Րաֆֆին լակմուսի թուղթ էր

Րաֆֆին լակմուսի թուղթ էր
«Հացադուլի 15 օրերը ցույց տվեցին, թե ում մտքում, ում սրտի մեջ, ում հոգում ինչ կա»,-երեկ «Հայելի» ակումբում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:



«Սա իսկապես հասարակությանը թափ տվեց: Ուրիշ բան չլիներ, սա հասարակության համար բավականին լավ լակմուսի թուղթ էր եւ մի հարթություն էր, նշաձող, որտեղ պետք է ապացուցես՝ դու այդ հարթության մեջ կա՞ս, թե՞ չկաս, քո մտքինը քաղաքացու խնդիրնե՞րն են, թե՞ քո մտքինը իշխանությունն է...»,-ասել է նա: Նշել է նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հետեւանքները հետո ենք զգալու. «Այսօր չէ, որ զգալու ենք, հետեւանքները զգալու ենք ամիսներ անց: Րաֆֆի Հովհաննիսյանը նոր մշակույթ մտցրեց, որ կուշտերը մտածեն սովածների մասին: Մեր երկրում շատ-շատերն ուտում են անասելի չափերով, երբեւէ չմտածելով, որ ուրիշի փայն են ուտում...»: Իր ընդդիմախոս Լեռնիկ Ալեքսանյանին էլ, ով նախապես հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը սովորական ակցիա էր, եւ հացադուլն էլ որակել որպես քաղաքական ոչ «ճիշտ» մեթոդ, հորդորել է ոչ թե մտածել բողոքի ձեւերի, այլ այդ բողոքի պատճառները վերացնելու մասին: