Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն 5)
Քյառթու - Բավական տհաճ հնչողության ու փոքր-ինչ բարդ բացատրելի այս արտահայտությունը սալոնային կամ բարձրաշխարհիկ հասարակության համար կարող է փոխարինել «ընդգծված», «չափից ավելի ակնառու», «սաստիկ» եւ նմանատիպ` ոմանց համար անընդունելի բառակապակցություններին: Սակայն մեր օրերում «քյառթուն» առավելագույնս է բնորոշում որոշ արտահայտված դրսեւորումներ ունեցող անհատներին, անգամ` որոշ երեւույթներ: Առավել գործածական է այնպիսի բառակապակցություններում, ինչպիսիք են «քյառթու ռաբիզ»-ը, «քյառթու պառավ/բիձա»-ն, «քյառթու ուռող»-ը, անգամ «քյառթու գներ»-ը:
Քերել - Արտահայտություն, որն իրենից ներկայացնում է բարդ իրավիճակում ինչ-որ բան ձեռք բերելու, ճարելու-հայթայթելու հնարամիտ գործողությունների համակարգ: Սա կարող է տեղի ունենալ միայն պրպուն մտքի ու հետեւողական գործելակերպի արդյունքում: Քերելը, փաստորեն, կարող է հոմանիշ լինել պոկելուն կամ կպցնելուն: Քերելու վառ օրինակ կարող է հանդիսանալ այն իրավիճակը, երբ, ասենք, ձմեռային արձակուրդների օրերին Աղավնաձորի համեմատաբար մատչելի հանգստյան տանը, գիշերվա կեսին, մանկավարժականի կամ գյուղակադեմիայի սոված ուսանողները հանկարծ, իրենց համար էլ անսպասելի, մի տեղից ուտելիք են ճարում:
Կարծիքներ