Երեւանի քաղաքապետ պարոն Կարեն Կարապետյանին

Երեւանի քաղաքապետ պարոն Կարեն Կարապետյանին
Մեծարգո պարոն քաղաքապետ



Վաղուց արդեն երեւանցիներին դժվար է զարմացնել տարօրինակ եւ անհեթեթ  շինություններով, մայրաքաղաքի առանց այն էլ աղքատ կանաչ տարածքների հաշվին հազար ու մի տեսակ «օբյեկտների» շահագործումով:



Բայց այն բանին, ինչին ականատես ենք վերջին օրերին, ուղղակի ապշեցրել է Ավանի բոլոր բնակիչներին: Ավանի կենտրոնական փողոցում, թաղապետարանից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա երկհարկանի գողտրիկ մի շենք կա, որի առաջին հարկում գործում է «Հայփոստի» թիվ 60, իսկ երկրորդ հարկում՝ «ՎՏԲ-Հայաստան բանկի» բաժանմունքը, եւ որոնց ծառայություններից օգտվում են հազարավոր բնակիչներ: Այդ երկհարկանի շենքը գտնվում է մայթից 8-10 մետր խորության վրա, եւ առջեւում կանաչ տարածք է` ծաղկանոց: Եվ հիմա ինչ-որ «գործարարներ» այդ ծաղկանոցի տեղում սկսել են ինչ-որ «հասարակական նշանակության օբյեկտի» շինարարություն, այլանդակելով ոչ միայն փողոցի տեսքը, այլեւ փակելով վերոհիշյալ բաժանմունքների տեսադաշտը: Էլ չենք ասում, որ այդ ծաղկանոցն անհամեմատ ավելի մեծ հասարակական նշանակություն ունի, քան իրենց գրպանին ծառայելիք այդ տխրահռչակ օբյեկտը  (համոզված ենք, որ դա կլինի հերթական դուքանը):



Այս ամենին ամեն օր ականատես հազարավոր մարդկանց հետաքրքրում է հետեւյալը.



- ո՞վ կարող էր նման հողահատկացում կատարել,



- ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ այդ ծաղկանոցի տեղում կարելի է դուքան կառուցել (ո՞վ է այդ օբյեկտի իրական տերը),



- մինչեւ ո՞ւր կարող են հասնել մարդկային լպիրշությունը, ցինիզմը, հասարակության եւ մայրաքաղաքի շահերի ոտնահարումը,



- մինչեւ ե՞րբ կարող են անպատիժ գործել այդպիսի որոշումներ կայացնող եւ պաշտոններ զբաղեցնող դեգեներատներն ու թափթփուկները:



Մեծարգո պարոն Կարապետյան, մենք Ձեզ ճանաչում ենք որպես կիրթ, պարկեշտ, եռանդուն եւ բանիմաց պետական գործչի եւ ծանոթ ենք մեր մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատելուն նպատակաուղղված Ձեր ելույթներին եւ գործադրված ջանքերին: Խնդրում ենք Ձեզ միայն մի բան. չնայած Ձեր ծայրահեղ զբաղվածությանը՝ ժամանակ գտնել եւ գալ Ավան` սեփական աչքով տեսնելու եւ գնահատելու այս ամենը:



Ջոն ՄԱՆՈւԿՅԱՆ