Եգիպտոսում գտնվել են շների դամբարաններ

Եգիպտոսում գտնվել են շների դամբարաններ
Անապատում կատարվող պեղումների արդյունքում գտնվել են միլիոնավոր շների եւ շնագայլերի մնացորդներ, որոնցից շատերը մումիֆիկացվելուց առաջ ապրել են ընդամենը մի քանի ժամ կամ օր, գրում է zhelezyaka.com կայքը։ «Շների կատակոմբներ» անվանունը ստացած թունելները թվագրվում են մ.թ.ա. 747-730 թվականներով։ Դրանք կառուցվել են Անուբիս աստվածության պատվին, որը պատկերվում էր շնագայլի գլխով եւ համարվում էր մահացածներին հանդերձյալ աշխարհ ուղեկցողը։ Առաջին անգամ կատակոմբների մասին հիշատակվել է դեռ 19-րդ դարում, սակայն դրանք մինչեւ վերջ չէին պեղվել։ Հետազոտողները հայտնում են, որ ընդհանուր առմամբ «Շների կատակոմբներում» հայտնաբերել են ավելի քան 8 միլիոն կենդանու մնացորդներ։



Կենդանիները հատուկ բուծվում էին Մեմֆիս քաղաքի արվարձաններում, որպեսզի հետագայում վաճառվեն Անուբիսին զոհաբերվելու նպատակով։ Բացի այդ, գտնվել են «հատուկ» կենդանիներ, որոնք առանձին են թաղվել, եւ, ամենայն հավանականությամբ, կենդանության օրոք էլ ապրել են տաճարներում։ Մասնագետներից մեկն ասում է, որ չի կարելի դա զոհաբերություն անվանել, քանի որ կենդանու մումիայի նվիրաբերումն աստծուն համարվում էր մաքրագործման ակտ, եւ այդ դեպքում կենդաին հանդես էր գալիս որպես միջնորդ աստծո եւ մարդու միջեւ։ Հետազոտողները եկել են այդ եզրահանգմանը, որ «Շների կատակոմբները» Անուբիսի տաճարի ստորգետնյա մասն են կազմել։



top-news.am