Վաշխառուների զոհը

Վաշխառուների զոհը
Երբ մարդը տեղյակ չի լինում իր իրավունքներին, ակամա հայտնվում է խարդախների թակարդում, ովքեր շատ լավ գիտեն ինչպես վարվել իրենց իրավունքներից անտեղյակ մարդկանց հետ:



Հենց այդպիսի խարդախների թակարդն է ընկել մի քաղաքացի՝ Կամո Բեյբությանը, ով գործ սկսելու համար իր ծանոթներից մեկի միջնորդությամբ Ռոբերտ Թումանյանից ամսական 6 տոկոս տոկոսադրույքով 21 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել: Ճիշտ է, բոլոր փաստաթղթերով շրջանառվում է Էդվարդ Գրիգորյան անունը, սակայն բոլոր տեղերում իր ակտիվ դերակատարությունն ունեցել է Ռոբերտ Թումանյանը: Վերցված գումարի գրավի դիմաց Կամոն կնքել է ձեւական առուծախի պայմանագիր, որի համաձայն՝ առանց ծնողների գիտության, նրանց բնակարանը, որտեղ ինքը հաշվառված չէ, վաճառում է այդ վաշխառուին: Մոտ մեկ տարի անց նրանց տուն է գալիս մի անծանոթ կին՝ ոմն Օֆելյա Խաչատրյան, եւ պահանջում դուրս գալ տնից կամ իրեն վճարել ամսական 3 հազար ԱՄՆ դոլար, քանի որ այդ տունն արդեն իրենն է: Պարզվում է, Կամոյի գործերն անհաջող են ընթացել, եւ նա չի կարողացել վճարել Ռոբերտ Թումանյանից վերցրած խոշոր գումարի ամսական տոկոսները, ով չնայած հանդես է եկել ընդամենը որպես միջնորդ, սակայն բոլոր գործարքներն ինքն է կատարել:



Հենց նա էլ, օգտվելով առիթից, արդեն Էդվարդ Գրիգորյանի անվամբ գրանցված Կամոյի հայրական բնակարանը նորից ձեւական պայմանագրով 26 հազար ԱՄՆ դոլարով եւ ամսական արդեն 10 տոկոս տոկոսադրույքով վաճառել է մեկ այլ վաշխառուի՝ Օֆելյա Խաչատրյանին: Այսինքն երկու վաշխառուների միջեւ նորից կնքվել է ձեւական առքուվաճառքի պայմանագիր: Պարզից էլ պարզ է, որ եթե Կամոն չէր կարողացել վճարել Ռոբերտի գումարի ամսական 6 տոկոսը, չէր էլ կարող վճարել Օֆելյայի 10 տոկոսը: Ինչն էլ տիկին վաշխառուին իրավունք է տվել մտնել բնակարան եւ տանտերերին դուրս հրավիրել: Հայտնի է, որ այդպիսի խարդախ մարդիկ գործում են փոխադարձ պայմանավորվածությամբ: Գործի քննության ընթացքում նույնիսկ երկու վաշխառուների մեջ է հակասություն ծագել: Ռոբերտը պնդում է, որ ինքը բնակարանն Օֆելյային վաճառել է 26 հազար դոլարով, իսկ Օֆելյան պնդում է, որ ինքը բնակարանը գնել է 31 հազար դոլարով: Այլ ճանապարհով չկարողանալով արդյունքի հասնել, Օֆելյան դիմել է դատարան՝ բնակիչներին տնից վտարելու պահանջով:



Ամենահետաքրքիրն այն է, որ Կամոյի հայրը՝ Ռազմիկ Բեյբությանը, միայն Օֆելյայի այցից հետո է իմացել, որ իր տունը վաճառված է: Իմանալով այդ չարաբաստիկ նորության մասին, վերջինս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ինչի արդյունքում Նաիրիի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ Ռոբերտ Թումանյանի եւ Օֆելյա Խաչատրյանի նկատմամբ, իսկ Ռազմիկ Բեյբությանը ճանաչվել է տուժող: Ռազմիկ Բեյբությանը կարծում է, որ գործի քննությունը չի եղել օբյեկտիվ եւ անաչառ: Որ գործին այլ ընթացք տալու համար, միտումնավոր, այն Նաիրիի տարածքից տեղափոխեցին Արաբկիր, ապա մի քանի ամիս քննելուց հետո, հանցակազմի բացակայության հիմքով, կարճեցին: Գործը կարճելուց հետո Ռազմիկ Բեյբությանը սահմանված 7-օրյա ժամկետում բողոք է ներկայացնում Արաբկիրի վարչական շրջանի դատախազ Գ. Միքայելյանին, բայց այնտեղ, առանց բողոքը քննարկելու, Ռազմիկ Բեյբությանին պատասխանում են, թե գործն արդեն ուղարկվել է Երեւան քաղաքի դատախազություն, ինչը խոսում է գործը շուտափույթ փակելու մասին:



Արաբկիրի դատախազության պատասխանից հետո Ռազմիկ Բեյբությանը նորից դիմել է գլխավոր դատախազին՝ դիմումում կասկածի տակ առնելով Արաբկիրի քննչական բաժնի եւ դատախազության գործողությունների օրինականությունը: Այս գործով տուժածներ Կամո Բեյբությանը եւ նրա հայրը կարծում են, որ գործի «կնքահայրերն են» Արաբկիրի քննչական բաժանմունքի պետ Եղիազարյանն ու գործով դատախազ Նելլի Աշրաֆյանը, ովքեր ամեն կերպ նպաստում են, ինչպես իրենք որակեցին, գործը ջրելուն: Գործի քննության ընթացքում տուժող կողմը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել քննիչին, որպեսզի քննվեն եւ առերեսվեն բազմաթիվ վկաներ, սակայն քննիչը միջնորդությունների մեջ նշված որոշ վկաների, ովքեր կհաստատեին վաշխառուների խարդախությունը, չի հարցաքննել եւ չի առերեսել, ոչ էլ տվել է միջնորդությունները մերժելու հիմքերը: Բացի գործում առկա բոլոր փաստերից, Կամոյի մոտ առկա է նաեւ ձայնագրություն, որ հաստատում է երկու վաշխառուների համատեղ խարդախությունների մասին:



Կամոն քննության ընթացքում փորձել է ձայնագրությունը ներգրավել գործում, սակայն քննիչը մերժել է՝ պատճառաբանելով, թե ուշացրել է: Իսկ Կամոն համոզված է, որ այդ ձայնագրությունը մեծ դեր կխաղա գործի քննության մեջ: Տուժող կողմը գործը կարճելուց հետո բողոք է ներկայացրել, սակայն դեռ պատասխան չի ստացել: