Գուրչենկոյի արձանը կկանգնեցնե՞ն

Գուրչենկոյի արձանը կկանգնեցնե՞ն
Ռուսական եւ նախկին սովետական երկրների հասարակությանը ցնցել է սովետական ֆիլմի լեգենդ Լյուդմիլա Գուրչենկոյի մահը: Դերասանուհին մահացել է իր բնակարանում: «Որքան էլ մեզ համար դժվար լինի, մենք պետք է հաշտվենք այդ փաստի հետ, որ Լյուդմիլա Մարկովնան այլեւս չկա: Նա անսպասելիորեն հեռացավ մեզնից:



Մահվան որեւէ կանխազգացում չկար»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել է Գուրչենկոյի ամուսինը` պրոդյուսեր Սերգեյ Սենինը: Նրա խոսքով` մահվանից րոպեներ առաջ Լյուդմիլա Գուրչենկոն հեռուստացույցով դիտել է այն շոու-ծրագիրը, որին ինքն է մասնակցել: Դա Գուրչենկոյի մասնակցությամբ վերջին նկարահանումն է, որ տեղի է ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում: «Հսկայական աշխատանք էր տարվել, ամեն ինչ հաջող էր ստացվել,  Լյուդմիլա Մարկովնան ուրախանում էր: Ցավոք, նկարահանված 12 երգերից նա միայն 2-ը հասցրեց լսել, 3-րդ երգի առաջին րոպեին մահացավ»,- պատմել է դերասանուհու ամուսինը: Նախնական տվյալների համաձայն` մահվան պատճառը սրտի կաթվածն է: Սերգեյը շտապօգնություն է զանգահարել, սակայն 20 րոպե անց ժամանած բժիշկները դերասանուհուն մահացած են գտել:



Այնուամենայնիվ, բժիշկները մոտ 30 րոպե փորձել են վերականգնել նրա սրտի աշխատանքը, սակայն ապարդյուն: «Ամեն ինչ հաշված վայրկյաններում տեղի ունեցավ, նա ընդամենը հասցրեց ասել, որ դժվարությամբ է շնչում, եւ ուշաթափվեց»,- սիրված դերասանուհու վերջին րոպեներն է նկարագրում ամուսինը: Այսօր դերասանուհու հոգեհանգստի արարողությունն է լինելու, իսկ շաբաթ օրը նրա մարմինը կհանձնեն հողին: Ռուսական մամուլում արդեն տեղեկատվություն է տարածվել, թե հնարավոր է, որ Մոսկվայում կանգնեցվի նրա արձանը: Լյուդմիլա Գուրչենկոն նկարահանվել է «Ճշմարտության ճանապարհը», «Կարնավալային գիշեր», «Կայարան երկուսի համար», «Կիթառով աղջիկը», «Հին պատեր», «Թռիչքներ երազում եւ արթմնի», «Հինգ երեկո» եւ մի շարք այլ ֆիլմերում: