Զուռնա-դհոլով խնդիրները չեն լուծվի

Զուռնա-դհոլով խնդիրները չեն լուծվի
Հայ ժողովուրդն աննախադեպ օրեր է ապրում, թերեւս ամենադժվար ժամանակները, երբ կարծես ամեն ինչն է մտահոգիչ: Բայց ամենակարեւորն այն շիկացած եւ անառողջ մթնոլորտն է, որի մեջ մենք ապրում ենք, եւ որին շատ անուններ կարող ես տալ, բայց միեւնույն ժամանակ ոչ մի անուն էլ չես կարող տալ: Դա այն օդն է, որն անհապաղ ամբողջապես պետք է փոխվի:



...Պատճառները հեռվից են գալիս, եւ մանրուքներն են դարձել բոլոր մեծ խնդիրների պատճառը: Ճարտարապետական լեզվով փորձեմ բացատրել: Ժամանակին յուրաքանչյուր քաղաքացու թվում էր, թե իր տան աստիճանն իր շեմից 30 սմ դուրս բերեց, ապա ոչ մեկին չի խանգարի, կամ՝ մեր խանութների տերերն իրենց տարածքները ծավալելով, երբ փողոցներ փակեցին, փչացրեցին դրանք, ամեն մեկին թվաց, թե ինչ է, մի քիչ, փոքր մի բան է, չմտածելով, որ դա կդառնա խնդիր: Եվ այդպես օր օրի հող ստեղծվեց արդեն շենքերից, շինություններից հետո տանիքների, մինչեւ պողոտայի աղավաղման... Հիմա արդեն ասելիքները վերածվել են հայհոյանքների, որով  լցված է մեր ողջ մթնոլորտը: Իհարկե, ժամանակի ընթացքում ճարպիկները գտնվեցին, ամեն ինչի բացատրությունը գտան, բայց դա այսօր անգամ ծիծաղելի է: Բոլորն աշխատեցին պատասխաններ տալ, բայց ոչ մեկն այդպես էլ պատասխան չտվեց: Կանխեք այդ ամենը: Երկրում բոլոր ասպարեզներում են նախաձեռնությունները ժամանակավրեպ:



Պրոցեսներ են կազմակերպվում՝ առանց հասկանալու եւ վերլուծելու դրանց էությունը, կամ էլ միակողմանի բացատրություններ են լինում՝ սկսած հացադուլից մինչեւ քաղաքական որոշումներ: Ամեն մեկի խելքին ինչ փչում, դա էլ անում է, բայց երբեք իրերի խորության մեջ չեն մտնում: Հիմա էլ սկսել են գյուղատնտեսության ծրագիր մշակել: Ավտոտեսչությունն իր համար է ծրագիր մշակում, կառավարությունը՝ իր համար, մեկն ասում է՝ «Արի տուն...», մյուսն ասում է՝ գնա տուն... Սրանք ուղղակի միջոցառումներ են՝ նման մեր ոչ վաղ անցյալի հնգամյակներին... Կառավարության բոլոր աշխատողներին ուղարկում են գյուղեր՝ ի՞նչ պիտի լինի: Կուղարկեն գյուղ, հետո հետ կգան նորից Երեւան՝ առանց որեւէ օգուտ տալու: Ասել կուզեմ՝ խորը խնդիրները զուռնա-դհոլով չեն լուծվի: Մտածել է պետք:



Համլետ ԽԱՉԱՏՐՅԱՆ



Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ