացրի՞ն այս մասին: Այսինքն ճիշտ այնպես, ինչպես թանկացման պարագայում են բենզին ներկրողները նույնիսկ էժան գներով ներկրածն անմիջապես թանկացնում, հիմա գոնե մեկ լումայով էժանացրի՞ն բենզինի գները: Իհարկե ոչ: Ավելին` հայտարարել են, թե նորից են թանկացնելու: Դա հիմա, հասկանում եք, «օպտիմալ գին» է կոչվում մեզանում:
Հավանաբար «օպտիմալների» շարքից են նաեւ դիզվառելիքի կրկին բարձրացած գները: Մանավանդ` գյուղացիությանն օժանդակելու պետական ծրագրի եւ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման, այսինքն` նաեւ 24%-անոց գյուղացիական թանկ վարկերի շրջանակներում: Այս դեպքում էլ «մոռանանք» թանկ սերմացուի ու թանկ պարարտանյութի, նաեւ ոռոգման ջրի խայտառակ բարձր սակագների հանգամանքը: Ավելի լավ է կենտրոնանանք գյուղացիներից մեկի բախչում աթոռին նստած վարչապետի ու շուրջը կիսալուսանաձեւ հավաքված «պետականամետ» լրագրողներին պատմվող հեքիաթի վրա, որի ամփոփ իմաստը հետեւյալն է. «Հույս ունենք տարին ավարտել 6% գնաճով` այսօրվա 12%-ի փոխարեն, որի հիմնական պատճառը նաեւ գյուղմթերքների ծավալների կրճատումն էր... Ամեն բան անում ենք, որպեսզի գյուղմթերքների ծավալներն աճեն: Եվ եթե գյուղատնտեսական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ աճեն գոնե 10%-ով, նշանակում է, որ գյուղմթերքի գները նախորդ տարվա վարքագիծը չեն ունենա: Բայց, մյուս կողմից էլ, մեր գյուղացիներն իրենք շահագրգիռ չեն իրենց ապրանքը էժան ծախել»: Ասել է վարչապետը:
Այ-այ-այ-այ, խեղճ կառավարություն. ինքն ամեն բան անում է գյուղացիների համար, իսկ էդ անշնորհակալները տեսեք իրենց ոնց են պահում: Գերադասում են ապրանքը փչացնել-թափել ու էժան չտալ: Կամ էլ գներն են «ինքնագործունեություն ծավալում` գերադասելով վատ վարքագիծ դրսեւորել»: Իսկ եթե լրջանանք, եթե առաջնային խնդիրը սերմացուն է, ինչպես փորձում են ներկայացնել, օրինակ, կարտոֆիլի պարագայում, ուրեմն մնանք սպասող հաջողությունների, որովհետեւ, ըստ վարչապետի, «գյուղատնտեսության նախարարը զեկուցել է, որ անցած տարվա 800 տոննայի փոխարեն այս տարի արդեն ունենք 2.1 հազար տոննա կարտոֆիլի սերմացու... եւ դա էլ կլինի երաշխիքը, որ հաջորդ տարի կարտոֆիլը չի թանկանա»:
Մենք, իհարկե, չգիտենք, թե հիշյալ 2.1 հազար տոննա կարտոֆիլի սերմացուն ինչ գներով է հասել հանրապետություն, ինչ գնով է հասնելու գյուղացուն, եւ սա ինչպես է սերմացու առնելու, բայց վարչապետը դրա ձեւն էլ է գտել: Ասում է` Աշոցքում եւ Ամասիայում ծրագիր են իրականացրել, ըստ որի` կառավարությունը սուբսիդավորել է 24% կազմող գյուղացիական վարկերը, եւ մոտ 2 հազար գյուղացիական տնտեսություններ վարկավորվելու են 10%-ով: Առաջին հայացքից` հրաշալի գաղափար, չնայած՝ միշտ էլ լուրջ կասկածներ ենք ունեցել բյուջեից սուբսիդիաներ տրամադրելու գործելակերպի տնտեսական արդյունավետության, նաեւ արդարացիության հարցերում: Ինքներդ դատեք. իսկ ինչո՞ւ պիտի ԿԲ-ն թանկացնի փողը, հետեւաբար՝ նաեւ վարկերը, բանկերն էլ իրենց հերթին տասը կաշի քերթեն, եւ այս ողջ անհեթեթության բեռը դրվի բյուջեի, այսինքն` սովորական հարկատուներիս ուսերին: Սա` մեկ: Երկրորդ` իսկ ինչո՞ւ հատկապես Աշոցքում եւ Ամասիայում եւ ոչ, ասենք` գոնե սահմանամերձ եւ բարձրադիր գյուղերում: Ինչո՞ւ է նախապատվությունը տրվում հատկապես այդ 2 հազարին, ընտրության ի՞նչ սկզբունքով: Եվ եթե հիմա փորձենք փոքրիկ մի հետաքննություն անել, արդյո՞ք չենք հայտնաբերի, որ բյուջեն ֆինանսավորել է ոչ թե իսկապես գյուղացիներին, այլ էդ կողմերում հողեր ձեռք բերած ֆեոդալներին` ինչպես հաճախ է պատահում մեզանում:
Դե իսկ ազատ տնտեսական գոտու վերաբերյալ, որով դեռ նույնիսկ օրենքը չընդունած` այդքան հպարտացել է վարչապետը, կարելի է համոզված պնդել, որ ազատ տնտեսական գոտին եւս կծառայի միայն ընտրյալներին, ովքեր կզբաղվեն գյուղացու բերքը ծախելով: Ի՞նչ վատ է, որ քնած-նստած՝ ահռելի փողեր կաշխատեն` առանց գրոշ անգամ հարկ վճարելու: Եվ որպեսզի չթվա, թե ապրիորի եզրակացություններ ենք անում, մեջբերենք դարձյալ վարչապետին. «Որոշ խոշոր ընկերություններ արդեն կառավարության կողմից ստացել են արտոնություն եւ կզբաղվեն գյուղմթերքի արտահանմամբ»: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ խոշորներին, ովքե՞ր են դրանք, իսկ փոքրե՞րն ինչ անեն` ջուրն ընկնեն-գնա՞ն: Թե՞ մխիթարվեն վարչապետական խոստմամբ, թե իրենց համար էլ մաքսային վարչարարությունն են պարզեցրել, որպեսզի 2.5 տոննա գյուղմթերքը հանգիստ արտահանեն: Ի՜նչ էլ մեծ գործ են արել` կեցցեն:
Փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններն ընդմիշտ կօրհնեն կառավարությանը թեկուզ այն պատճառով, որ, ինչպես առաջ, այժմ արդեն թույլ չեն տա, օրինակ, մեքենայով խաղողը սահմանի գլխին փչանա:
Հիմա: Եթե ոռոգման ջրի մասին լռում ենք, քանի որ վարչապետն այդ առումով «ավետիս չուներ» հայտնելու, տակն ի՞նչ մնաց: Հա՛, պարարտանյութը: Դե սա արդեն թեմա է, որում նա չգերազանցեց, բայց համարյա հասավ կովերի կրծքերը գոլ ջրով լվանալու խորհրդի մակարդակին: Ասաց` ներմուծվող սելիտրայի փոխարեն ավելի լավ է մեր գյուղացիները տեղական օրգանական պարարտանյութին անցնեն: Բայց էդտեղ էլ «լուրջ խնդիր կա. չգիտեն ոնց օգտագործել»: Ուստի տեղական արտադրողի հետ կառավարությունը պայմանագիր է կնքելու, բյուջեից էլ միջոցներ է հատկացնելու, որ այդ պարարտանյութը հասնի գյուղացիներին, գյուղնախարարությունն էլ մարդիկ է ուղարկելու, որ գնան գյուղացուն սովորեցնեն` պարարտանյութն ինչպես է գործածվում, վեց ամիս էլ մոնիտորինգ անեն` «մինչեւ որ բերքը կստացվի»,- ասում է վարչապետը:
Մաքուր թատրոն, հանաք-մասխարություն այսինքն: Ճիշտ էնպես, ինչպես մեր գյուղացի կանայք չգիտեին, որ կովերին կթելուց առաջ հարկավոր է նրանց կրծքերը գոլ ջրով լվանալ, ու վարչապետից իմացան այդ մասին, էդպես էլ հիմա նրանց ամուսինները պարարտանյութի օգտագործման ձեւը կիմանան ասֆալտի վրա ծնված-մեծացած փողկապավորից...
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծիքներ