Քադաֆին զզվեցրել է ՆԱՏՕ-ին

Դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունեն աշխարհի ղեկավարները անգլերեն «removal»` «հեռացում», չեզոք բառն օգտագործելով: Բայց քանի որ նշված չէ «կենդանի» բառը, կարելի է կարծել, որ Քադաֆին հեռանալու է կենդանի կամ մեռած: Ամենայն հավանականությամբ սա հենց Քադաֆիի մոտալուտ վախճանի մասին ծանուցումն է: Փաստորեն Քադաֆին, շարունակական մերժումներով ազատեց ՆԱՏՕ-ին իր կյանքը փրկելու հոգսից: Եվ հիմա ՆԱՏՕ-ի ձեռքերն ավելի ազատ են, քան երբեւէ: Բժիշկները կանխատեսում են, որ քաղցկեղով հիվանդ Լիբիայի համառ առաջնորդին առավելագույնը մեկ ամսվա կյանք է մնացել: Ասված է` սուր բարձրացնողը սրից էլ կընկնի: Բայց ՆԱՏՕ-ն նույնպես սուր է բարձրացրել: Ինչպես Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ ասել է Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը` պետք չէ ուշացնել Լիբիայում խաղաղություն հաստատելը: Պատերազմի միջոցով: ՆԱՏՕ-ի համար սուր ճոճելը, առավել եւս դրանով թրատելը կարող էր անհետեւանք լինել կամ անդրադառնալ միայն վարկանիշի վրա, եթե խոսքը Հայաստանի նման փոքր երկրի մասին լիներ: Բայց մարտադաշտը Լիբիան է, կռիվը` արաբական ռազմատենչ, բնական ռեսուրսներով հարուստ ու մեկը մյուսի թիկունքին կանգնելու պատրաստ ռեժիմներից մեկի դեմ: Պետք էր ենթադրել, որ արաբ ղեկավարները կմիավորվեն, հանդես կգան իրենցից մեկին պատվանդանից ցած բերելու ռազմափորձերի դեմ: Դա է սեփական իշխանությունը հավանական նմանատիպ ոտնձգություններից պաշտպանելու ավանդական մեխանիզմը: Եվ կանխատեսումն իրականացավ, բայց առաջին մասով միայն. արաբ ղեկավարներն իրոք միավորվեցին, բայց՝ Քադաֆիին մեղադրական կարդալու համար: Կատարը, որը նույնպես արաբական պետություն է, այնքան հեռուն գնաց, որ նույնիսկ օդուժով աջակցում է ՆԱՏՕ-ին` իր եղբայրակցի վերջը տալու:
Սա նոր դիպլոմատիա է, վտանգը քեզանից հեռացնելու նոր տարբերակ. եթե ես քեզ օգնում եմ ոչնչացնելու Քադաֆիին, ուրեմն ես ոչնչով նման չեմ նրան, մենք միանգամայն տարբեր երեւույթներ ենք, այնպես որ՝ մտքովդ չանցնի ինձ հետ էլ նման կերպ վարվել: Եվ մի նկատիր, որ իմ երկրի ներսում մարդիկ նույնպես ոտքի են կանգնել ու պահանջներ են ներկայացնում: Արաբ ղեկավարները ստիպված էին հապճեպ որոշումներ կայացնել, որովհետեւ այս ռումբը հենց արաբական աշխարհի դեմ է ուղղված: Գուցե զարգացած քաղաքակրթությունն արդեն հասկացե՞լ է միավորված մահմեդականների ուժը, որոնց կրոնն ու աստվածը քրիստոնյա աշխարհը հպատակեցնելն է: Նախահարձակ են լինում, որ պաշտպանվե՞ն:
Հետաքրքրական է տիկին Քլինթոնի հայտարարությունն առ այն, որ պետք է շարունակել ճնշել Լիբիան քաղաքական առումով եւ խորացնել Քադաֆիի ռեժիմի մեկուսացումը: Փաստորեն, դիկտատոր Քադաֆիին պատժում են նրանով, ինչը Հայաստանի համար կենսակերպ է` ճնշում եւ իզոլյացիա: Ի վերջո ՆԱՏՕ-ն զենք է դնելու ապստամբների ձեռքում: Մինչ այս նա հաշվի չէր առել, որ երբ վարազը մահու ու կենաց կռիվ է մղում, կատաղությունը եռապատկում է ուժը, եւ անզեն որսորդը նրան չի հաղթի: Քադաֆիի կողմնակիցներից շատերը, «Նյու Յորք Թայմզ»-ի փոխանցմամբ, մտահոգված են ապագայով: Զարմանում ես, որ ոմանց գլխին պետք է ողջ աշխարհը ներկայացնող ռմբարկուներ սավառնեն, որ սկսեն մտածել ապագայի մասին:
Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծիքներ