Ֆրանսիացի պատգամավորն ակնարկել է նաեւ արցախցիներին

Ֆրանսիացի  պատգամավորն ակնարկել է նաեւ արցախցիներին
Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր, Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Ռընե Ռուքեն տեղական քաղաքային մամուլում «Ժողովուրդների գարուն» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ աջակցություն է հայտնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:



«Արաբական ժողովուրդների կողմից իրենց ազատության համար մղվող պայքարի շուրջ վերջին շաբաթների իրադարձությունները թույլ են տալիս բազմաթիվ դասեր քաղել: Դա շարժում է՝ հանուն ազատության, որի ճակատագիրը որոշվում է հենց մեր աչքերի առջեւ, մեզ հիշեցնում է ժողովուրդների ձգտումները հասկանալու եւ  հարգելու անհրաժեշտության մասին, քանի որ ժողովրդավարության ձգտումը համամարդկային արժեք է հանդիսանում աշխարհի բոլոր ծայրերում,- գրել է նա։- Այս կապակցությամբ, թույլ տվեք հիշեցնել աշխարհի մեկ այլ տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասին, ովքեր խիզախորեն պայքարում են Ադրբեջանի դեմ, որը փորձում է բռնի կերպով ճնշել մեզ բարեկամ այս ժողովրդի՝ հարազատ հողում, սեփական հանրապետության մեջ ազատ ապրելու կամքը»: Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ քաղաքապետ Ռընե Ռուքեն հոդվածում նշել է, որ «այսօր՝ անպատիժ մնացած Հայոց ցեղասպանությունից 95 տարի հետո, ավելի քան երբեւէ  վերահաստատում է հայերի ինքնորոշման անքակտելի իրավունքը», եւ իր երկրին ու ֆրանսիական դիվանագիտությանը կոչ է արել հարգել «տեւական խաղաղության ձգտող եւ դրան հասնելու համար հերոսաբար պայքարող ժողովուրդներին»:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ