Սնապարծությունը կարող է բումերանգի պես հետ թռչել

Սնապարծությունը կարող է բումերանգի պես հետ թռչել
Վերջերս հայկական քաղաքական դաշտում արդեն ավանդույթ է դառնում հակառակորդի հոխորտանքին հոխորտանքով պատասխանելը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն օրերս հայտարարել է. «Եթե Ադրբեջանն իրացնի իր ռազմատենչ սպառնալիքները, այդ ամենի արդյունքում երրորդ հայկական պետությունը կստեղծվի»։



Եթե նա այս նախադասությունն արտաբերած լիներ արտաքին լսարանի համար, հասկանալի կլիներ։ Բայց ոչ, այս խոսքերը նա հայտարարել է ՀՀ ԱԺ խորհրդարանի ամբիոնից, ասել է թե՝ հենց ներքին սպառման համար:



Երբ հայ քաղաքական գործիչը խոսում է հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանի տարածքում նոր հայկական պետություն ստեղծելու մասին, այն պատգամավորներից մեկը, որ ընդամենը կոճակ սեղմելու եւ ԼՂՀ անկախությունը ճանաչելու քաջություն չունեցավ, դա արդեն, մեղմ ասած, ծիծաղելի է։ Կարծես թե վավերացրել-պրծել ենք հայկական երկրորդ պետությունը, հիմա էլ մի երրորդն ենք ուզում ստեղծել՝ Գյանջա-Կիրովաբադից մինչեւ Ապշերոն։ Մեր մեծ պատմաբան Լեոն, իր «Անցյալից» գրքում պատմելով ուղիղ մեկ դար առաջ՝ 1915 թ. նախօրյակին հայկական քաղաքական դաշտում ստեղծված նույնատիպ սնապարծության ու հոխորտանքի մթնոլորտի մասին, գրել է. «Եվ ստեղծելով մեզ համար այսպիսի օդային ամրոցներ, մենք մեզ տոգորում էինք ամբարտավան մեծամտությամբ, փքուն պահանջկոտությամբ, ուզում էինք աշխարհ զարմացնել ոչ միայն մեր ունեցածով, այլեւ չունեցածով»:



Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, ի պատասխան այն դժգոհության, թե ազերիների կողմից հայ զինվորների սպանություններին հայկական կողմը պատասխանում է միայն հայտարարություններով, հայտնել է, թե «հակառակորդի որեւէ սադրանք անպատիժ չի մնում: Մենք, որպես կանոն, պատժում ենք խստորեն, իսկ նրանց մարդկային կորուստների մասին հայտարարելը մեր գործը չէ»: Երեւի խոսնակը նկատի ունի ազերիների այն կորուստները, որ արդյունք են նրանց բանակում կատարվող «ռազբորկաների», ինչպես մեր, այնպես էլ նրանց մոտ խորհրդային բանակից ժառանգություն մնացած «դեդովշչինայի», եւ որոնց մեղքը ադրբեջանական կողմը շարունակում է բարդել հայկական կողմի վրա։ Երեւի թե շատերն են համամիտ, որ լռելը ճիշտ չէ, որ հակառակորդի սպառնալիքներին պիտի պատասխանել սպառնալիքով։ Վերջին հաշվով, մի կողմից դա հակառակորդին ցույց է տալիս, որ մենք թքած ունենք օրեցոր աճող նրա ռազմական բյուջեի կամ զինուժի վրա, մյուս կողմից՝ բարձրացնում է հայ զինվորի, այդ զինվորի թիկունք ժողովրդի ոգին։ Համենայնդեպս, դա ավելի լավ է, քան, ասենք, «Աղդամը մեր հայրենիքը չէ»-ի ոգով արված հայտարարությունը։ Բայց խոսքը համարժեք սպառնալիքի մասին է, ոչ թե ոտքի տակ հող չունեցող սնապարծ հայտարարության։



Ռուսաստանի հետ կնքած ռազմական երկարաժամկետ համաձայնագիրն անկասկած շատ է ոգեւորել հայ քաղաքական գործիչների մի ստվար մասին։ Ոչ ոք դեմ չէ, որ պատերազմի վերսկսման դեպքում ՌԴ-ն օգնի ռազմավարական իր դաշնակցին։ Սակայն հույսը միայն արտաքին օգնության վրա դնելը վտանգավոր է։ Այն կարող է ուշանալ, ընդհանրապես չլինել կամ, ինչպես նույն Լեոն է ակնարկում պատմության դառը փորձը՝ «Միշտ այսպես էր եղել նախկին պատերազմների ժամանակ. երբ ռուսները թողնում էին իրենց գրաված տեղերը եւ հեռանում, թուրքերը, կամ նրանց դրդումով քրդերը, հարձակվում էին այն տեղերի հայերի վրա, որոնք համակրություն էին ցույց տվել ռուսներին, կողոպտում ու կոտորում էին նրանց»:



Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի արդյունքում մենք ազատագրել ենք ոչ միայն նախկին ԼՂ ինքնավար մարզի սահմանները՝ 4,4 հազար քառ. կմ-ն, այլեւ երբեմնի հայկական այն տարածքները, որոնք ամրագրել ենք ԼՂՀ Սահմանադրության մեջ, եւ որոնք եղածի հետ կազմում են շուրջ 13 հազար քառ. կմ։ Եվ այս ողջ տարածքում ընդամենը 140-143 հազար բնակչություն է ապրում (տեղեկացնենք, որ Եվրոպայում գտնվող 13,8 հազար քառ. կմ տարածք ունեցող Չեռնոգորիան, 2010թ. տվյալներով, ունի 724 հազար, իսկ ընդամենը 2,6 քառ. կմ տարածք ունեցող Լյուքսեմբուրգը՝ 460 հազար բնակիչ)։



Ադրբեջանում «երրորդ հայկական պետությունը» ստեղծելուց առաջ լավ կլինի նախ մտածենք եղածը պահելու մասին։ Սնապարծությունը կարող է բումերանգի պես հետ թռչել եւ խփել դրա տիրոջը։