Ջրաձորը դուրս է եւ քարտեզից, եւ պետական ուշադրությունից

Ջրաձորը դուրս է եւ քարտեզից, եւ պետական ուշադրությունից
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի նախկինում Ջալաբ, այժմ Ջրաձոր համայնքը մեկն է այն գյուղերից, որի մասին չգիտեն հայրենի կառավարությունում: Չիմանալու պատճառներից մեկը թերեւս այն կարող է լինել, որ Ջրաձորը քարտեզին չի եղել, հայտնվել է ընդամենը 3 տարի առաջ:



Ջրաձորը նոր բնակավայր չէ, այն հիմնադրվել է 1800-ականներին:



Երբ սկսվել է Կապսի ջրամբարի կառուցումը, որոշում է ընդունվել տեղափոխել գյուղը, բնակիչներն էլ՝ այն հույսով, որ գյուղից տեղափոխվելու են,  ոչ նոր բնակարաններ են կառուցել, ոչ էլ հներն են վերանորոգել: Չնայած  Կապսի ջրամբարի կառուցումն ընդհատվել է արդեն 23 տարի, բայց Ջրաձորի տեղափոխման հարցը, ըստ բնակիչների, առկա էր մինչեւ 5 տարի առաջ:



Ջրաձորը ոչ միայն Շիրակի մարզի, այլեւ ամբողջ Հայաստանի մասշտաբով այն բացառիկն է, որտեղ բնակարանաշինության խնդիրը 100 տոկոսանոց է:



«Էսօրվա դրությամբ գյուղում 298 մարդ է ապրում, գնալով այդ թիվը նվազում է, քանի որ տուն չունենալու պատճառով  մարդիկ գնում են գյուղից: Այսօր 69 ընտանիք ապրում է  երկաթյա տնակում, 18-ը` խիստ վթարային տներում: Մարդիկ ռիսկ չէին անում տուն կառուցել, հիմա արդեն դանակը ոսկորին է հասել, էլ հիմա  ուզում է տեղափոխեն-չտեղափոխեն՝  մարդկանց տուն է պետք: Մեր գյուղի տղաները չեն ամուսնանում, արդեն 4-5 տարի է՝ հարսանիք չի եղել գյուղում, խեղճերը հարս բերեն՝ որտե՞ղ ապրեն»,- ասում է Ջրաձորի համայնքապետ Գեւորգ Հովակյանը:



Այս տարի էլ կառավարությունից հստակ պատասխան չի եղել. կլուծվի Ջրաձորի անօթեւանների խնդիրը թե ոչ՝ դեռ անորոշ է:



Բնակիչները չեն հիշում, որ կառավարությունից որեւէ պաշտոնյա այցելած լինի իրենց, հալն ու քեֆները հարցրած լինի. «Էն մեր առաջվա մարզպետն օր կար` Լիդա Նանյանը, յանի մե անգամ եկավ, էն գալն էր, օր եկավ, հեչ բանով չօգնեց: Չնայած էս մարզպետն էլ օր հեչ չի եկել»: Աշոտ Աղաբաբյանն է այս ընտրատարածքի պատգամավորը, ով, գյուղացիների խոսքերով, «ընտրությունից ընտրություն կարող է գա, կարող է ոչ»:  Զանգահարեցի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի  Գյումրու գրասենյակ՝ ճշտելու համար, թե պատգամավորը  վերջին անգամ երբ է եղել Ջրաձորում եւ տեղյա՞կ է արդյոք, թե ինչ խնդիրներ ունի համայնքը: Հեռախոսազանգիս պատասխանեց Ավդալյան ազգանունով մեկը, ով ոչ միայն չհիշեց, թե երբ է պատգամավորը եղել գյուղում, այլեւ գյուղի խնդիրներից էր անտեղյակ: Միայն փորձում էր  արդարանալ, որ իրենք իրենց ընտրատարածքի խնդիրները բարձրաձայնելու  եւ լուծելու համար են:



Դեռ առիթ կլինի ճշտելու, թե Աշոտ Աղաբաբյանն իր  ընտրատարածքի որ համայնքում ինչ խնդիր է լուծել:



 



Pres.am Հատուկ «Հրապարակի» համար