Լիբիայում ընդդիմադիրները պատրաստ են դադարեցնել կրակը

Լիբիայում ընդդիմադիրները պատրաստ են դադարեցնել կրակը
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել Ջալիլն ապրիլի 1-ին հայտարարել է, որ լիբիական ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել կրակը, հայտնում է Reuters-ը։ Ջալիլը հայտարարել է, որ դրա դիմաց կառավարական ուժերը պետք է դուրս գան Լիբիայի արեւմտյան քաղաքներից, իսկ այնտեղ ապրող մարդիկ պետք է ստանան իրենց հայացքներն ազատորեն արտահայտելու հնարավորություն։ Նա պահանջել է նաեւ, որ Քադաֆիի հրավիրած բոլոր վարձկանները լքեն Լիբիան։



Ազգային անցումային խորհրդի ղեկավարը միաժամանակ ընդունել է, որ մարտական գործողությունների շարունակման դեպքում կառավարական զորքերի դեմ կռվելու համար իրենց հավելյալ զենք է անհրաժեշտ լինելու։ Կրակի անհապաղ դադարեցումը ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի պահանջներից մեկն է։ Ավելի վաղ պաշտոնական Տրիպոլին քանիցս հայտարարել էր կրակի միակողմանի դադարեցման մասին, սակայն ամեն անգամ հայտարարություններից հետո մարտական գործողությունները նոր թափով էին շարունակվում։



Մարտական գործողությունները Լիբիայում ծավալվում են փետրվարի կեսերից։ Ապստամբները վերահսկում են Լիբիայի արեւելքը եւ արեւմտյան մի շարք քաղաքներ։ Մարտի կեսերին իրավիճակին խառնվել է միջազգային հանրությունը։ Հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւի վրա, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համատեղ գործողություններ են սկսել Քադաֆիի ուժերի դեմ։ Մարտի 31-ից համատեղ գործողությունները ղեկավարում է Հյուսիսատլանտյան դաշինքը։



top-news.am