Շվեյցարահայերը դատի կտա՞ն սբ. Էջմիածնին

Շվեյցարահայերը դատի կտա՞ն սբ. Էջմիածնին
Շվեյցարիայի հայ համայնքի ու Մայր Աթոռի միջեւ լարումը հասել է գագաթնակետին: Մինչ Գարեգին Բ-ն Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-ռեյին է ներկայացնում Շվեյցարիայի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին, շվեյցարահայերը հայտարարում են, թե հնարավոր է գործընթացը տեղափոխեն իրավական հարթություն:



Մենք տեղեկացրել էինք, որ դեռ մարտի 6-ին ժնեւահայությունը «ոչ» էր ասել Ամենայն հայոց կաթողիկոսի ցանկությանը՝ եկեղեցական թեմ հիմնել Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Ժնեւի Հայ առաքելական եկեղեցու անդամական ժողովը 88 դեմ, 2 կողմ ձայներով մերժել էր թեմ հիմնելու կաթողիկոսի առաջարկը, որը պետք է գործեր Ժնեւի հայ համայնքի միջոցներով: Ժնեւահայ ոչ մեծաթիվ համայնքը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, որ եկեղեցու ներկա կարգավիճակը բավարար է, ու լրացուցիչ ծախսեր պետք չէ բարդել համայնքի ուսերին: Շվեյցարահայ համայնքում լուրեր են շրջում, թե կաթողիկոսը դժգոհ է իրենց հանգանակությունների չափից՝ ուղղված Էջմիածնին, լուրջ գումար է ակնկալում Սփյուռքից, տվյալ դեպքում՝ Շվեյցարիայից, դա է պատճառը, որ ուզում է փոխոխություն կատարել: Սփյուռքին որպես «կթու կով» օգտագործելու ձեւաչափը նոր չէ, սակայն սփյուռքահայերն անընդունելի են համարում իրենց ուղղած «դիկտատորական» ուղերձները:



Օրերս Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նամակով տեղեկացրել է Շվեյցարիայի եկեղեցու խորհրդին, որ Էջմիածնում գումարված գերագույն հոգեւոր ժողովը որոշում է կայացրել Շվեյցարիայի հայոց թեմում առաջնորդական տեղապահ կարգել Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին եւ հետ կանչել եկեղեցու ներկա հովիվ՝ Ժնեւի Սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տ. Աբել քահանա Մանուկյանին:



Մարտի 25-ի իրենց պատասխան նամակում Ժնեւի առաքելական եկեղեցու խորհուրդն «անընդունելի, անթույլատրելի ու անօրինական է» հայտարարել Էջմիածնի որոշումն ու հայտարարել, թե թույլ չի տա ներկայիս հոգեւոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին լքել հոգեւոր հոտը, ու չի պատրաստվում ընդունել կամ հրավիրել նորանշանակ թեմի առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանին: «Մենք չենք ընդունի նաեւ մեր կողմից չկանչված որեւէ այլ քահանա Ժնեւի ներկա հովիվ Աբել քահանայի փոխարեն: Մեզ հաճելի է Աբել քահանայի ծառայությունը, եւ Շվեյցարիայի առաքելական եկեղեցու հոգեւոր խորհուրդը որոշել է պահել նրան որպես հովիվ»,-հայտարարել է խորհուրդը՝ հավելելով, որ իրենց որոշումը վերջնական է, իրենք ենթարկվում են Շվեյցարիայում գործող օրենքներին ու չեն ընդունում այլ իշխանություն՝ նման որոշումների կայացման հարցում, առավել եւս՝ իրենց փոխարեն: Երեկ զրուցեցինք Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Վիգեն Վարձպետի հետ:



- Պարոն Վարձպետ, Դուք ասում եք, որ խորհրդի որոշումը վերջնական է, եւ համայնքը չի ընդունելու նոր սրբազանին՝ ով էլ լինի: Ի՞նչ է լինելու այդ պարագայում:



- Խնդիրը հետեւյալն է, մենք Շվեյցարիայի մեջ եկեղեցական ասամբլեա ունենք, որ ժողովրդից է բաղկացած, եւ մեր ժողովուրդը ոչ փափագ ունի եւ ոչ էլ հարկ է համարում, որ այստեղ նոր սրբազան կամ թեմ ունենանք: Սա արդեն 3-րդ անգամ է, որ մեր անդամներին հրավիրում ենք, ներկայացնում ենք կաթողիկոսի ուզածը՝ թեմ ստեղծելու հետ կապված, եւ ժողովուրդը չի ընդունում դա: Մենք չենք կարող դեմ գնալ համայնքին:



- Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Էջմիածինը պնդում այս հարցը:



- Մենք չգիտեինք, որ թեմ հիմնելու որոշում է եղել: Երբ Վիգեն սրբազանը այստեղ երկրորդ քահանա օծվեց, նա ասաց, որ որոշվել է, որ այստեղ թեմ լինի, եւ սա է մեր թեմի կանոնագիրը: Այդ օրվանից մեր Շվեյցարիայի համայնքը չի ընդունում այդ որոշումը: Այստեղ որոշակի անճշտություն էր եղել, ներկայացվել էր, որ 20 հազարից ավելի հայություն կա Շվեյցարիայում, ինչը սխալ է, քանի որ 5 հազարից ավելի չկա: Ինձնից առաջ եկեղեցու խորհրդի երեք նախագահ այս խնդրով զբաղվել են, ներկայացրել են համայնքի անդամներին, սակայն անդամները մերժել են:



- Փաստորեն, Էջմիածինն իրենն է պնդում, շվեյցարահայ համայնքը՝ իրենը: Էստեղ ի՞նչ լուծում է հնարավոր:



- Լուծումը չգիտեմ: Եթե կարող ենք Էջմիածնի հետ մենք լուծում գտնել, մենք պատրաստ ենք, բայց ոչ այն լուծումը, որ Վեհափառ տերը մեզ ստիպում կամ պարտադրում է, թե էսպես է, ու ժողովուրդը պետք է ընդունի: Մենք, մինչեւ որ համայնքը չընդունի, այստեղ չենք կարող իրականացնել, քանի որ ենթարկվում ենք շվեյցարական օրենքներին: Իսկ այդ օրենքով՝ եկեղեցու համայնքը պետք է նման որոշումներ կայացնի: Մեր հոգեւոր հովիվի վրա էլ ճնշում կա Էջմիածնից, թե պիտի հանենք ձեզ, եթե ժողովրդին չհամոզեք: Նման փոքր բաներ կան, բայց մեր համայնքը մեր տեր հորը հարգում եւ սիրում է, մեր 16 տարվա տեր հայրն է:



- Ներկայումս եկեղեցու հոգեւոր խորհուրդը եւ տեր հայրն ի՞նչ են պատրաստվում անել:



- Հիմա որեւէ բան չենք ձեռնարկում, որովհետեւ մենք մեր բոլոր նամակներն ուղարկել ենք, բայց, դժբախտաբար, այն նամակներին, որ մենք ենք գրում, Վեհափառն ուշադրության չի արժանացնում եւ հեռուստատեսությամբ Շվեյցարիայի նոր վարդապետին է ներկայացնում: Այդ ճնշումները մեր համայնքի վրա շատ են ազդում:



- Ասել է թե՝ հնարավոր է պառակտո՞ւմ լինի Էջմիածնի եւ համայնքի միջեւ:



- Այո, որովհետեւ Վեհափառը չի փորձում խնդիրը լուծել, հաշվի նստել համայնքի հետ, ինքը ճնշում է գործադրում: Մենք այստեղ դեմոկրատիկ երկիր ենք, չենք կարող այդ բաներն ընդունել: Ես հիմա իմ անունից չեմ ասում, այլ քաղաքի անունից, եւ գաղութն է, որ մեզ ընտրել է եւ ուզում է, որ իրենց որոշումները կատարենք:



- Իսկ ճի՞շտ է, որ պատճառը նաեւ այն է, որ Սփյուռքից Էջմիածին գնացող գումարները չեն բավարարում կաթողիկոսին կամ քիչ են, եւ գումարների հետ է կապված այս փոփոխությունը:



- Ուրեմն գումարների հետ խնդիրն ասեմ: Մենք այսօր Շվեյցարիայից նվիրատվություններով եւ ֆոնդերով, որ դեպի Հայաստան ծերանոցներ, որբանոցներ եւ եկեղեցիներ են գնում, գրեթե 3 մլն եվրոյի չափ փող է ուղարկվում Շվեյցարիայից տարեկան, բայց Էջմիածնին չի հասնում թերեւս: Իսկ մենք քանի անգամ Վեհափառի հետ երբ խոսեցինք, ասել ենք, որ մենք տարվա վերջում մեր եկեղեցու միջոցներով չենք կարողանում եկեղեցու ծախսերը փակել: Եվ եկեղեցու միջոցներից չենք կարող որեւէ բան Էջմիածնին ուղարկել:



- Ասել է թե՝ կոնկրետ պահանջ կա՞ ձեզանից` գումարի, Էջմիածնի կողմից:



- Կոնկրետ գումար դրված չէ, բայց միշտ ասում է, որ մենք Շվեյցարիայից դրամ չենք ստանում, դուք որ հարուստ մարդիկ եք, բայց Էջմիածին գումար չի գալիս: Մենք տեղի եկեղեցու ֆոնդից չենք կարողանում ուղարկել, բայց այստեղի մարդիկ իրենց ֆոնդերով գումարներ ուղարկում են դեպի Հայաստան: Բայց մենք, իբրեւ  եկեղեցական ֆոնդ, չենք կարող Էջմիածնին գումար ուղարկել, որովհետեւ մենք չենք կարողանում տեղի եկեղեցու հոգսերը հոգալ:



- Լավ, դա որքանո՞վ կապ ունի հոգեւոր հովվի փոփոխության հետ: Կապ ունի՞, թե՞ ոչ:



- Հոգեւոր հովվի փոփոխություն չկա, որովհետեւ մենք մեր տեր հորը պահում ենք եկեղեցում, եւ ժողովուրդը չի ընդունում, ում էլ որ Վեհափառն ասի, թե այստեղ տեր հայր պիտի լինի, ու այստեղ վարդապետին պիտի դնեմ: Չի ընդունում:



- Հիմա որ Մեսրոպ վարդապետը գա, իրեն չե՞ք ընդունելու:



- Այո, չենք ընդունելու եւ Վեհափառին ասել ենք, որ եթե ուղարկեք, մենք իրեն հետ ենք ուղարկելու: Ասել ենք, բայց Վեհափառն ուշադրություն չի դարձնում մեր խոսքերին: Եթե պիտի գա, պիտի գա պարապ տեղը եկեղեցում նստի, բայց չպիտի արտոնենք, որ աղոթի կամ քարոզի, որովհետեւ ժողովուրդը չի ընդունել: Մենք ժողովրդական ենք:



- Նաեւ կաթողիկոսը պահանջել էր, որ ներկա հովիվ Աբել քահանա Մանուկյանը մինչեւ ապրիլի 1-ը գա ու ներկայանա իրեն: Եկե՞լ է Հայաստան:



- Տեր հայրը չկարողացավ այստեղ թողնել-գալ, որովհետեւ այս խնդիրներով գաղութում իրար անցած վիճակում են: Բոլոր ժողովուրդը, որ մենք կարողացել էինք եկեղեցուն մոտեցնել, այս խնդիրների պատճառով համարյա հեռանում է: Տեր հայրը ստիպված է այստեղ մնալ:



- Սա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի եւ շվեյցարահայ համայնքի կապերի վրա:



- Չգիտեմ: Մենք գիտենք, որ մենք Շվեյցարիայում միշտ ուզում ենք դեպի Էջմիածին կապված լինել, որովհետեւ մեր մայր եկեղեցին է, բայց այս ծանր բաները, որ Վեհափառը մեր ժողովրդին է ստիպում, դա է, որ շատ դժվար է մեր համայնքն ընդունում:



- Իսկ մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է կաթողիկոսը կարգալույծ անի ձեր քահանային:



- Կարգալույծ անելու համար, կարծեմ, պետք է որ եկեղեցական օրենքներով շատ մեծ սխալ անի տեր հայրը՝ որեւէ բան խոսի մեր կրոնի դեմ կամ ոչ ճիշտ քայլ անի կրոնի դեմ: Մինչեւ որ կրոնի դեմ մեր տեր հայրը որեւէ բան չի արել, չեմ կարծում, որ Վեհափառն ինչ-որ բան գտնի, որ կարգալույծ անի մեր տեր հորը: Դա եկեղեցական օրենքների մեջ է գրված: