Մեկօրյա բուժիչ հացադուլներ

Մեկօրյա բուժիչ հացադուլներ
Արդեն մի քանի օր խոսվում էր այն մասին, թե մի խումբ մտավորականներ նախաձեռնում են Ազատության հրապարակում անցկացնել հացադուլ, «լուռ ակցիա»: Որ երեք-երեք մտավորականներ, օրը մեկ փոխարինելով իրար, նստելու են Ազատության հրապարակում՝ իբրեւ բողոքի նշան:



Մտավորականներն ասում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն իրենց հասկացրել է, որ երկրում ինչ-որ բան այն չէ,  որ մեզանում բարոյական արժեքները խիստ վտանգված են եւ այլն, եւ այլն: Ուստի որոշել են տագնապ հնչեցնել «հասարակական բարոյականության արժեզրկման» համար:



Եվ այսպես, «մի խումբ» մտավորականների առաջին երեք ծիծեռնակներն այսօր հայտնվելու են Ազատության հրապարակում: Առաջին երկուսը լինելու են պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, իսկ երրորդը՝ հավանաբար ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ակցիան որեւէ կապ չունի «Ժառանգության» հետ, ավելի ճիշտ՝ կապ ունի այնքանով, որ դրանք այն մտավորականներն են, ովքեր հացադուլի ընթացքում զորակցել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Երեկ մեզ հետ զրույցում այս մասին ասաց Լարիսա Ալավերդյանը: Նա վստահեցրեց՝ քանի որ ինքն է ամենաշատը հացադուլի 15 օրերին եղել Ազատության հրապարակում, այդ մարդիկ՝ մտավորականները, դիմել են իրեն՝ խնդրելով համակարգել ակցիան, գրանցել մասնակիցներին եւ ակցիային մասնակցելու գրաֆիկ կազմել: Սակայն ինչքան էլ հարցուփորձ արեցինք, այդպես էլ չկարողացանք իմանալ, թե քանի մարդ է ընդգրկված մտավորականների այս խմբում եւ ովքեր են: Տիկին Ալավերդյանը միայն վստահեցրեց՝ «շատ են», բայց, չգիտես ինչու, վերոնշյալ երեք անձից բացի՝ միայն Նանա Զարուբյանի անունը նշվեց:



«Այստեղ խնդիրն այն չէ՝ հացադուլ կլինի, թե չէ, պարզապես ուզում ենք մինչեւ անգամ ոչ ակտիվ գործողություններով լսելի դարձնենք մեր իշխանությանն այս խնդիրների ոչ թե առկայության, այլ նրանց լուծելի դարձնելու անհրաժեշտության մասին»,-ասաց Ալավերդյանը՝ հավելելով. «Կարծես իմ վրա է ընկել առաջին այս քայլերի գոնե ինչ-որ ձեւով իրար կապելը կամ համակարգելը: Բայց այսօր-վաղը այդ խնդիրը բացարձակապես ինձնից պետք է հեռացնեմ, որովհետեւ նախեւառաջ ես բացակայելու եմ քաղաքից, եւ պատգամավորական աշխատանքներն են շատ»:



Ըստ Հրանուշ Խառատյանի, ով նույնպես պատրաստակամություն է հայտնել մեկօրյա հացադուլ անել, ակցիան «սիմվոլիկ է լինելու»: «Դա քաղաքական ազդեցություն քաղաքական գործընթացների վրա չի ունենալու եւ այդպիսի նպատակ չի էլ հետապնդում: Նպատակը նա է, որ ցույց տա՝ իսկապես մտավորականները մտահոգված են արժեզրկման տեմպերով, մեզանում բարոյական արժեքները խիստ վտանգված են»: Խառատյանի կարծիքով՝ առհասարակ ինչքան մարդ, քաղաքացի միանա ակցիային, այնքան կխտանա դրա հանդեպ ուշադրությունը: Ի դեպ, տիկին Խառատյանը եւս չկարողացավ մտաբերել ակցիային մասնակցող թեկուզ մեկ մտավորականի անուն, ասաց, որ ակցիայի ակտիվ կազմակերպիչներից է Լարիսա Ալավերդյանը, իսկ ինքը պարզապես նրանցից մեկն է:



«Հիմա գոլորշի բաց թողնել պետք չէ, ընդհակառակը՝ պետք է բավական մեծ զանգված հավաքել: Ես իսկապես չգիտեմ երեք հոգով նստելու իմաստը, ես հարգում եմ մարդկանց, եթե իրենք գան ու նստեն գիշեր-ցերեկ, բայց...»,-մեզ հետ զրույցում նշեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով, ի դեպ, գրեթե ամեն օր այցելել է հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, այսինքն՝ ամուր զորակցել է նրան: «Պետք է ոչ թե երեք հոգի, այլ երեք հարյուր եւ 3 հարյուր հազար հավաքվենք: Երեք-երեք ի՞նչ ենք անելու»: Խզմալյանը չի բացառում, որ դա կարող է արդյունք տալ, բայց իր համար դա անիմաստ քայլ է: «Թույլատրված եւ վերեւից խրախուսվող ակցիաներին ես չեմ մասնակցում: Ես նստեցի այն օրերին, նկատի ունեմ Րաֆֆիի հացադուլի առաջին գիշերը, երբ վտանգ կար, որ ոստիկանությունը կարող է ցանկացած պահին... Իսկ հիմա, երբ թույլատրելի է, երբ խորհրդարանի նախագահն է արդեն հայտնվում եւ մի օր էլ կարող է գա-նստի եւ զորակցություն հայտնի... Իմ տեղն այնտեղ չէ»: Նրա խոսքով, երբ ակցիան թույլատրվում է, դառնում է ուղղակի ժամանց, կարելի է նստել-սուրճ խմել, բողոքել, իրար տեսնել եւ այլն: Զրուցեցինք նաեւ դերասան Երվանդ Մանարյանի հետ, ով նույնպես զորակցել էր պարոն Հովհաննիսյանին եւ միացել մտավորականների՝ հացադուլը դադարեցնելու կոչին: «Չեմ հասկանում այդ նախաձեռնությունն ինչի համար է՝ մանր-մունր բաներ, քայլեր: Երեք հոգի գնանք-նստենք այնտեղ, էսօր առավոտվանից հաց չենք ուտելու: Է, մի կերեք, մի օրվա հացադուլն ի՞նչ ասել է հացադուլ....»,- ասաց Մանարյանը:



«Էդ սիմվոլների ժամանակն անցավ արդեն, եթե մենք ուզում ենք լուրջ գործ անենք, լրջորեն ուզում ենք մեր երկիրը, մեր հասարակությանը տեղից շարժել, էդ մանր-մունր նախշերը ոչ ոքի պետք չեն: Չեմ կարծում, որ բարոյական կողմից ինչ-որ բան արած կլինեն: Չեմ հավատում: Եթե մենք ունենք մեծ շարժում, 100 հազարանոց, բայց մենք կողքից մանր-մունր քայլեր ենք անում, որ էդ շարժումը փոքրանա...»,-ասաց ու հավելեց, որ իրեն դիմել են մասնակցելու առաջարկով, բայց ինքը հրաժարվել է: «Դիմողները, կարծում եմ, «Ժառանգություն» կուսակցության անդամներից էին, այդպես եմ ենթադրում»,-ասաց Մանարյանը: